«Սանիթեք» ընկերության պատասխանը գիշերային աղբահանության վերաբերյալ բնակիչների դիմումներին
Նշենք, որ գիշերային ժամերին աղբահանություն իրականացնելը ընդունված միջազգային պրակտիկա է, որը կիրառվում է ցերեկային ժամերին քաղաքային երթևեկությունը, բակերում կայանած մեքենաների տեղաշարժը չխափանելու նկատառումով: Նման գրաֆիկով աշխատանքը կոչված է նաև բնակելի շենքերից աղբը ժամանակին տեղափոխելուն, որպեսզի բնակիչներն առավոտյան մաքուր տեսնեն քաղաքը:
Հավելենք նաև, որ «Սանիթեք» ընկերության բոլոր մեքենա-սարքավորումները ներկայումս լավագույնն են ըստ միջազգայնորեն ընդունված չափորոշիչների: Վերջիններս նաև աշխատանքի մեջ քիչ աղմկոտ են ու ավելի կոմպակտ։ Այնուհանդերձ, գիշերային ժամերին ընկերության աշխատանքն առավել աննկատ կազմակերպելու համար ընկերության մասնագետները փորձում են նաև լրացուցիչ միջամտությամբ նվազագույնի հասցնել մեքենաների աղմուկը: Իսկ բնակիչների այն դիմումները, որտեղ նշվել է ընկերության աշխատակիցների աղմուկի մասին, հատուկ ուշադրության են արժանացել. տվյալ հատվածում գիշերային ժամերին հերթափոխ իրականացնող բոլոր աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել:
«Սանիթեք» ընկերությունը լիահույս է, որ ձեռնարկվող բոլոր քայլերը կնպաստեն աղբահանության աղմուկի նվազեցմանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկն անհրաժեշտ է Երևանը մաքուր պահելու համար: