Հայերեն   English   Русский  

​Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն է. ինքը՝ հերոս, կրծքին` հերոս


  
դիտումներ: 3991

Օգոստոսի 21-ին Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Դրանք այլևս պատմություն են: Այդ պատմության մեջ ոսկե տառերով կգրվի Արթուր Ալեքսանյանի անունը, որը 20 տարի ընդմիջումից հետո Հայաստանին պարգևեց ոսկե մեդալ՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Արթուրի շնորհիվ աշխարհի համայն հայությունն ապրեց հպարտության, բերկրանքի և երջանկության աննկարագրելի պահեր:

Հայկական պատվիրակությունը Ռիո մեկնեց Հայաստանի համար ռեկորդային՝ 33 մարզիկով, որոնցից, սակայն, 31-ը մասնակցեցին ամառային 31-րդ օլիմպիական խաղերին: Վնասվածքի պատճառով ելույթ չունեցավ լողորդ Մոնիկա Վասիլյանը, իսկ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, որ նույնպես վնասվածք ուներ (դեռևս հայտնի չէ, թե ինչու), ընդհանրապես բացակայում էր հայտացուցակից:

Օլիմպիական խաղերին մասնակցած 31 մարզիկներից 4-ին հաջողվեց մեդալ նվաճել: Ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճեց 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշներն ու ծանրամարտիկները:

Մեր մարզիկներից սպասումները, անշուշտ, ավելին էին: Ցավոք, եղան անսպասելի վնասվածքներ, սայթաքումներ, նույնիսկ մեզնից մեդալ խլեցին:

Մեդալակիրները. Արթուր Ալեքսանյան

Հայաստանի օլիմպիական պատմության նոր էջը բացվեց 1996 թ., երբ Ատլանտայի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանի հաղթանակի պատվին առաջին անգամ հնչեց Հայաստանի օրհներգը:

20 տարի անց Ռիոյում օլիմպիական բաղձալի ոսկին նվաճեց Արթուր Ալեքսանյանը:

Սպիտակ արջը 1/8 եզրափակչում 5:2 հաշվով պարտության մատնեց իտալացի Դիագրո Տիմոնչինիին, քառորդ եզրափակչում՝ 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց Ռումինիան ներկայացնող Ալեն Չիուրարուին, կիսաեզրափակչում, 4:0 հաշվով՝ թուրք Իլդեմ Չենկին:

Եզրափակչում Արթուրը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Լուգո Կարբերայի նկատմամբ և անկախ Հայաստանի պատմության մեջ, 20 տարվա ընդմիջումից հետո ոսկե մեդալ նվաճեց:

Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի չեմպիոնն ու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Ռիոյում իր նվաճումներին ավելացրեց ամենակարևոր ու նշանակալի մեդալը՝ օլիմպիական ոսկին։

Պարգևատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը բացառիկ հարգանքի արժանի քայլ կատարեց: Օլիմպիական ոսկին ստանալուց հետո նա հագել էր շապիկ, որին դաջված էր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:

Արթուր Ալեքսանյանը նշեց, որ հաղթանակը նվիրում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին. «Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ եթե չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին»:

Գյումրեցի ըմբիշը, ոսկե մեդալ նվաճելով, դարձավ Հայաստանի պատմության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Այս ոսկին 2-րդն է անկախ Հայաստանի պատմության մեջ:

Արթուրի շնորհիվ և նրա հաղթանակի պատվին Ռիոյում ծածանվեց եռագույնն ու հնչեց հայոց օրհներգը: Հպարտության և բերկրանքի այդ րոպեն ընդմիշտ կմնա յուրաքանչյուր հայի սրտում:

Միհրան Հարությունյան

Միհրան Հարությունյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում մենք կարող էինք ևս մեկ ոսկե մեդալ ունենալ, սակայն մրցավարների ակնհայտ կողմնակալության հետևանքով 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին բաժին հասավ միայն արծաթը:

Մինչև եզրափակիչ հասնելը Միհրան Հարությունյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ էր տարել եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ, քառորդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր Հարավային Կորեան ներկայացնող Յու Հանսուին, իսկ կիսաեզրափակչում՝ 3:1 հաշվով ադրբեջանցի Ռասուլ Չունաևին:

Եզրափակչում նա «պարտվեց» Սերբիան ներկայացնող Դավոր Շտեֆանեկին՝ Ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի հայրենակցին:

Գրեթե ողջ գոտեմարտի ընթացքում Միհրանը հաղթում էր 1:0 հաշվով, սակայն մրցավարները նրա գործողություններում պասիվություն արձանագրեցին և 1 միավոր տվեցին սերբին՝ խլելով հայ մարզիկի ոսկին:

Շտեֆանեկը նույնիսկ չէր խուսափում Միհրանի մատներն արգելված հնարքներով ցավեցնելուց: Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը մրցավարի փոխարեն զգուշացրեց մրցակցին, քանի որ մրցավարը կարծես չէր տեսնում, ավելի ճիշտ՝ չտեսնելու էր տալիս, իսկ նրա կայացրած որոշումներն առնվազն զավեշտալի էին:

Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հաղթեց սերբ մարզիկը, քանի որ վերջինը նա էր միավոր վաստակել:

Հետագայում մամուլում տարածվեցին տեղեկություններ, ըստ որոնց տեղի ունեցածը Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլու անձնական հաշվեհարդարն էր Միհրանի հետ: Արդարությունը վերականգնելու նպատակով Change.org կայքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին ուղղված բաց նամակ գրվեց և սկվեց ստորագրահավաք, որի տակ ստորագրած մարդիկ պահանջում են 31-րդ օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտում 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչել հայ մարզիկ Միհրան Հարությունյանին: Ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 30 000 մարդ:

Խաղերից հետո Միհրան Հարությունյանը հանդես է եկել գրառմամբ.

«Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել այն մարդկանց, որոնք արտահայտեցին իրենց կարծիքը Ռիոյի օլիմպիական խաղերում իմ եզրափակիչ գոտեմարտի մասին։

Շնորհակալ եմ ձեր անհավանական աջակցության համար։ Ես հսկայական օժանդակություն եմ զգում իմ ժողովրդի, ողջ աշխարհի մարդկանց կողմից, որոնք տարբեր ազգությունների են և տարբեր կրոններ են դավանում։

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ կյանքում երազում է իր երկրի դրոշը բարձրացնելու պահի և օրհներգի հնչյունների ներքո օլիմպիական պատվանդանին բարձրանալու մասին. ես բացառություն չեմ։

Դեպի Ռիո տանող ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ են եղել, բայց որքան էլ ցավալի ու վիրավորական էր, համբերություն եմ ունեցել ոչինչ չձեռնարկել այդ առիթով, որովհետև Ռիո 2016-ի սպասումների մեջ էի։ Հույս ունեի, թե անարդարության ժամանակը վաղ թե ուշ անցյալում կմնա։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, ու ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից։

Մի՞թե մարզական աշխարհը աչք կփակի նաև այս հանցագործության հանդեպ։ Անարդարությունը միայն իմ հանդեպ չի եղել. շատերն են զրկվել իրենց արժանի պարգևներից»։

Ռիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Մարտինո Նոբրեն երդվեց. «Բոլոր մրցավարների և պաշտոնական անձանց անունից խոստանում եմ, որ մենք մեր պարտականությունները այս օլիմպիական խաղերում կկատարենք լիակատար անկողմնակալությամբ, հարգելով ու պահպանելով կանոնները»: Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտում ամբողջ աշխարհը տեսավ, որ այդ ամենը ձևականություն է:

Քանի դեռ մրցավարներն ու միջազգային ֆեդերացիան գործում են կողմնակալության սահմաններում, սպորտը չի կարող ազատվել անարդարությունից:

Բոլոր հայերի և մարզաձևից հասկացողների համար Միհրանի արծաթե մեդալը ոսկու գին ունի: Ռիոյի ամառային 31-րդ խաղերում նա փառահեղ և տպավորիչ գոտեմարտեր անցկացրեց:

Սիմոն Մարտիրոսյան և Գոռ Մինասյան

Ծանրամարտից առաջին մեդալը և ընդհանրապես այս օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 2014 թվականի ամառային երիտասարդական օլիմպիական խաղերի չեմպիոն, 2016 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը: 19-ամյա մարզիկը փայլեց իր վարպետությամբ ու հանդարտությամբ և երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր՝ Հայաստանի համար բացելով մեդալների հաշվարկը:

Ռիո 2016-ում Հայաստանի օլիմպիական հավաքականի վերջին մեդալը նվաճեց +105 կգ քաշային ծանրորդ, 21-ամյա Գոռ Մինասյանը: Գյումրեցի մարզիկը արծաթե մեդալը նվաճեց երկամարտի 451 կգ արդյունքով:

Ուրախալի է, որ մեր մարզիկները դեռ երիտասարդ են, սպորտում դեռ շատ ասելիք և ապագայի շատ հեռանկարներ ունեն:

Հուրի Գեբեշյանի պատմական ելույթը

Հուրի Գեբեշյանը Հայաստանի պատմության մեջ առաջինն էր, ով օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացրեց սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարում:

Գեբեշյանը հանդես եկավ բազմամարտի մրցումներում: Նրան չհաջողվեց հաղթահարել որակավորման փուլը և դուրս գալ եզրափակիչ, բայց մեր մարզուհին անսխալ կատարեց իր հորինած էլեմենտը, որը մինչ այժմ չկար մարմնամարզությունում: Զուգափայտի վրա Գեբեշյանի 360 աստիճան պտույտով հնարքը կստանա «Գեբեշյան» անվանումը:

Արդյունքների ամփոփում, մեդալների ընդհանուր հաշվարկ

Օգոստոսի 21-ին Ռիոյի Մարականա մարզադաշտում կայացավ ամառային 31-րդ օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: 17 օր ականատես եղանք անկրկնելի պահերի՝ հաղթանակների, մարդկային ուժի և կամքի դրսևորման, ինչպես նաև պարտությունների ու հիասթափությունների:

31 մարզիկով ելույթ ունեցած Հայաստանի հավաքականը բավարարվեց 4 մեդալով՝ նվաճելով 2-ական մեդալ ըմբշամարտում և ծանրամարտում

207 երկրների մրցապայքարում նվաճած 4 մեդալի շնորհիվ Հայաստանը զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով 60-րդն էր:

Մեդալների ընդհանուր հաշվարկով մեր հարևաններից Իրանը 25-րդն է, Վրաստանը՝ 38-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը, իսկ Թուրքիան՝ 41-րդը: Առաջատար եռյակում են ԱՄՆ-ն (121), Մեծ Բրիտանիան (67) և Չինաստանը (70):

Անժելա Բեգլարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: