Հայերեն   English   Русский  

​Ինձ ձերբակալել են Հեյդար Ալիևի արձանին արված գրության համար. երիտասարդ ակտիվիստ


  
դիտումներ: 603

Ադրբեջանում կայացել է «NİDA» շարժման երիտասարդ ակտիվիստ Բայրամ Մամեդովի գործով դատական նիստը, որի ընթացքում վերջինս հայտարարել է,որ եթե լռի, ապա «մեծ եղբայրը», ակնարկելով Օուրելյան բռնապետին, կարող է մտածել, որ ինքը վախենում է, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Դատարանը գործադիր իշխանության մարմին է, և դուք ցուցումներ եք իրականացնում: Ներկայացված մեղադրաքներով ինձ մեղավոր չեմ ճանաչում: Իմ ձերբակալության պատճառը Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ) արձանի վրա արված «Շնորհավոր ստրուկների տոնը» գրությունն է: Այդ ակցիայի նպատակը եղել է անարդարության դեմ բողոքի արտահայտումը»,-ասել է Մամեդովը:

Վերիջնս նշել է, որ բանտում իրեն հաճախ հարցնում են, թե արդյոք նման բան կաներ իր հոր արձանի վրա, ինչն էլ իրեն թույլ է տալիս մտածել, որ «մեծ եղբայրը» զայրացել է: Որպես արձանի վրա նման գրություն անելու մյուս պատճառ Մամեդովը նշել է ընդդիմության անգործությունը: «Պետք էր ինչ-որ բան անել իրավիճակը աշխուժացնելու համար, անհրաժեշտ էր կատալիզատոր, և նման արդյունք ստացվեց»,- նշել է ակտիվիստը`այդ կերպ գրգռելով դատավորին:

Այնուհետև ամբաստանյալը պատմել է, որ իրեն ձերբակալել են 7-8 մարդ Սաբունջու գյուղում, նստեցրել են սպիտակ «Jeep», սկսել են ծեծել, ապա ծեծի են ենթարկել Սաբունջուի ոստիկանությունում, այնուհետև` Բաքվի ոստիկանությունում, իսկ Նարիմանի ոստիկանության մեկուսարանում իրեն ծեծի են ենթարկել պետական անվտանգության աշխատակիցները` կապկպելով իր ձեռքերը:

«Ծնողներիս ներկայությամբ չեմ ցանկանում մանրամասն պատմել խոշտանգումների մասին, սակայն ճնշման տակ ես պատրաստ էի ընդունել ոչ միայն թմրանյութ պահելը, այլև ահաբեկիչ, մարդասպան լինելը: Ինձ էլեկտրահարել են, սպառնացել են նետել երկրորդ հարկից և այլն»,-ասել է Մամեդովը` հերքելով խոշտանգումների տակ տված ցուցմունքները: Ըստ նրա` իր մոտ թմրանյութ են գցել Բաքվի ոստիկանությունում, այնուհետև իրեն տուն են տարել և փաթեթով թմրանյութ տեղադրել նաև իր համակարգչի հետևում:

Որպես վկաներ հանդես եկող ոստիկանները փորձել են հերքել Մամեդովի ասածները, և նույնիսկ դատավորն է փորձել հուշել նրանց: Դա ամբաստանյալի վրդովմունքի պատճառ է դարձել, ինչին դատավորը պատասխանել է, որ կարող է նիստն անցկացնել առանց նրա մասնակցության: Նիստը շարունակվելու է նոյեմբերի 24-ին:

Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել են մայիսի 10-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Սակայն նրանք հայտարարել են, որ իրենց ձերբակալման իրական պատճառը Հեյդար Ալիևի արձանին արված «Շնորհավոր ստրուկների տոնը», «Կորչի համակարգը» գրություններն են: Հոկտեմբերի 25-ին Իբրահիմովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: «Amnesty International» կազմակերպությունը ակտիվիստներին ճանաչել է «խղճի բանտարկյալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: