Հայերեն   English   Русский  

Հարկային ծանր բեռ է դրվել «Շիրակ կենտրոնի» ուսերին` անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու և նվիրելու պատճառով


  
դիտումներ: 632

«Շիրակ կենտրոնը» ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից ստացել է գրություն, ըստ որի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկությունների հիման վրա կատարած կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերել են, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերած թվով ութ բնակարանների համար «Շիրակ կենտրոնից» եկամտային հարկ չի պահվել:

Շիրակ կենտրոն,անօթևան ընտանիք

Մեր կողմից կատարված կոպիտ հաշվարկներով խոսքը մոտ 5 մլն դրամ վճարումների մասին է:

Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն:

Նախորդ մի քանի տարիների ընթացքում «Շիրակ կենտրոնի» գործունեության շնորհիվ, հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում՝ 16 բնակարան: Եվս 4 բնակարան գնելու բանակցություններ վարվում են այս օրերին:

2016 թվականի հունվար ամսից անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատրաստակամություն հայտնած հովանավորների պահանջով ու նաև այն պատճառով, որ նախորդ տարիներին մեր միջնորդությամբ որպես նվեր բնակարան ստացած մի քանի ընտանիքներ վաճառել էին իրենց բնակարանները, հովանավորները մեր առջև պայման դրեցին, որ իրենց միջոցներով գնվելիք բնակարանները մինչև 15 տարի ժամկետով համարվեն «Շիրակ կենտրոնի» սեփականությունը: Իսկ բնակարանները անօթևան բազմազավակ ընտանիքներին տրվեն անհատույց օգտագործման՝ հետագայում, սահմանված ժամկետները լրանալուց հետո տվյալ ընտանիքներին ամբողջությամբ որպես սեփականություն նվիրելու պայմանով: «Շիրակ կենտրոնի» կողմից 2016 թվականի ընթացքում վերոհիշյալ պայմանով ձեռք է բերվել և անհատույց օգտագործման է տրամադրվել 10 (տասը) բնակարան: Բնականաբար, այս բարեգործական ծրագրից «Շիրակ կենտրոնը» ոչ մի լումա եկամուտ չի ստացել, բոլոր բնակարանները ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել հովանավորների անմիջական մասնակցությամբ, բնակարանների արժեքները որոշվել են նրանց երկկողմանի բանակացությունների միջոցով, շուկայական ամենանվազագույն արժեքով:

Շիրակ կենտրոն,անօթևան ընտանւք

Ավելին, «Շիրակ կենտրոնը» որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել և կատարել է նոտարական ու կադաստրային ձևակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները, ինչպես նաև բնակարան ստացած բոլոր անապահով ընտանիքների տնակների քանդման, տարածքների ազատման, աղբի մաքրման և համանման աշխատանքների ծախսերը: Ի դեպ, տնակների քանդումից առաջացած փայտանյութն էլ որպես վառելափայտ բաժանվել է դեռևս տնակներում բնակվող սոցիալապես անապահով տասնյակ ընտանիքների:

Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ փակի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, բարեգործական նպատակով ձեռք բերված և անօթևան ընտանիքներին արդեն իսկ նվիրված բնակարանների, նաև առաջիկա մեկ տարում ևս 10 բնակարանների ծրագիրը բարեգործական ճանաչելու ու եկամտային հարկ վճարելու պարտականություններից ազատելու խնդրանքով հարկադրված դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանին, ինչպես նաև ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

Գյումրի 2016 թ. օգոստոսի 30





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: