Հայերեն   English   Русский  

Կանանց նկատմամբ բռնություններն առօրյա կյանքի մի մասն են Գեղարքունիքի մարզում


  
դիտումներ: 1421

Գյուղական համայնքներում կանանց նկատմամբ բռնությունների մասին խոսելու նպատակով նախորդ շաբաթ Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամները քայլարշավ էին կազմակերպել Գեղարքունիքի մարզում:

Սա քայլարշավի իրականացման երրորդ փորձն էր: Առաջինը 2012 թվականին էր տեղի ունեցել` Շիրակի մարզից դեպի Երևան:

Այս անգամ Գեղարքունիքի մարզի ընտրությունը պատահական չէր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը. «Վերջին տարվա ընթացքում շատ են տեղեկությունները այդ մարզում առկա խնդիրների մասին՝ թե´ սեռով պայմանավորված աբորտների, թե´բռնության դեպքերի առումով: Թեժ գծով նույնպես շատ զանգեր ենք ստանում Գեղարքունիքից վերջին մեկ տարվա ընթացքում»,-ասաց նա:

Քայլարշավը տևել է 5 օր, որի ընթացքում մասնակիցները անցել են մի քանի գյուղով: Կազմակերպվել են զրույցներ բնակիչների հետ, տեղի դպրոցների ուսուցիչների, բուժկետերի աշխատակիցների հետ.«Գյուղական համայնքներում նման միջոցառումները շատ կարևոր են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ծրագրերը հիմնականում անցկացվում են Երևանում և մարզային մեծ քաղաքներում»,- Տաթևիկ Աղաբեկյանը:

Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզում՝ գրեթե բոլոր գյուղերում նույն վիճակն է. «Բոլորը միանշանակ նշում էին, որ իրենց գյուզում բռնություն չկա, բայց երբ խոսքը գնում էր այն մասին, թե արդյոք ինչ-որ ընտանիքներում կան ծեծ, ֆիզիկական բռնություններ, բոլորը ասում էին, որ դա յուրաքանչյուր ընտանիքում առօրյա կյանքի մի մասն է: Հավանաբար նրանք բռնություն ասելով հասկանում են շատ դաժան սպանությունները, ծեծերը, բայց ծեծը սովորական բան է: Տղամարդիկ ավելի կատակով էին դրանով վերաբերվում՝ «դե, առանց դրան չի լինի», «այսօրվա կանայք են արդեն մեզ ծեծում» և այլն»:

Կանանց ռեսուրսային կենտրոնի մարզային ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանն իր հերթին կարևորեց դպրոցներում իրազեկվածությունը այս խնդրին, քանի որ այդ հաստատությունից դուրս գալուց հետո անձինք կարող են կա´մ վերարտադրել նույն սխալները, կա´մ ուղղել դրանք: Նրա դիտարկմամբ՝ երեխաների մոտ արմատացած է դերային մտածելակերպը, որը բռնությունները սնուցող գործոններից է. «Հիշում եմ երեխաներից մեկը երկար խոսում էր , թե բռնությունը որքան վատ բան է, իսկ հետո երբ խոսքը ընտանիքին գնաց ասաց. «Դե, եթե կինը որևէ բան շիտակ չի անում, կարելի է»: Բռնության արդարացման այս միտումը շատ տարածված է երեխաների շրջանում: Սա լուրջ խնդիր է, որովհետև երեխան 11-12 տարեկանից այս մտածելակերպով է զարգանում և մտնում հասարակություն»:

Ինչ վերաբերում է չափահասներին, ապա նրանց մոտ թերի է բռնություն տերմինի ընկալումը: Նրանք չեն հասկանում, որ դա ներառում է իր մեջ սահմանափակումները, հոգեբանական և տնտեսական ճնշումները: «Հենց այս մասին է շատ կարևոր երեխաների հետ, սակայն դա տեղի չի ունենում: Բնականաբար, ասում են՝ ծեծը, բռնությունը վատ է: Սակայն խոսքը միայն դրա մասին չէ, քանի որ այդ տիպի բռնությունը մնացածի թողտվության արդյունքն է»,- նշեց Ա. Սիմոնյանը

Տղամարդկանց վերաբերմունքը գնահատելիս Անահիտ Սիմոնյանը նկատեց, որ խնդրի առկայության գիտակցություն չկա, նրանք դրան գրեթե միշտ անլուրջ են վերաբերվում:

Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիական աշխատող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ տղամարդկանց 80-90 տոկոսը գտնվում է արտերկրում՝ արտագնա աշխատանքի նպատակով, սակայն չնայած դրան, ընտանիքների ներսում շարունակվում է նրանց վերահսկող վարքը: Նրանք էին վերահսկում կանանց հագուստը, թե ուր են նրանք գնում և այլն. «Շատ երիտասարդ աղջիկներ փակված են ընտանիքներում: Նրանք հնարավորություն չունեն դուրս գալու, կրթություն ստանալու, հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Պատճառն այն է, որ տան մեծեր մտածում են՝ եթե աղջիկը գա Երևան, դա կործանիչ կլինի աղջկա համար: Ապագայի հեռանկարը աղջկա համար սահմանափակվում էր ամուսնության գաղափարի շրջանակներում և հետագայում ամուսնու կողմից իր ճակատագրի տնօրինումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: