ՀՀ վարչապետը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարարին
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ նախարարին՝ մասնավորապես նշելով վերջինիս մասնագիտական պատրաստվածությունն ու փորձը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ընդգծելով նրա արհեստավարժությունը և ՀՀ ֆինանսական համակարգում ունեցած ներդրումը:
Իր խոսքում վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ ֆինանսների նախարարությունը հանրապետության ամենակայացած գերատեսչություններից մեկն է, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող կադրեր: Անդրադառնալով նախարարության գործառույթներին՝ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ անհրաժեշտ է առանձին ուշադրություն դարձնել ՀՀ պետական բյուջեի կազմման, գնումների գործընթացների իրակամնացման հատվածներին՝ դրսևորելով առավել կոշտ դիրքորոշում:
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին նման պատասխանատու աշխատանքն իրեն վստահելու առիթով՝ նշելով, որ կաշխատի արդարացնել այդ վստահությունը:
Գագիկ Խաչատրյանն էլ նախ շնորհավորեց նորանշանակ վարչապետին իր և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի անունից, ապա նաև նորանշանակ նախարարին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության ողջ աշխատակազմին իր հետ համագործակցելու համար: