Հայերեն   English   Русский  

Ֆիլիպինների նախագահը Օբամային «գրողի ծոցն» ուղարկելուց հետո հրամայել է չեղյալ համարել ԱՄՆ-ի հետ ռազմական գործարքը


  
դիտումներ: 687

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամայել է չեղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքած զենքի մատակարարման պայմանագիրը:

Դուտերտեն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ոստիկանական հրացանների ձեռքբերման պայմանագիրը խզելու որոշում է ընդունել՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրման պատճառով: ԱՄՆ-ն Ֆիլիպիններին մեղադրում է մարդու իրավունքների խախտման մեջ:

«Մենք չենք պնդի ԱՄՆ-ից թանկարժեք զենքեր գնելու հարցում: Միշտ էլ կարող ենք դրանք ձեռք բերել մեկ այլ տեղից: Ես ոստիկանությանը հրամայում եմ չեղյալ հայտարարել գործարքը: Մեզ դրանք պետք չեն»,-Ֆիլիպինների նախագահի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը դադարեցրել է թվով 26,000 հրացանի վաճառքը Ֆիլիպիններին՝ երկրում ապօրինի թմրանյութերի առևտրի դեմ պայքարի ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերի պատճառով: ԱՄՆ-ն քննադատում է Ֆիլիպինների նախագահի որդեգրած պայքարի մեթոդները:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին բարկացրել էր ԱՄՆ-ի այդ քննադատությունը: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կարող է գրողի ծոցը գնալ» և սպառնացել էր խզել ԱՄՆ-ի հետ դաշնակցային կապերը:

Անցյալ ամիս Չինաստան կատարած այցի ժամանակ Դուտերտեն հայտարարել էր, որ ցանկանում է «անջատվել» ԱՄՆ-ից՝ կոչ անելով ամերիկյան զորքերը դուրս բերել Ֆիլիպիններից հաջորդ երկու տարիների ընթացքում:

Լարվածությունն աճում է նաև, քանի որ Ֆիլիպինները բարելավել է իր հարաբերությունները Չինաստանի հետ և սկսել է շահարկել այն միտքը, որ Ֆիլիպինների արտաքին քաղաքականության վեկտորը կարող է փոխվել ԱՄՆ-ից՝ հօգուտ Պեկինի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: