Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ-ի գործող և նորընտիր նախագահների և նրանց կանանց հանդիպումը. Տեսանյութ
Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն նախօրեին երեկոյան է հրավիրել, երբ զանգահարել է վերջինիս շնորհավորելու ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ամերիկացի երկու նախագահների հանդիպումը մեկ ժամից ավել է տևել, որից հետո նրանք լրագրողների հետ կիսվել են իրենց տպավորություններով:
«Մենք պատրաստվում էինք ճանաչել միմյանց, քանի որ նախկինում երբեք չենք հանդիպել: Հանդիպումը կարող էր 15 րոպե շարունակվել, սակայն այն մեկ ժամից ավել տևեց: Մեծ հարգանքով եմ վերաբերվում նախագահին և ապագայում համագործակցություն ակնկալում», - հայտարարել է Թրամփը:
Բարաք Օբաման իր հերթին ևս պատմել է կայացած հանդիպման մասին. «Մենք կազմակերպչական հարցեր ենք քննարկել, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը, զրուցել ենք ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի մասին: Թեև մենք զգալի տարբերություններ ունենք, սակայն իշխանության անցումը պետք է հարթ ընթանա, քանի որ նախագահությունը շատ ավելին է, քան մեզանից յուրաքանչյուրը:
Սպիտակ տանը կայացած հանդիպման շրջանակներում առաջին անգամ միմյանց ձեռք սեղմել են նաև երկու առաջին տիկինները, որոնք ուղեկցել են իրենց ամուսիններին:
«Միշելը հնարավորություն է ունեցել ողջունել նոր առաջին տիկնոջը, որի հետ մենք հիասքանչ զրույց ենք ունեցել: Մենք ցանկանում ենք անել մեզանից կախված ամենինչ, որպեսզի օգնենք նրանց հաջողության հասնել, քանի որ եթե դա ստացվի, ապա երկիրը ևս հաջողություններ կգրանցի», - հավելել է Օբաման: