Հայերեն   English   Русский  

Վրաստանն ունի ավելի վտանգավոր թաքնված սպառնալիք, քան իր արտաքին հիմնական թշնամի Ռուսաստանն է. միջազգայնագետ


  
դիտումներ: 1609

“Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, իսկ ԵՄ ասոցացման պայմանագրին Վրաստանի միացումը փոխեց մեր կոորդինատներն այնպես, ինչպես 1918-1920 թթ.-ներին: Հայաստանի և Վրաստանի ճանապարհները բաժանվեցին: 1918թ.-ի Տրապիզոնի կոնգրեսից հետո երբևէ Հայաստանն ու Վրաստանն իրար հետ ոչ մի ուղղությամբ չեն գնացել: Վրաստանն, օգտագործելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու ոխակալ թուրքի առկայությունը, երբեմն-երբեմն այդ հակասությունների հիման վրա կարողացել է համեղ պատառներ պոկել`տարածքային, ունեցվածքային, մշակութային: Չնայած սրան` Հայաստանի համար կենսական նշանակություն ունի Վրաստանի հետ հարաբերությունները”,-վրաց-թուրքական և վրաց-հայկական հարաբերությունների մասին խոսելիս այսօր լրագրողներին հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա` Վրաստանը հայտնվել է մի իրավիճակում, որում, քաղաքագետի կարծիքով, չպիտի լիներ, ինչու՞, “որովհետև Անդրկովկասը Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության գոտում է, իսկ Վրաստանը փորձում է ռուսական ազդեցության գոտի ներառել թուրքական գործոնը`ՆԱՏՕ-ի անվան տակ, այսինքն` հայ-ռուսական համագործակցության ակվիվ տիրույթում տեղավորում է մի ուժ, որ բոլոր իմաստներով բարդացնում է իրավիճակը մեզ համար: Վրաստանը, մնալով մեր բարեկամը, օգնում է Հայաստանի շրջափակմանը”,-նշեց Շիրինյանը` չնայած այս ամենին վստահ լինելով, որ Վրաստանը սրանից վնասվելու է:

Միջազգայնագետ Սարգիս Լևոնյանը գտնում է, որ Վրաստանի համար արտաքին գլխավոր սպառնաիլքը Ռուսաստանն է, սակայն Վրաստանի համար կա թաքնված ավելի վտանգավոր սպառնալիք` Թուրքիան: Ռուսաստանի վարած կոպիտ արտաքին ծավալապաշտական քաղաքականությունը Վրաստանին մղում է դեպի Արևմուտք, թուրքի գիրկը: Արևմուտքը, Բրյուսելը, որ զբաղված են Սիրիայի խնդրով, Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարով, ինչ-որ չափով անտեսում են այն, ինչ կատարվում է այսօր Վրաստանում. Վրաստանում դրոշակակիր է դառնում Թուրքիան, որն, օգտվելով իրադրությունից, 2 կարևոր խնդիր է ուզում լուծել:

Առաջինը` ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքով, այլ կերպ` ուզում է ստեղծել "ոսկե առանցքը", այն առանցքը, որի մասին Հեյդար Ալիևն էր խոսում` ասելով, թե “Բաքուն Արևմուտքը և Արևելքը կապող ոսկե օղակն է”:

Եվ երկրորդ` հասնել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի աշխարհաքաղաքական դերի առավելագույն նվազմանը, նպաստել, որ Հայաստանը դառնա Լեսոթո պետության պես. (Լեսոթոն պետություն է Աֆրիկայում` 4 կողմից շրջափակված Հարավաֆրիկյան Հանրապետությամբ): Թուրքիան փորձում է սեպ խրել Հայաստանի և Վրաստանի միջև: “Այսօր Թուրքիան իր տնտեսական ծրագրերով կարողանում է ամրապնդվել այս տարածաշրջանում”,-նշեց միջազգայնագետը:

Իսկ ըստ Շիրինյանի` Հայաստանը ադեկվատ չէ Վրաստանի ընկալման մեջ:

“Մենք պետք է ելքեր որոնենք հարաբերությունները Վրաստանի հետ կարգավորելու համար”,-նկատում է Շիրինյանը: Թեև քաղաքագետի խոսքերով ինքը որևէ կոմնորոշում չունի դեպի Արևմուտք կամ Ռուսաստան, այլ իր կողմնորոշումը Հայաստանն է, այս պահին վրացական հարցում պիտի ռազմաքաղաքական, մշակութային և այլ համագործակցությունն ուժեղացնենք Ռուսաստանի հետ: Իսկ Արցախը պիտի համագործակցի Աբխազիա և Հարավային Օսեթիա անկախ պետությունների հետ: Վրացիները, սա տեսնելով, կչափավորվեն և իրենց համար էլ օգուտ կլինի:

Ախալքալաքում վրացական ռազմաբազայի տեղակայման նպատակն էլ, ըստ Շիրինյանի, Վրաստանի ու Թուրքիայի կողմից Ջավախքի վրա վերահսկողություն հաստատելն է, մյուս կողմից` ուղղված է Ռուսաստանի դեմ, քանի որ տարիներ շարունակ Ախալքալաքում է տեղակայված եղել ռուսական ռազմաբազան: Այս հարցերի հանդեպ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է խիստ ուշադիր լինեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: