Հայերեն   English   Русский  

Դալլաքյանը Էդմոն Մարուքյանին որակեց «լուսավոր հանցագործ».Panorama.am


  
դիտումներ: 1218

Հայաստանի նախագահի աշխատակազմում աշխատելով երկար լռությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վիկտոր Դալլաքյանը ակտիվ քաղաքականություն մտնելու մասին հայտարարությունից հետո սկսեց քարեր նետել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա՝ նրան որակելով «լուսավոր հանցագործ»:

Հիշեցնենք՝ Մարուքյան-Դալլաքյան հակամարտությունը հին պատմություն է. դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով նրանք երկուսն էլ պայքարում էին, բայց բոլորի համար անսպասելի պատգամավոր ընտրվեց Մարուքյանը:


Այսօր Դալլաքյանը ներկայացրեց պատգամավորական մանդատի համար իր պայքարի նախապատմությունը, ասաց, որ 2012-ի հունվարին ՀՀԿ-ին անդամագրվել է Սերժ Սարգսյանի խնդրանքով, բայց արդեն մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մնացել ՀՀԿ-ի կողմից լքված:

«2012 թվականի մայիսի վեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը իմ դեմ օգտագործել է այսպես կոչված լուսավոր հանցագործին և դրա հետ կապված մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Խորհրդարանական ընտրություններից երկու օր հետո Սերժ Սարգսյանը ինձ հրավիրել է Ստեփանակերտ և մեր հանդիպման ժամանակ ինձ հարցրեց՝ ինչո՞ւ այդպես ստացվեց, այսինքն խոսքը Վանաձորի մասին էր: Ես ասացի, որ ես եկել եմ այդ պատասխանը ձեզանից ստանամ, որովհետև 4 անգամ անընդմեջ ես ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, որին դեմ են եղել միայն ՀՀ առաջին և երկրորդ նախագահները, դուք հրապարակայնորեն իբր ինձ պաշտպանել եք, բայց արդյունքում ես չեմ ընտրվել, և նրան ներկայացրել եմ, թե Վանաձորում ինչ է տեղի ունեցել:

Սերժ Սարգսյանն ինձ ասել է՝ բողոքարկիր, ես բողոքարկել եմ, և նշել, որ մրցակից թեկնածուն երկար ժամանակ չի բնակվել Հայաստանում, և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքն ինձ մերժել է: Ես հիմա ձեզ ուզում եմ հարց տալ՝ դուք տեսե՞լ եք իշխանության մի թեկնածու, որը իր բողոքում նշում է բոլոր խախտումների մասին, բայց մերժվում է: Այնուհետև մայիսի 11-ին Սերժ Սարգսյանը ինձ հրավիրել է նախագահի նստավայր ու ինձ ասել է բառացիորեն հետևյալը՝ մի քանի օր առաջ նախագահական նստավայրում ինքն ընդունել է Լուսավոր հանցագործին: Այսինքն՝ ինձ հասկացրել է, որ թիվ 30-ում ամեն ինչ ավարտված է», -անցյալից պատմեց Դալլաքյանը:

Այս պատմական ակնարկից հետո Դալլաքյանը լրագրողներին ներկայացրեց «փաստաթղթեր վոթերգեյթի իրականացման մասին», որոնցից մեկի համաձայն փաստաբաններից մեկը հարցում է արել ՀՀ-ում գտնվող ՌԴ սահմանապահ ծառայության ղեկավարին՝ հարցնելով, թե ՀՀ սահմանային կառավարման համակարգում ինչ տեղեկություններ կան քաղաքացի Էդմոն Մարուքյանի այցելությունների մասին և ստացել պաշտոնյայից պատասխան. «Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ին ժամը 05:40 րոպեին ՀՀ-ից մեկնել է ԱՄՆ և Հայաստան է վերադարձել 30.06. 2010 թվականին ժամը 07:09-ին»:

«Այսինքն՝ նա Հայաստանի Հանրապետությունից բացակայել է 1 տարի 17 օր և ՀՀ համապատասխան պետական մարմինները նրան տվել են տեղեկանք, թե իբր նա վերջին հինգ տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում», -հայտարարեց Դալլաքյանը՝ ընդգծելով, որ գլխավոր դատախազի համար ներկայացվածը հաղորդում է հանցագործության մասին համապատասխան պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հաջորդ «վոթերգեթյան փաստաթուղթը», որ ներկայացրեց Դալլաքայանը, դարձյալ ՌԴ սահմանապահ ծառայությունից էր, բայց այս անգամ ավելացել էին նաև Մարուքյանի կնոջ տվյալները, որոնց համաձայն Տաթևիկ Մատինյանը և նրանց որդին ամուսնու մոտ ԱՄՆ-ում եղել է 8 ամիս:

«Այս փաստերը ցույց են տալիս, որ մենք Ազգային ժողովում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ Հայաստանի բարձրագույն իշխանություններում: Մամաներին չգիտեմ», -հավելեց Դալլաքյանը:

Այնուհետև նա ներկայացրեց իրեն նախագահի աշխատակազմում պաշտոն ունենալու առաջարկի հանգամանքները: Հիշեցնենք՝ նա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր և ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը: Այդ պաշտոնից հրաժարականի դիմումն այսօր առավոտյան է ներկայացրել:

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ ես ընդունել այդ առաջարկը: Ես չորս տարի սպասել եմ, որովհետև կա թևավոր արտահայտությունը՝ կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը: Եկել է իմ՝ քարերը նետելու ժամանակը», -հայտարարեց ակտիվ քաղաքականության մեջ մտնելու հայտ ներկայացրած գործիչը:

Նա նաև ընդգծեց, որ այս չորս տարիների ընթացքում «երբևէ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի եղել»: Բայց միևնույն ժամանակ նկատեց, որ ինքը հասկացել է, որ այդ առաջարկն արվել էր իրեն քաղաքականությունից մեկուսացնելու համար:

«Որևէ մեկը այսօրվա իմ հայտարարությունների մասին չգիտի, ես առավոտյան համապատասխան դիմումները ներկայացրել եմ ՀՀ նախագահի նստավայր և երբ սկսել է այս ասուլիսը իմ դիմումները եղել են նախագահականում: Ոչ մեկ իմ հայտարարությունների մասին տեղյակ չէ», -հավելեց գործիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: