Իրար հաջորդող իշխանությունները տապալեցին Հայաստանի իրական անկախության կայացումը. Կարապետ Ռուբինյան
- Պարո՛ն Ռուբինյան, այս տարի նշում ենք Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 25-ամյակը: Եթե հետադարձ հայացք ձգեք մեր պետության անցած ուղուն, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք:
- Ձեռքբերումն ակնհայտ է. մեզ հաջողվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդին բնաջնջումից, և փաստացի միացումը տեղի ունեցավ: Հիմա, չնայած ֆորմալ անկախ չճանաչված պետության կարգավիճակում են, փաստացի Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում. ունենք միասնական տնտեսություն, նույնական օրենսդրական դաշտ, ընդհանուր դրամական միավոր և այլն:
Սկզբունքորեն պետության հիմնական կառույցները ստեղծված են, պետությունն իր անկախությունը հաստատել է միջազգայնորեն ընդունված բոլոր հնարավոր ձևերով: Դրանք դրական ձեռքբերումներ են:
Բացասականը շատ ավելին է և ցավոտ: Այն է, որ 25 տարի անց ստիպված ենք նորից պայքարելու իրական անկախության համար, որովհետև, փաստորեն, իրար հաջորդող իշխանությունները տապալեցին Հայաստանի իրական անկախության կայացումը: Քայլ առ քայլ նահանջել, եկել հասել ենք մի հանգրվանի, երբ կարելի է ասել, որ արդեն շատ ոլորտներում մեր անկախությունը ֆիկտիվ բնույթ է կրում, և հիմա առաջնային խնդիրը դարձել է կորցրածը վերականգնելը: Բացասական հաջորդ բանն այն է, որ ներկայիս Հայաստանը տարիներ առաջ մեր պատկերացրածից շատ հեռու է: Մենք պատկերացնում էինք, որ խորը, համապարփակ բարեփոխումների արդյունքում կստեղծենք իրապես անկախ, ազատական, մրցակցային տնտեսություն ունեցող պետություն, որտեղ մարդն ազատ կլինի և նրա իրավունքները պաշտպանված կլինեն: Մենք հիմա տեսնում ենք, որ մարդն ազատ չէ, զանգվածաբար խախտվում են մարդու իրավունքները, տնտեսությունը մոնոպոլիզացված է, ու դրա հետևանքով թալանվում է և՛ պետությունը, և՛ պետության քաղաքացիները՝ առանձին-առանձին վերցրած: Իհարկե, 25 տարի առաջ մենք այսպիսի Հայաստան չէինք երազում, և դա շատ տխուր է: Բայց միայն տխրելով չի լինի, պետք է պայքարել ավելի լավ Հայաստանի համար:
- Մասամբ անդրադարձաք իմ հաջորդ հարցին, այնուամենայնիվ հնչեցնեմ. անկախությունը կերտելիս ինչպիսի՞ն էր անկախ Հայաստանի Ձեր տեսլականը:
- Իմ պատկերացրած Հայաստանն անշուշտ ժողովրդավարական հանրապետություն էր: Ես կարծում էի, որ շուկայական հարաբերությունների հաստատումով, տնտեսության ու մարդկանց ազատականացմամբ հայ ժողովրդի ձեռքերը կազատվեն, և նա վերջապես ցույց կտա իր ունակությունը որպես ձեռներեց, նորին հակված, պրպտող, խելոք ժողովուրդ ու հաջողությունների կհասնի: Այս առումով ես շատ հիասթափված եմ, որովհետև այդ բոլորը տեղի չունեցավ: Թե ովքեր են մեղավոր, դա արդեն այլ հարց է, բայց ժողովուրդը չէ. հաստատ:
- Անկախության տարիների բացթողումները մեկնաբանելիս երբեմն ասվում է, որ 1991-ին հայությունը պարզապես պատրաստ չէր անկախության: Ձեր գնահատմամբ` այն ժամանակ մենք որքանո՞վ էինք պատրաստ անկախությանը:
- Հայությունն իր պատրաստակամությունը հայտնեց հանրաքվեով: Այդ առումով վիճելու համ համոզելու բան չունենք: Ժողովուրդը միշտ էլ պատրաստ է: Կարո՞ղ եք գտնել ժողովուրդ, որը չուզենա լավ ապրել, չուզենա հպարտանալ իր հայրենիքով, չուզենա իր երկրում ազատ զգալ, չուզենա սեփական հայրենիքում աշխատել ու իր ընտանիքին լավ պահել: Այդ ամենի համար պետք է անկախ պետություն:
Ի՞նչ է նշանակում՝ պատրաստ չէինք: Եթե այն առումով, որ ժողովրդին առաջնորդելու, անկախ պետություն ստեղծելու համար հավաքված թիմը պատրաստ չէր, ապա՝ այո: Եթե ճիշտ գործեր՝ հիմա մենք այսպիսի տխուր հանգրվանում չէինք հայտնվի:
Կառավարման փորձի բացակայություն, անշուշտ, եղել է, որովհետև բավականին կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ կառավարման ձևի փոփոխություն և շատ մեծ թվով նոր կադրեր ներգրավվեցին կառավարման համակարգում: Հիմա կարելի է արձանագրել նաև այն, որ այդ հավաքագրվածներից շատերը չդիմացան իշխանության գայթակղությանն ու փորձությանը: Փաստորեն, Հայոց համազգային շարժման թիմը, որն ինտելեկտուալ ու գաղափարական առումով բավականին հուսադրող էր, ստանձնեց բարեփոխումների գործը, ահագին բան արեց, բայց նաև պիտի արձանագրենք, որ այդ թիմը պառակտվեց, թիմում եղան մարդիկ, որոնք, ինչպես պարզվեց, այլ պատկերացումներ ունեին պետության մասին, ավելի շատ արևելյան տիպի պետություն էին պատկերացնում, ոչ թե արևմտյան տիպի ժողովրդավարական երկիր:
- Պարո՛ն Ռուբինյան, ո՞րն եք համարում պետականաշինության 25 տարիների ընթացքում թույլ տրված ամենամեծ սխալը:
- Ամենամեծ սխալն այն է, որ ինչ-որ պահի բավականին մեծ թվով մարդիկ որոշեցին, որ հանուն ինչ-որ բաների կարելի է զիջումներ անել, կոմպրոմիսների գնալ ժողովրդավարության հարցերում, հետքայլ անել ժողովրդավարությունից հանուն իշխանության և պետության ամրացման: Հիմա, կարծում եմ, բոլորին կամ գոնե շատ շատերին է ակնհայտ, որ ժողովրդավարությունից հրաժարվելը հանուն պետության ամրացման կոպիտ սխալ է, որովհետև հակառակ արդյունքն է լինում, և պետությունը թուլանում է:
Սկսեցին կոմպրոմիսներ ժողովրդավարության հետ. և՛ կուսակցություններ փակվեցին, և՛ քաղբանտարկյալներ եղան: Ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխելիության հիմք չդրվեց: Եվ մինչև հիմա այդ վիճակում ենք: Հայաստանի Հանրապետությունում մինչև այժմ ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել:
- Իսկ ո՞րն եք համարում ներկայում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերը:
- Ամենամեծ երկու մարտահրավերներ եմ տեսնում: Առաջինը Ռուսաստանի կայսերապաշտական ծրագրերն են, որոնք իսկապես իրական վտանգ են մեր պետականության համար, որովհետև անթաքույց տեղի է ունենում մեր անկախության կլանում Ռուսաստանի կողմից: Երկրորդ մարտահրավերն այն է, որ մեր իշխանությունները, այդ նույն ռուսական նկրտումների ֆոնին, ճորտաբարո կեցվածք են դրսևորում:
Այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանի ներկա իշխանությունները նույն կարգավիճակով են գնում Մոսկվա, ինչ խորհրդային տարիներին գործարանների մատակարարները՝ մոսկովյան ղեկավարների մոտ: Փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ որոշ ռուս վերլուծաբաններ ասում են` ինչո՞ւ եք Կրեմլին մեղադրում, մեղադրեք ձեր ղեկավարներին, որ իրենց այդպես են պահում: Ասում են` դուք ոչ մի դիմադրություն ցույց չեք տալիս, հետո էլ ասում եք` Մոսկվան մեզ ճնշում է: Ինչ-որ առումով իրավացի են: Եվ դրա պատճառն էլ է հայտնի. փաստորեն, կոմսոմոլակոմունիստական անցյալով ինչ-որ մարդիկ են եկել իշխանության, մարդիկ, որոնք մեծ մասամբ նաև ոչ բավարար կրթական բազա ու ինտելեկտ ունեն: Եվ նրանք հավակնում ու համառորեն շարունակում են պետություն ղեկավարել ու մեզ առաջնորդել: Անհեթեթ վիճակ է:
Ամփոփելով՝ մի մարտահրավերը դրսից է` ռուսական կայսերապաշտական ծավալումները, մյուս մարտահրավերը մեր իշխանության ցածր որակն է, որի համար մեր երկրի անկախությունը արժեք չէ, որի համար պատվախնդրություն և իրական հայրենասիրություն հասկացություններն անհայտ են:
- Մի հարց էլ քառօրյա պատերազմի մասին. ապրիլյան պատերազմը մեծ փորձություն էր մեր երկրի համար: Ձեր գնահատմամբ մենք ինչպե՞ս հաղթահարեցինք այդ փորձությունը, ի՞նչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից և ի՞նչ քայլեր ձեռնարկենք:
- Առաջին հերթին այդ պատերազմը ցույց տվեց մեր իշխանության փտածությունն ու անգործունակությունը: Հիմա երբեմն հայտարարություններ են արվում, որ մեկ ամսում արվեց այնքան գործ առաջնագիծն ամրացնելու համար, որքան չէր արվել նախորդ 20 տարիներին: Բայց սա քրեական հետապնդման հիմք կարող է ծառայել: Իսկ նախորդ 20 տարիներին ինչո՞ւ չէիք անում այդ մեկ ամսվա գործը, այն դեպքում, երբ բոլոր իշխանությունների ժամանակ անընդհատ պնդել են, որ բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ուղղվում են պաշտպանության համար: Հիմա պարզվում է, որ այդպես չէ: Առաջին հետևությունը` գողացել ու թալանել են, և այդ գողացողներն ու թալանողները պետք է պատժվեն: Եթե չեն պատժվում, երաշխիք չկա, որ նույնը չի շարունակվելու հիմա: Այժմ նույն վերաբերմունքն ու մթնոլորտը կամաց-կամաց վերականգնվում են: Մենք տեսանք, որ բարձրագույն սպայակազմից որևէ լուրջ պատիժ ստացողներ չեղան, նոր նշանակումներ եղան, որոնք զարմանալի էին, եթե ոչ սխալ: Էլ չեմ ասում երկրի քաղաքականության մասին. ի՞նչ հետևություններ արեցին, ո՞վ հրաժարական տվեց՝ չիմացանք ու չտեսանք:
Պատերազմը պահանջում է իշխանության գերլարում, բոլոր օղակների ներդաշնակ աշխատանք: Ո՛չ այդ գերլարումը տեսանք, ո՛չ այդ օղակների աշխատանքը: Ավելին, որոշ օղակների ուղղակի մեղադրում էին չգոյության մեջ: Հիշում եք արտգործնախարարության, ՊՆ-ի և նախագահի պաշտոնը զբաղեցնողի լռությունը: Այս ամենը խիստ անհանգստացնող է և հիմք տվեցին խոսելու այն մասին, որ միգուցե պատերազմը պայմանավորված էր: Այլապես անհասկանալի էր այդ ամենը: Մինչև հիմա մեզ բացատրություններ չեն տվել, թե ինչու շտաբի պետը թռավ Մոսկվա, ինչ բանավոր համաձայնություն էր, ինչու կասեցվեց հակագրոհը: Իշխանություններից ոչ ոք չի նստում ու չի խոսում հասարակության հետ: Ըստ երևույթին, պատասխանատվություն չեն զգում, դրա համար չեն խոսում: Բայց հարցականները մնում են: Եվ կասկածները գնալով մեծանում են: Դրա հետևանքով մենք ստացանք «Սասնա ծռերի» ապստամբությունը: Ոչ մեկին չես կարող մեղադրել, բացի իշխանություններից, որոնք պարզապես հանցավոր են, որոնք իրենց անփառունակ գործունեությամբ այդ մարդկանց նման ճարահատյալ քայլի դրդեցին:
Կարճ ասած` չեմ տեսնում, որ դասեր քաղված լինեն, չեմ տեսնում, որ հասարակության հետ երկխոսություն կա, և չեմ տեսնում, որ պատրաստակամություն կա այս երկրում ինչ-որ բան դեպի լավը փոխելու:
- Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան:
- Հայաստանի ապագան մեր ձեռքում է, ժողովրդի ձեռքում է: Ես խոսեցի արտաքին մարտահրավերի մասին, բայց դա անցողիկ բան է. չեմ կարծում, որ Ռուսաստանն ունի այնքան ռեսուրս և համարձակություն, որ շարունակի իր ներկա քաղաքականությունը: Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեկուսացված է համարյա ամբողջ աշխարհի կողմից, կան պատժամիջոցներ, և չեմ կարծում, որ Ռուսաստանն իր ճնշումը Հայաստանի վրա ավելի մեծացնելու հնարավորություն ունի:
Ուրեմն վաղ թե ուշ այդ ռուսական ազդեցությունը չեզոքացվելու է, բայց երկրորդ մարտահրավերի պատասխանը մենք պետք է տանք: Պետք է ձևավորվի իրապես ժողովրդի կարծիքն ու իղձերը ներկայացնող իշխանություն, որը պետք է իրապես հաշվետու լինի ժողովրդի առջև: Եվ այդ դեպքում իշխանությունը կվարի այնպիսի քաղաքականություն, որով կփորձի չեզոքացնել երկրի անկախության հանդեպ ոտնձգությունները, և պետությունը կփորձի իրեն արժանի տեղ գրավել միջազգային թատերաբեմում: Հիմա, ցավոք սրտի, որպես պետություն գտնվում ենք վասալային վիճակում:
Այս իշխանությունները պետք է հեռանան: Կրթական, ինտելեկտուալ, գաղափարական առումով նման որակի իշխանություններ հանդուրժելն ուղղակի հանցագործություն է: Սրանք մեզ տանում են կործանման: Պետք է ուժ գտնենք սրանցից ազատվելու և վերադառնալու ժողովրդավարական զարգացման ուղի: Սա միակ երաշխիքը կարող է լինել, որ մեր պետությունը սկսի բարգավաճել, որ մեր պետությունում ապրելը հնարավոր լինի բոլորի համար: