Հայերեն   English   Русский  

​ՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ


  
դիտումներ: 8521

Եվրոպական որևէ այլ երկիր թերևս այնքան հյուրընկալ չի եղել հայության նկատմամբ, որքան Ֆրանսիան: Իսկ հայերը Ֆրանսիայի տարածքում հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրների հավաստմամբ՝ 591 թ. հայազգի ոմն Սիմեոն եպիսկոպոս հյուրընկալվել է Տուր քաղաքի եկեղեցում: Այս փաստը վկայում է, որ այնտեղ բազմամարդ հայկական գաղութ է եղել:

Եվրոպական որևէ այլ երկիր թերևս այնքան հյուրընկալ չի եղել հայության նկատմամբ, որքան Ֆրանսիան: Իսկ հայերը Ֆրանսիայի տարածքում հայտնվել են դեռ վաղ միջնադարում: Աղբյուրների հավաստմամբ՝ 591 թ. հայազգի ոմն Սիմեոն եպիսկոպոս հյուրընկալվել է Տուր քաղաքի եկեղեցում: Այս փաստը վկայում է, որ այնտեղ բազմամարդ հայկական գաղութ է եղել:

Բայց ներկայիս Ֆրանսիայի տարածքում հայկական հոծ համայնք հաստատվեց, երբ ֆրանսիական թագավորության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև հաստատվեցին սերտ դիվանագիտական հարաբերություններ:

Ֆրանսիացի ասպետները դեռևս XI դարից հաստատվեցին հայոց պետության տարածքում: Հայոց արքաները ծառայության դիմաց նրանց հողեր և արտոնություններ շնորհեցին: Հայկական շատ ազնվական տներ խնամիական հարաբերություններ հաստատեցին ֆրանկ ասպետների հետ: Իսկ XIV դարում հայոց գահին հաստատվեց ֆրանսիական ծագմամբ Լուսինյանների արքայատոհմը. Լուսինյանները նույն ժամանակամիջոցում իշխում էին նաև Կիպրոսի թագավորությունում:

Մի վարկածի համաձայն, ֆրանսիական արքայական Վալուաների տոհմն էլ հայկական արմատներ ունի:

Որոշ ժամանակ Ֆրանսիայում է գործել հայ անվանի քաղաքական գործիչ Իսրայել Օրին: Լինելով հաջողակ առևտրական՝ նա զբաղվում էր ֆրանսիական բանակի մատակարարմամբ. ֆրանսիական բանակի հանդերձավորման ու պարենավորման մենաշնորհը Իսրայել Օրունն էր:

Ուշ միջնադարյան Ֆրանսիայում գործել են շատ հայ անվանի ռազմական գործիչներ: Բավական է միայն թվել Նապոլեոնի բանակի հայ գործիչներին՝ Մյուրատին, Ռոստոմին:

XIX դարավերջից սկսած ստվարացավ հայերի հոսքը դեպի Ֆրանսիա: Մանավանդ եղեռնից հետո Ֆրանսիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որ հյուրընկալեց հայությանը: Այժմ Ֆրանսիայում գրեթե մեկ միլիոն հայ է բնակվում:

Հայ-ֆրանսիական միջպետական, դիվանագիտական հարաբերությունների ֆոնին տեղին է նշել Հայաստանի առաջին Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև հաստատված բարեկամական հարաբերությունները, քանզի Հայաստանը Անտանտի դաշնակից երկրներից էր: Արևելքում կռվող ֆրանսիական զորքերի կազմում բացառապես հայերից ձևավորվեց Արևելյան լեգեոնը, որն աչքի ընկավ Օսմանյան Թուրքիայի դեմ մղվող պատերազմում՝ փայլելով հատկապես Արարայի ճակատամարտում:

Մինչ այդ Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ հայությունը փրկվեց ֆրանսիական «Գիշեն» ռազմանավի շնորհիվ: Ռազմանավի հրամանատարությունը, տեսնելով Մուսա լեռան գագաթին ծածանվող, օգնություն կանչող դրոշը, հրետանային կրակ բացեց թուրքերի դիրքերի ուղղությամբ և տարհանելով պաշարված հայությանը Մուսա լեռից՝ տեղափոխեց Ֆրանսիա:

Սակայն միշտ չէ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրել: 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով Ֆրանսիային անցավ Կիլիկիայի տարածքը, և հայությունն այնտեղ Ֆրանսիայի հովանու ներքո ազգային պետականություն ստեղծելու քայլեր ձեռնարկեց: Սակայն Ֆրանսիայի կառավարության նենգ ու դավաճան քաղաքականության հետևանքով ոչ միայն վիժեցվեց Կիլիկիայում ազգային պետության ստեղծման գործընթացը, այլև կիլիկիահայությունը երկրորդ անգամ ենթարկվեց եղեռնի և տեղահանության: Ֆրանսիայի կառավարությունը լուծարեց Արևելյան լեգեոնը, զինաթափեց հայկական ռազմական միավորներն ու Կիլիկիայի տարածքը ծախեց թուրքերին:

Հայությունը միշտ ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի ոչ միայն հասարակական-քաղաքական կյանքին, այլև՝ երկրի պաշտպանությանը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում՝ Փարիզի մատույցներում, հայկական պարտիզանական երկու գումարտակ էր կռվում: Հայ պարտիզանների առաջնորդ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է:

Ֆրանսիան ձգել է նաև հայ մշակույթի գործիչներին: XIV դարում Ֆրանսիայի Պուատյե քաղաքում է հաստատվել Կիլիկիայի հայոց թագավորության հզորագույն իշխաններից մեկի՝ Օշին պայլի որդին՝ Հեթում պատմիչը, որի ֆրանսերեն գրված «Պատմություն թաթարաց» աշխատությունը Եվրոպայում Մարկո Պոլոյի ճանապարհորդական ուղեգրություններից հետո ամենաշատ հրատարակված գործն է: Հենց Պուատյեում Հեթում պատմիչը շարադրեց իր նշանավոր «Պատմություն քրոնիկոնի» աշխատությունը, որում անդրադարձել է նաև ֆրանկների պետությանը, մասնավորապես՝ Կարոլինգների, Մերովինգների դինաստիաներին:

Ֆրանսիայում հայկական տպարաններ ու հրատարակչություններ են գործել: 1855 թ. Փարիզում լույս տեսան «Արևելք» և «Մասյաց աղավնի» պարբերականները: Մինչ օրս Ֆրանսիայում լույս են տեսել ավելի քան 200 հայկական պարբերականներ, որոնց զգալի մասը, սակայն, կուսակցական, հիմնականում՝ դաշնակցական պարբերականներ են: Իսկ 1846 թ. Փարիզում Մխիթարյան միաբանության գործիչները բացեցին առաջին հայկական ուսումնական հաստատությունը՝ Սամուել-Մուրադ վարժարանը:

Ֆրանսիայի կառավարության որոշմամբ՝ հայերենը Ֆրանսիայում առաջին կարգի օտար լեզվի կարգավիճակ ունի:

Հայ մշակույթի գործիչներից տարբեր ժամանակներում Ֆրանսիայում են ապրել և ստեղծագործել Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Արշակ Չոպանյանը, նկարիչներ Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գիտնականներ Նիկողայոս Ադոնցը, Զատիկ Խանզադյանը և ուրիշներ:

Ֆրանսահայերի շրջանում շատ են կաթոլիկ և ավետարանչական եկեղեցու հետևորդները: Այստեղ, սակայն, գերակշռողը առաքելադավան հայությունն է: 1902 թ. հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ջանքերով Փարիզում կառուցվեց առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Հովհաննես Մկրտիչը: Այժմ Ֆրանսիայում գործում է 25 առաքելական եկեղեցի:

Հայերը մեծ դեր են ունեցել Ֆրանսիայի մշակույթի, քաղաքական կայնքում, տվել են գործիչներ, որոնց համբավը դուրս է եկել Ֆրանսիայի սահմաններից և տարածվել աշխարհով մեկ: Ահավասիկ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր, գրող, ակադեմիկոս Անրի Թրուայա, նկարիչներ Ժանսեմ, Գառզու, երգահաններ Միշել Լեգրան, Պատրիկ Ֆիորի և Ժորժ Կառվարենց, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյ, գյուտարար, արհեստական ադամանդի ստեղծող Հրանտ Ճևահիրճյան, քաղաքական, պետական գործիչ Պատրիկ Դևեջյան: Մարզական ասպարեզում աչքի են ընկել ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ Յուրի Ջորկաևֆը, Ալեն Պողոսյանը, ավտոռալլիի վարպետ Ալեն Պռոստը, որ ավարտեց իր կարիերան՝ շահելով 50 Գրան-պրի մրցանակ՝ չգերազանցված ռեկորդ մինչ օրս:

Այժմ Ֆրանսիայում գործում են բազում դպրոցներ, կրթական այլ հաստատություններ, մշակութային միություններ, թանգարաններ, բարեգործական ընկերություններ, եկեղեցիներ, հայկական ռադիոժամեր և հեռուստաալիքներ: Ֆրասիայում այժմ գործող հայկական կազմակերպությունների թիվն անցնում է 5 հարյուրը: Ֆրանսիական շատ տեղանուններ անվանակոչված են հայկական անուններով, Ֆրանսիայի շատ քաղաքներ համագործակցում են հայաստանյան քաղաքների հետ որպես քույր քաղաքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: