Հայերեն   English   Русский  

​Վարչապետը ընդունել է «Մայրություն» ՀԿ ներկայացուցիչներին


  
դիտումներ: 1411

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է նման ձևաչափով հանդիպելու կազմակերպության նախաձեռնությունը և կառույցի նոր ծրագրերին ծանոթանալու ցանկություն հայտնել:

«Մայրություն» ՀԿ նախագահ Հ. Միքայելյանը, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, ներկայացրել է հանրապետության սոցիալական որոշ խնդիրների վերաբերյալ իրենց ունեցած մտահոգությունները և դրանց հաղթահարման ուղղությամբ առաջարկություններ արել: Նա՝ համախոհների անունից պատրաստակամություն է հայտնել առավել ակտիվորեն ներգրավվել պետական ծրագրերի իրագործման և երկրի հասարակական կյանքի աշխուժացման գործում:

Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, վարչապետը նշել է, որ հանրապետության իշխանությունները մեծ տեղ են հատկացնում հատկապես սոցիալական ծրագրերին: Ա. Հարությունյանի համոզմամբ՝ տնտեսական աճով են պայմանավորված երկրի սոցիալական երաշխիքները և տարբեր նախագծերի իրագործումը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, ընդգծել է, որ կցանկանար դրանք առավել տեսանելի լինեին կրթության և առողջապահության համակարգերում: Նա պատասխանել է կազմակերպության ներկայացուցիչների տարաբնույթ հարցերին:

Հանդիպման ավարտին վարչապետը մեկ անգամ ևս կարևորել է հայ կանանց ակտիվ դերակատարությունը հասարակական կյանքում և այդ համատեքստում ողջունել կազմակերպության գործելաոճը պետականաշինության, հասարակական դաշտի կայացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: