Հայերեն   English   Русский  

Գործարարը մեղադրում է գեներալ Բաղմանյանին իր սեփականությունը խլելու մեջ


  
դիտումներ: 865

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը սեպտեմբերի 20-ին հանրային կարգով դիմել է ՀՀ վարչապետին ուշադրություն հրավիրելով իր գործի նկատմամբ:

«Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ: Թող իմ գործը լինի այդ հարցում առաջին քայլը: Նա պետք է իր հսկողության տակ վերցնի այս հարցը: Մարտունիի քաղաքապետարանը, կադաստրը և իրավապահ մարմինները անօրինություններ են թույլ տվել: Պահանջում եմ, որ այս խնդիրը պրոֆեսիոնալ լուծում ստանա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը:

Նա պատմեց, որ 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է եկել, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցվի: Պայմանավորվել էին, որպեսզի 70/30 հարաբերակցությամբ կիսեն շահույթը: Գազալցակայանի շահագործումից հետո, սակայն, Բաղդասարյանին այդպես էլ չի հաջողվել Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը: Բաղդասարյանը խոստովանեց՝ որ համաձայնվել է գործարքին, քանի որ, իր խոսքով, ինչպես հայտնի է Հայաստանում դժվար է հաջողության հասնել առանց հեղինակավոր անձի միջնորդության:

Նա նշեց, որ եթե որևէ արձագանք չլինի, ստիպված է լինելու կտրուկ քայլերի դիմել. «Տարիներ շարունակ աշխատում եմ, բայց ոչ մի արդյունքի չեմ հասել մինչև այսօր: Հայկական բանակի գեներալ Հայկազ Բաղմանյանը ոտնահարելով բոլոր օրենքները, արհամարհելով բոլոր օրենք գրողներին, չգիտեմ ուր է հասնելու: Եթե որևէ արդյունք չլինի ստիպված եմ լինելու օտարերկրյա լրատվամիջոցներին դիմել և տեղեկացնել՝ ռուսական «Գազպրոմը» Հայաստանում ներկայացուցիչների միջոցով, «Տրանս գազ» ՍՊԸ-ի ղեկավար Գաբրիելյան Կոլյայի միջոցով խլել է մեր ընկերության տարածքը և բիզնեսը նվիրել գեներալ Հայկազ Բաղմանյանին»,- ասաց Պանրագործական ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենը:

Լրագրողի այն հարցին, թե չի վախենում այս հարցին հասարակակա հնչեղություն տալուց, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե որևէ բան լինի, կդիմեմ համապատասխան մարմիններին, որ իմ անվտանգությունը պահպանեն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: