Հայերեն   English   Русский  

​ՀԱՍԱՆ ՋԱԼԱԼՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 5148

Հասան-Ջալալյանների կերտած Գանձասարի վանքը

Արցախը հայոց արևելյան միջնաբերդն է: Իսկ Արցախի ռազմաքաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ անուրանալի է Հասան-Ջալալյանների տոհմի նշանակալի դերը:

Հասան-Ջալալյանների իշխանության կենտրոնը Արցախի Խաչեն գավառն է: Միջնադարում Արցախը հայոց մատենագրության մեջ հաճախ հիշատակվում է հենց որպես Խաչենի իշխանություն: Սակայն Խաչենի իշխանությունն ավելի լայն տարածքներ էր ընդգրկում, քան ներկայիս Արցախը:

Հասան-Ջալալյանների տոհմը սերում է Հայկ նահապետի որդի Սիսակի թոռ Առանից և վաղ միջնադարում հայտնի էր Առանշահիկ անվամբ: Առանշահիկների և նրանց ախոյան Միհրանյանների միջև Արցախում և հայոց Աղվանքում իշխանության համար արյունահեղ պայքար էր մղվում: Եվ վերջապես, IX դարում Առանշահիկները Սահլ Սմբատյան իշխանի օրոք հաղթում են, և Հայոց արևելից կողմանքում հաստատում իրենց իշխանությունը:

Սահլ Սմբատյանից հետո Առանշահիկների տոհմում հիշատակվում են Հովհաննես, Ատրներսեհ, Գրիգոր-Համամ, Սմբատ, Վասակ, Սահակ Սևադա իշխանները: Վերջինս իր տիրակալությունը հաստատեց նաև Գարդմանքում, Լոռիում և IX դարի սկզբին հայոց ամենազորեղ իշխաններից էր: Սահակ Սևադայի օրոք Առանշահիկները Բագրատունի արքաներից հետո երկրորդ մեծ դերակատարությունն ունեին հայոց քաղաքական կյանքում: Սակայն Աշոտ Բ Երկաթի դեմ նախաձեռնած ապստամբությունն ու պարտությունը ժամանակավորապես թուլացրին Առանշահիկների դիրքերը:

Սահակ Սևադային հաջորդեց Գրիգոր իշխանը, ապա՝ Հովհաննես-Սենեքերիմը, որ X դարի կեսերին Արցախի հյուսիսում իրեն թագավոր հռչակեց և հիմնադրեց Փառիսոսի թագավորությունը: Սակայն հետագայում Փառիսոսի թագավորությունը մասնատվեց, նրա հյուսիսային հատվածը միացավ Լոռվա Կյուրիկյան, մնացյալը՝ Անիի թագավորությանը:

Հետագայում այս տոհմից աչքի ընկան նաև Գրիգոր, Վախթանգ, Հասան Ա Մեծ, Վախթանգ Տանգիկ իշխանները:

Վախթանգ Բ Տանգիկ իշխանն ամուսնացավ Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ՝ Խորիշահի հետ: Նրանց ավագ որդին ՝ Հասան-Ջալալ Դոլան, 1214 թ. ժառանգեց Խաչենի իշխանությունը, որից հետո տոհմը Հասան-Ջալալյան կոչվեց:

Հասան-Ջալալ Դոլայի անունը, ըստ ուսումնասիրողների, Հայկազ էր: Նա արտակարգ գեղեցիկ, առնական տղամարդ էր, այդ պատճառով արաբական ազդեցությունը կրող աղբյուրները նրան կոչեցին Ջալալ-Դոլա, որ նշանակում է փառահեղ տիրակալ…

Հասան-Ջալալը Հայաստանի տիրակալների՝ Զաքարյան եղբայրների հետ ունեցած խնամիական կապերի շնորհիվ մեծ ազդեցություն ձեռք բերեց երկրում: Նա իր իշխանության տակ միավորեց ողջ Արցախն ու հարակից երկրամասերը: Վիմագրերում և մատենագրության մեջ նա երբեմն կոչվում է «թագավոր», «ինքնակալ», ինչն ընդգծում է զորեղ իշխանի դիրքը տարածաշրջանում:

Նա հաստատեց նաև իր տոհմային զինանշանը՝ երկու առյուծ, որոնցից մեկի ստորին հատվածում հայոց վեցաթև աստղն է, մեջտեղում՝ արևխաչ: Հասան-Ջալալի տոհմի դրոշն ուղղանկյուն էր, կարմիր, խաչաձև, չորս կողմերում գրված ՏՐ (Տեր) ԱԾ (Աստված) ՀՍ (Հիսուս) ՔՍ (Քրիստոս):

Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում, պահպանվում է Նաև Հասան-Ջալալի սուրը, որի երախակալի վրա գրված է ՀՋԻԽ՝ Հասան-Ջալալ՝ իշխան Խաչենի:

1253 թ., երբ Կիլիկիայի հայոց թագավորության գահակալ Հեթում Ա մեկնում էր մոնղոլական կայսրության մայրաքաղաք Ղարաղորում՝ բանակցություններ վարելու, Զաքարյան Հայաստանից նրան միացավ Հասան-Ջալալ Դոլան: Նա, փաստորեն, հայ-մոնղոլական բանակցություններում ներկայացնում էր Զաքարյանների պետությունը:

Հասան-Ջալալը նաև շինարարական գործունեությամբ է հայտնի: 1216 թ. նա կառուցեց Գանձասարի հոյակերտ եկեղեցին, նաև վերանորոգել է Կեչառիսի վանական համալիրը: Հասան-Ջալալի կինը՝ Խորիշահը, հայտնի է իր բարեգործություններով և նվիրատվություններով:

Ղարաղորումից վերադառնալուց մի քանի տարի անց՝ 1260 թ., Հասան-Ջալալ Դոլան միացավ հայ և վրաց իշխանների կազմակերպած հակամոնղոլական շարժմանը և սպանվեց Արղուն խանի հրամանով:

Հասան-Ջալալ Դոլային Խաչենի իշխանությունում հաջորդեցին Ջալալ Ա, Իվանե Ա, Ջալալ Բ, Իվանե Բ, Ջալալ Գ, Աղբասթ, Սայտուն, Վելիչան, Մեհրաբ, Ջալալ Դ իշխանները:

XVII դարում Խաչենի իշխանությունը մասնատվեց, և ձևավորվեցին Խամսայի մելիքությունները: Խամսայի մելիքներից Ջրաբերդի և Գյուլիստանի մելիքները նույնպես սերում են հասան-Ջալալյաններից:

Հասան-Ջալալյանների տոհմի իշխանության կենտրոնը Արցախի Խաչեն գավառն է: Միջնադարում Արցախը հայոց մատենագրության մեջ հաճախ հիշատակվում է հենց որպես Խաչենի իշխանություն: Սակայն Խաչենի իշխանությունն ավելի լայն տարածքներ էր ընդգրկում, քան ներկայիս Արցախը:

Հասան-Ջալալյանների տիրույթների կարևորագույն ամրություններից էին Դարպասները, Կաչաղակաբերդը, Խոխանաբերդը, Վանքաշենի ամրոցը: Իսկ հոգևոր կենտրոններն էին Գանձասարն ու Երիցմանկանց վանքը:

Հասան-Ջալալյանների տոհմից ամենանշանավոր գործիչը նոր շրջանում թերևս Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր: Նա 1701 թ. ընտրվեց Գանձասարի կաթողիկոս և աչքի ընկավ բուռն ու հակասական գործունեությամբ: Մինչ ազատագրական պայքարին միանալը, Եսայի արքեպիսկոպոսը աչքի է ընկել մշակութային գործունեությամբ: Նա նաև պատմական աշխատությունների հեղինակ է, որոնք կարևոր աղբյուր են ժամանակի պատմական անցքերի լուսաբանման համար:

Եսայի կաթողիկոսը 1711 թ., միանալով Իսրայել Օրուն, Ռուսաստան մեկնեց, որպեսզի բանակցի Պետրոս Ա կայսեր հետ՝ հայոց խնդիրների վերաբերյալ: Սակայն Իսրայել Օրու մահից հետո Աստրախանից ստիպված էր վերադառնալ Արցախ:

Նա 1716 թ. եպիսկոպոս օծեց Մինաս վարդապետ Տիգրանյանին և կարգեց ռուսահայերի առաջնորդ՝ հիմնադրելով Հայ առաքելական եկեղեցու ռուսահայոց թեմը:

1722 թ., երբ Արցախում և Սյունիքում սկսվեց ազատագրական պայքար, Եսայի Հասան-Ջալալյանն այդ պայքարի ակունքներում էր և հայ զինվորականության կողքին:

Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցին (1715-1725) հորդորում է Եսայի Հասան-Ջալալյանին, որ խափանի Արցախում ազատագրական պայքարն ու մելիքներին ստիպի հպատակվել թուրքերին: Եսայի կաթողիկոսը սկզբում մերժում է, ապա տեղի է տալիս, երբ Ռուսական կայսրությունը հաշտություն է կնքում Օսմանյան կայսրության հետ և հրաժարվում աջակցել թուրքական զորքերի դեմ պայքարող հայերին ու վրացիներին: Եսայի կաթողիկոսն ինքն անջատ համաձայնագիր է կնքում թուրքական բանակի հրամանատարության հետ:

1726 թ. հունիսի 19-ին նա նամակ գրեց Իվան Կարապետին, որը ռուսական արքունիքի թարգմանիչն էր և այդ ժամանակ բանակցություններ վարելու նպատակով գտնվում էր Արցախում, մելիքների մոտ: Իր նամակում կաթողիկոսը գրում է. «Հարկ է, որ համոզես մեր տղաներին՝ հանգիստ մնան և չտարվեն գեղջուկների տրամադրությամբ, բայց եթե, այնուամենայնիվ, կռվի բռնվեն թուրքերի հետ՝ թող իրենք էլ պատասխանատու լինեն հետևանքների համար»:

Նամակից հետո նա Բարդայում հանդիպեց ռուս-թուրքական սահմանագիծը վավերացնող հանձնախմբի հետ ու առանց հայ զինվորականության և մելիքների կամքը հարցնելու՝ անջատ համաձայնություն կնքեց թուրքերի հետ, որով հավաստում էր, որ Արցախի սղնախները զենքը վայր են դնում: Արցախցի քաջերը կաթողիկոսին մեղադրեցին դավաճանության և խաբեության մեջ: Եսայի Հասան-Ջալալյանն ինքնասպան եղավ:

1839 թ. լույս է տեսել Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմություն Աղվանից» արժեքավոր աշատությունը, որը հետագայում թարգմանվեց նաև ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն:

Եսայի կաթողիկոսից շատ ավելի ազգանվեր էր եղբորորդին՝ Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը, որ կանգնած լինելով ազատագրական պայքարի ակունքներում, ի տարբերություն Էջմիածնի ազգադավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի, մեծ զորակցություն ցուցաբերեց Հովսեփ Էմինին: Հովհաննես կաթողիկոսը կալանվեց Շուշիի Իբրահիմ խանի կողմից և սպանվեց Շուշիի բերդում:

Հասան-Ջալալյաններն իրենց տոհմի ձեռքում պահեցին Գանձասարի կաթողիկոսությունը մինչև XIX դարը: Եվ այս տոհմը շատ նշանավոր հոգևորականներ տվեց՝ Բաղդասար մետրոպոլիտ, Գանձասարի կաթողիկոս Սարգիս Բ Հասան-Ջալալյանց և այլք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: