Հայերեն   English   Русский  

​Օլիմպիականները պարգևատրվեցին


  
դիտումներ: 2679

Սեպտեմբերի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ամառային 31-րդ օլիմպիական խաղերում մեդալների արժանացած մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման արարողությունը:

Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներն ու երկրպագուները:

Ռիո 2016-ին Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճեց 4 մեդալ: 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական խաղերում բաղձալի ոսկին նվաճեց 98 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը բացահայտ կողմնակալ մրցավարության հետևանքով ստացավ արծաթե մեդալ, բայց հայրենիքում նրան դիմավորեցին և ընդունեցին որպես բացարձակ հաղթողի: ՀԱՕԿ-ի նախագահն արդարացիորեն Միհրանի վիզը գցեց ոսկե մեդալը:

2 արծաթե մեդալ Հայաստանի համար նվաճեցին նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:

Հանդիսավոր արարողությունը սկսվեց տեսաֆիլմի ցուցադրությամբ, որում մանրամասն, գունեղ ու տպավորիչ կադրերով ներկայացվեցին օլիմպիական կոմիտեի վերջին տարիներին կատարած աշխատանքը, մարզիկների ձեռքբերումներն ու նվաճումները:

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և ծափողջույններով էր արձագանքում մարզիկների հաղթանակների մասին պատմող դրվագներին: Իսկապես որ սպորտը միավորում է բոլորին՝ անկախ սեռից, տարիքից, քաղաքական հայացքներից ու կարգավիճակից:

Տեսաֆիլմի ավարտից անմիջապես հետո սկսվեց երեկոյի պաշտոնական մասը: Հանրապետության նախագահն ու ՀԱՕԿ-ի նախագահը պարգևատրեցին մարզիկներին, մարզիչներին և բնագավառի մյուս երախտավորներին:

Հանրապետության նախագահը մեդալակիրներին հանձնեց պետական բարձր պարգևներ՝ շնորհավորելով Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու առթիվ:

Սերժ Սարգսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրյալներին՝ մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար:

«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլև մրցավարները և բոլոր երկրպագուները:

Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ՝ մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է:

մարզիկների պարգևատրում

Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև՝ անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության»,- իր ելույթում մասնավորապես նշեց հանրապետության նախագահը:

Նախագահը շնորհակալություն հայտնեց նաև օլիմպիական կոմիտեին՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մարզաձևերի ֆեդերացիաներին, մարզիկների հարազատներին և այն միջավայրին, որտեղ ծնվել ու դաստիարակվել են իրական հերոսներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին պարգևատրեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պարգևատրվեցին նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ծանրամարտի ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները, մեդալակիրների անձնական մարզիչները:

ՀԱՕԿ-ի նախագահն իր ելույթում նշեց, որ Ռիոյում Հայաստանի օլիմպիական թիմը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել:

«Հայաստանի անկախության 25-րդ տոնակատարությունից առաջ մեր մարզիկները մեծ պարգև արեցին անկախ Հայաստանին և մեզ: Բրազիլիայում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկները կարողացան բարձր պահել անկախ Հայաստանի պատիվը և մեր ժողովրդի հեղինակությունը: Իհարկե, կարելի էր ավելի լավ մասնակցել, բայց ամենակարևորը, որ կարողացանք 20 տարի անց կրկին նվաճել ոսկի, այսինքն՝ ոսկիներ և արծաթներ: Մեր օլիմպիական թիմն այս տարի շատ ուժեղ էր, և բոլորս սպասում էինք, որ մեդալները կարող էին ավելի շատ լինել, բայց կա սպորտային անհաջողություն:

Մենք ունենք շատ լավ թիմ, պատրաստված թիմ: Ունենք մարզիկներ, որոնք աշխարհի մակարդակով շատ ուժեղ են և պատրաստված: Դեռ ավելի ենք ուժեղանալու: Այսօր ունենք երիտասարդ նոր սերունդ, որը շարունակելու է մեր բարի ավանդույթները: Վստահ կարող եմ ասել, որ հայկական սպորտում մեծ աշխատանք է կատարված, և դրանում իր լուման ունի մեր պետությունը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն Ալեքսանյանին ու Հարությունյանին բնակարան նվիրեց Երևանում, Գոռ Մինասյանը ստացավ 4-սենյականոց բնակարան Գյումրիում և 30 մլն դրամ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 30 մլն դրամ:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական պարգևներ հանձնեց Ռիո-2016-ի մեդալակիրների անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին:

Ռիո 2016-ին մեր մարզիկները փայլուն հանդես եկան և արժանիորեն պարգևատրվեցին իրենց նվիրումի, կամքի և հաղթանակների համար: Ուրախալի է, որ նկատելի է այն ներուժը, որը հետագայում ավելի շատ տիտղոսներ նվաճելու և նորանոր ձեռքբերումներ ունենալու հնարավորություն կտա:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: