Շատրվանները լավն էին, բայց ուշացած
Գյումրու ավագանին այս կապակցությամբ համայնքի բյուջեից 40 մլն դրամ էր հատկացրել, իսկ աշխատանքներն իր կողմից կատարել էր քաղաքապետի համադասարանցին: Նորոգվել է ոչ միայն շատրվանի ջրավազանը, նաև նոր էֆեկտներով ու խաղերով է համալրվել ջրային ցայտը:
Շատրվանների պաշտոնական բացումը նախատեսված էր երեկոյան, որ մթության մեջ ավելի տեսանելի լիներ գունային խաղը: Չնայած երեկոյան եղանակը Գյումրիում բավական սառն էր, այդուհանդերձ, կենտրոնական հրապարակը բազմամարդ էր: Շատերը եկել էին նաև տոնական համերգ ունկնդրելու ու.... հուսահատվել, համերգ չկար:
ՙՇատրվանները սիրուն են, լավն են, բայց ինչ-որ մի բան պակաս է՚: ՙԷսքան ուշ որ սարքեցին՝ ի՞նչ օգուտ, ձմեռը պիտի միացնե՞ն: Գոնե մի ամիս շուտ սարքին, մենք էլ մի քիչ ուրախանայինք՚, - ասում էին գյումրեցիները:
Նրանց հուսահատությունը փոքր-ինչ մեղմացավ շատրվանների բացումից հետո տոնական ու շքեղ հրավառությամբ: