Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում հանրաքվեի պատճառով հետապնդում են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին


  
դիտումներ: 557

Ղազախում ադրբեջանական ոստիկանությունը հետապնդում է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներին Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելուն ուղղված հանրաքվեի դեմ «Հանրապետություն» ագիտացիոն խմբի գրանցման համար ստորագրահավաքի անցկացմանը խոչընդոտելու նպատակով:

Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է «Մուսավաթ»-ի շրջանային կազմակերպության ղեկավար Իլղար Մուստաֆաևը:

Ըստ տեղեկության` ստորագրահավաք իրականացնող մուսավաթականները հարձակման են ենթարկվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ովքեր խլում են ստորագրված թղթերը:

Ըստ Իլղար Մուստաֆաևի` դա տեղի իշխանությունների թույլտվությամբ է իրականացվում, ովքեր ճնշում են նաև այդ թղթերը ստորագրողներին: «Նրանց անվանում են նախագահի թշնամիներ` ներկայացնելով որպես ժողովրդի թշնամիներ և դավաճաններ»,- նշել է ընդդիմադիրը:

Վերջինս հավելել է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում ստորագրահավաք իրականացնող որոշ անձինք պարզապես անհետացել են, և նրանց մասին տեղեկություն չկա:

Սահմանադրական փոփոխությունների նպատակով հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 26-ին: Մինչ այդ կգործեն «կողմ», «դեմ» ագիտացիոն խմբեր: Խմբի գրանցման համար անհրաժեշտ է 40 հազար ստորագրություն: Մինչ օրս նման քանակությամբ ստորագրություններ է հավաքել միայն իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: