Մեր չեմպիոնները չպետք է կրկնեն Արմեն Նազարյանի մարզական ուղին. Նիկոլ Փաշինյան
«1. Հարգանքներիս հավաստիքը եւ շնորհավորանքներս 21-ամյա ծանրորդ Գոռ Մինասյանին, ով Ռիոյում արծաթ նվաճեց: Մեր ծանրորդների նվաճումները ցույց են տալիս, որ հայկական ծանրամարտի երբեմնի փառքը վերականգնելու բոլոր նախադրյալները առկա են: Անելիքը կառավարությանն է, որը պետք է պատշաճ պայմաններ ապահովի մեր չեմպիոնների հետագա կարիերայի համար:
2. Այս դժվար իրավիճակում պետք է ազգովի սատարենք մեր չեմպիոն Միհրան Հարությունյանին՝ աղաղակող անարդարության շոկը հնարավորինս արագ հաղթահարելու համար: Ակնհայտ է, որ նա աշխարհում թիվ 1-ն է իր քաշային կարգում:
3. Արթուր Ալեքսանյանի ծառայությունները պետության եւ ժողովրդի առաջ պետք է արժանանան պատշաճ գնահատանքի: Նա արժանի է պետական ամենաբարձր պարգեւների:
4. Անհրաժեշտ է ամեն ինչ անել այլ պետությունների դրոշի ներքո հանդես եկած հայ չեմպիոնների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Իսկ որ մեր չեմպիոնները չպետք է կրկնեն Արմեն Նազարյանի մարզական ուղին, նույնիսկ ավելորդ է քննարկել:
Եւ ի վերջո՝ շնորհավորում եմ Հայ ժողովրդին պատմական եւ փառահեղ հաղթանակների կապակցությամբ: Կեցցե՛ն մեր մարզիկները եւ նրանց մարզիչները, որ վերականգնում են մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ:)»
Նշենք, որ Անկախ Հայաստանի պատմության մեջ արաջին ոսկե մեդալը նվաճող Արմեն Նազարյանը տեղափոխվել է Բուլղարիա 1997 թվականին և ստացել քաղաքացիություն։ Բուլղարիայի դրոշի տակ հանդես գալով՝ Նազարյանը կարողանում է կրկին անգամ օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալ Սիդնեյի 2000 թ. օլիմպիական խաղերում։