Հայերեն   English   Русский  

​Վստահելով Պոդեստին` Բաքուն փչացրեց հարաբերությունները ԱՄՆ-ի նոր նախագահի հետ


  
դիտումներ: 1244

Թրամփի և Պուտինի ընկերության մասին տարբերակը «սուտ լուր էր»

Ամերիկացի ժողովրդի ընտրությունը միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին խառնաշփոթ առաջացրեց մեկ այլ երկրի ժողովրդի քաղաքականացված հատվածի` ադրբեջանցիների շրջանակներում: Թրամփը դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, իսկ դա լա՞վ է Ադրբեջանի համար, թե վատ: «Radioazadlyg»-ի այդ հարցին պատասխանել է «Ժողովրդավարություն Ադրբեջանի համար» էմիգրանտական կազմակերպության համանախագահ, ԵՄ-ին կից Իսլամական համագործակցության կազմակերպությունում նախկին դեսպան, քաղաքական փախստական Արիֆ Մամեդովը: Գրում է Radioazadlyg.org-ը:

-Ինչպե՞ս կբացատրեք անգամ ամերիկացիներին շոկի ենթարկած ընտրությունը հօգուտ Թրամփի:

Ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխությունների կարիք ուներ, և դա բոլորը քաջ գիտակցում էին: Չնայած Քլինթոնի հսկայական քաղաքական փորձին` նա ներկայացնում էր արտաքին քաղաքականության այն վեկտորը, որի հիմքը դրվել էր դեռևս Ջորջ Բուշի օրոք և որը շարունակել էր Բարաք Օբաման: Սակայն ժամանակները փոխվում են, և այսօր խոշոր ամերիկյան բանկերը, ֆինանսական ինստիտուտները և ԱՄՆ-ի գործարար շրջանակները ավելի շատ են սահմանում երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը, քան նախկինում երբևէ: Այդ շրջանակները գիտակցում էին ամբողջ համակարգը փոփոխությունների ենթարկելու անհարժեշտությունը`

  • Պարսից ծոցի նավթարդյունաբերող միապետությունների քաղաքական ամբիցիաների և առաջնահերթությունների հետ ամերիկյան արտաքին քաղաքականության փոխադարձ կապի նվազեցումը
  • Սիրիայում և Իրաքում չափազանց անհեռանկար և թանկ պատերազմի ճահճից ԱՄՆ-ի դուրսբերումը
  • Ռուսաստանի և Չինաստանի հետ լարվածության նվազեցումը
  • Բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատումը` ելնելով ամերիկյան տնտեսական և ֆինանսական շահերից
  • Այդ շրջանակները գիտակցում էին, որը Քլինթոնը սերտորեն կապված է Պարսից ծոցի նավթարդյունաբերող միապետությունների հետ, չի կարող փոխել մերձավորարևելյան քաղաքականության վեկտորը, ինչը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ԱՄՆ-ի տնտեսական և ֆինանսական շահերի համար: Բացի այդ ԱՄՆ-ն մոտակա ժամանակներս Ռուսաստանի հետ անմիջական ռազմական և Չինաստանի հետ երկարաժամկետ հակամարտության վտանգի առաջ էր հայտնվել:

    -Բաքվում շատ խոսում են Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ունեցած Թրամփի կապերի մասին:

    Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կապի և ամերիկյան ընտրություններում Մոսկվայի «ձեռքի» մասին հարցում ցանկացած ողջամիտ մարդ գիտակցում է, որ դա նախընտրական քարոզարշավի լավ պլանավորված «սուտ լուր» էր: Թրամփի և Ռուսաստանի քաղաքական կապի մասին որևէ փաստաթուղթ, որևէ ձայնագրություն չի հայտնաբերվել:

    Ինչ վերաբերում է այն հարցին, թե թեկնածուներից ով է ձեռնտու Ադրբեջանի համար ժողովրդավարական բարեփոխումների առումով, ապա կցանկանայի հիշեցնել, որ “Podesta Group” լոբիստական ընկերությունը, որը ԱՄՆ-ում գումարներով ներկայացնում է ադրբեջանական իշխանությունների (Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի և այլ երկրների) շահերը, լավ հարաբերություններ է հաստատել ներկայիս ամերիկյան վարչակազմի հետ: Հավանաբար, Բաքուն Հիլարի Քլինթոնի վարչակազմի հետ առավել լայն համագործակցության հեռանկարների հույսեր ուներ, քանի որ Ջոն Պոդեստը Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի նախագահն էր: Ի դեպ, իմ հավաստի տեղեկություններով` ադրբեջանական իշխանությունները Պոդեստի ընկերության միջոցով խոշոր գումարներ են (մեր և ձեր գումարները) փոխանցել Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբին: Սակայն հենց ԱՄՆ-ում Օբամայի վարչակազմը և Պետդեպարտամենտը “Podesta Group”-ի միջնորդությամբ արգելափակեցին «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագիծը , որով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների գործում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանում էր նախատեսվում: Իսկ այդ օրինագիծը ներկայացրել էր ԱՄՆ-ի կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահը, ուշադրություն դարձրեք` Հանրապետական Քրիս Սմիթը: Բացի այդ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփի դեպքում այդ օրինագծի ընդունման հավանականությունը ավելի իրական է դառնում:

    Պոդեստի ընկերության խորհրդով պաշտոնական Բաքուն սխալ գործեց` հույսը դնելով Հիլարի Քլինթոնի վրա: Մեկ տարով Բաքվում սառեցվեց Թրամփի հյուրանոցի շինարարությունը, այդ նախագիծը հանվել է նաև «Trump Group» ընկերության էջից:

    Հենց Թրամփը գերազանց գիտակցում է, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները սառեցրեցին այդ նախագիծը: Բաքվի մեկ այլ սխալը նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների վատթարացումն էր:

    Քննարկելով ամերիկյան ժողովրդի ընտրության ազդեցությունը Ադրբեջանի վրա` պետք է հիմնվել փաստերի վրա, այլ ոչ թե երևակայել, ինչը, ցավոք սրտի, հաճախ տեսնում եմ Բաքվի մամուլում:





    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: