Հայերեն   English   Русский  

Շատ եմ ցանկանում նորից հանդիպել Ռոբերտ Աբաջյանի հորը. Արթուր Ալեքսանյան


  
դիտումներ: 1496

Այս հաղթանակը ոչ միայն իմ, այլև մարզիչների, ֆեդերացիայի աշխատանքի արդյունքում իրականություն դարձավ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ռիոյի օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի մասին, ասաց ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

«Շատ հպարտ եմ, որ հանդիսանում եմ 14-րդ հայը, որը նվաճել է օլիմպիական ոսկին: Ինձ համար ամենամեծ հաղթանակն այն է , որ տեսնում եմ` ինչպես է մի ամբողջ ազգ ուրախանում իմ հաղթանակի համար: Հպարտություն է ինձ համար, երբ փողոցում ինձ մոտենում են և շնորհավորում»,-ասաց չեմպիոնը:

Նա ընդգծեց, որ ձեռքբերումներից հետո չի հանգստանալու. ձգտելու եմ դառնալ կրկնակի օլիմպիական չեմպիոն, երկրորդ անգամ նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ոսկե մեդալները:

Արթուր Ալեքսանյանի խոսքով` նա Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իր շապիկին, որ ամբողջ աշխարհը ճանաչի մեր հերոսներին.«Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն: Ռոբերտ Աբաջյանի հոր հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ դիմավորելիս: Օդանավակայում ինձ մի մարդ մոտեցավ և փաթաթվեց, համբուրեց: Ես չէի ճանաչում նրան: Նա շնորհակալություն հայտնեց ինձ և ասաց, որ Ռոբերտի հայրն է: Ես այդ պահին հուզվեցի նրան տեսնելով, բայց այնպիսի իրավիճակ էր ս, որ չկարողացա նրա հետ շփվել, երկու վայրկյան անգամ կանգնել հնարավոր չէր: Շատ եմ ցանկանում նրանց հետ շփվել և ավել լավ ճանաչել: Ես անպայման նորից կտեսնեմ նրան»,- ասաց Ալեքսանյանը:

Մարզիկն անդրադարձավ նաև իր անվան մարզադպրոցի շուրջ բարձրացած աղմուկին: Նա խոստովանեց, որ շատ դժվար է այդ մարզադպրոցում մարզվելը«.Բոլորդ էլ տեսել եք` ինչ պայմաններում են այնտեղ: Լավ կլինի, որ լավ պայմաններում մարզվենք: Ես միայն Գյումրին չեմ ներկայացնում, ներկայացնում եմ ամբողջ Հայաստանը ու հնարավոր է, որ ՀԱՕԿ-ը, գուցե սպորտի նախարարությունը զբաղվեն այդ հարցով»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:

Նրա անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ ավելի լավ պայմաններում մեկ չեմպիոն չէ, որ դուրս կգա այդ դպրոցից. «Ամեն անգամ, երբ Արթուրը որևէ նվաճում է ունենում խոսք է բացվում մարզադպրոցի ճակատագրի մասին: Սակայն ոչ մի անգամ դեռևս արդյունք չի եղել: Դպրոցն ունի կապիտալ վերանորոգման կարիք, դա կապված է մեծ գումարների հետ, ինչը միգուցե հեշտ չէ ինքնակառավարման մարմիների համար: Մենք ունենք լավ մարզիկներ: Եթե դպրոցն ավելի լավ վիճակում լինի, նոր չեմպիոններ կլինեն: Խոսքը միայն Արթուր Ալեքսանյանի մասին չէ»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: