Հայերեն   English   Русский  

Պարտադիր կուտակային բաղադրիչը չի կարող ամրագրվել


Պարտադիր կուտակային բաղադրիչը որևէ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կամ օրենքով չի կարող ամրագրվել


  
դիտումներ: 1086

Անցյալ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ԱԺ ներկայացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագիծ, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այդ նոր նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ, մտքեր ու մեկնաբանություններ են հնչում, որոնք հաճախ հակասական ու շփոթեցնող են: Ուստի, մեկնաբանություն ու պարզաբանում ստանալու ակնկալիքով, «Անկախը» դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը «Պարտադիր կուտակայինի» դեմ հանդես եկող ամենաակտիվ քաղաքական գործիչներից էր, ՍԴ-ում այդ օրենքի դեմ հանդես եկող կողմ էր:

- Պարո՛ն Մինասյան, խնդրում ենք պարզ ներկայացնել` ի՞նչ նախագիծ էր դա, ի՞նչ ամրագրվեց, ի՞նչ նորություն ունի և ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին ընկալի այդ նոր նախագիծը:

- Հայտնի է, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո խնդրի լուծումը երկու փուլի բաժանվեց: Առաջին փուլը, այսպես կոչված, միջանկյալն է, այսինքն` մինչև օրենսդրության ամբողջական վերանայումը: Անհրաժեշտ էր ընդունել այնպիսի իրավակարգավորումներ, որոնցով քաղաքացու կամարտահայտությունը պետք է հաշվի առնվեր և, ըստ էության, պարտադիր բաղադրիչը վերածվեր կամավորի կամ քաղաքացու կամարտահայտությունը նկարագրող մոտեցման:
Նախագիծը, որ ԱԺ-ում երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց և հիմա գտնվում է նախագահի մոտ` ստորագրման փուլում, անդրադառնում է հենց այս հարցին: Հստակ գրված է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել պարտադիր բաղադրիչին, իրենց գրավոր կամարտահայտությունը դիմումի տեսքով, առձեռն կամ փոստային առաքմամբ ներկայացնում են գործատուին, որի դեպքում քաղաքացու այդ, ինչպես նաև դրան հաջորդող ամիսների համար որևէ կուտակային վճարի պահում չի կատարվում:
Եթե գործատուն դիմումի ներկայացման նախորդ ամիսների ընթացքում չի փոխանցել գումարները, այդ դեպքում դրանք նույն դիմումի հիման վրա հետ են վերադարձվում քաղաքացիներին, և որևէ պարտավորություն թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի համար չի առաջանում:
Երկրորդ կարևոր արձանագրումն այն էր, որ հունվարի 1-ից հետո առաջացած որևէ հարաբերության համար, որում գործատուն պետք է պահեր ու փոխանցում կատարեր, որևէ պատասխանատվություն չի առաջանում, ու եթե որևէ ձևով գործատուի նկատմամբ նման տույժ-տուգանք է հաշվարկված, բոլորը զրոյացվում են:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ գործատուն ցանկացած ժամանակ իր կողմից ներկայացված հաշվետվություններում ճշգրտումներ է կատարում` ելնելով հենց այդ հանգամանքից, թե արդյոք աշխատակիցը համաձայնե՞լ է, տվե՞լ է որևէ դիմում, թե՞ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:

- Այսպիսով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցի՞ն, թե՞ ոչ:

- Սա անցումային փուլի շրջան էր` կարգավորման հատված էր, որը, սակայն, չի նշանակում, թե խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Խնդիրն ամբողջությամբ կլուծվի, երբ ամբողջ օրենսդրությունը վերանայվի: Ըստ էության, ՍԴ որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել պարտադիր կուտակային բաղադրիչը նկարագրող օրեսնդրության հիմնական դրույթները: Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը նոր օրենսդրական որևէ նախաձեռնության մեջ, որևէ օրենքով չի կարող ամրագրվել, քանի որ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերը չեն կարող կրկնվել: Մյուս կողմից` որևէ նման իրավական ակտի ընդունումն ինքնին իրավաբանական ուժ ունենալ չի կարող, հետևաբար, այն չի կարող նաև գործադրվել: Իսկ դա գործադրող որևէ պաշտոնատար անձ պետք է պատասխանատվություն կրի քրեական հանցագործության շրջանակներում և քրեական օրեսնգրքի համապատասխան հոդվածի համաձայն` նա կդիտվի որպես պաշտոնական լիազորությունները չարաշահած անձ:

- Ճի՞շտ հասկացա, ներդրվել է ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, այլ ընդամենը կուտակայի՞ն:

- Այս անցումային փուլում ներդրված է քաղաքացու կամարտահայտությունը հաշվի առնող կուտակային համակարգ, որտեղ պարտադիր բաղադրիչը, ըստ էության, վերածվել է կամավորի:

- Դա լա՞վ էր, այսինքն` ա՞յն էր, ինչի համար պայքարում էիք:

- Առաջին` միջանկյալ, անցումային փուլում սա այն նվազագույնն էր, որի ակնկալիքները կային: Բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահպանված են: Մասնավորապես` այն աշխատողների մասով, որոնց գումարներն արդեն իսկ գտնվում են կենսաթոշակային ֆոնդերում, այդ գումարների վերադարձի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն նոր վերանայվող փաթեթով, որն ամբողջությամբ շուրջ 130 իրավական ակտերի ամբողջություն պետք է լինի:

- Մտավախություն չկա՞, որ նույն գործատուները, զուտ վարչական կամ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով, կարող են աշխատողներին ստիպել պարտադիրից հրաժարվելու դիմումներ չգրել:

- Այդ մտավախությունը միշտ պահպանվում է, սակայն պետք է միշտ հաշվի առնել 2-3 կարևորագույն հանգամանք: Առաջին` գործատուի տնտեսական շահագրգռվածությունը ո՞րը պետք է լինի, որ իր աշխատողին վնա՞ս պատճառի: Երկրորդ` գործատուն այս դեպքում պետք է պատրաստ լինի առնվազն պատասխանատվություն կրելու` թե՛ քաղաքացիա-իրավական, թե՛ վարչա-իրավական, թե՛, առանձին դեպքերում, քրեական բնույթի:
Եվ, վերջապես, երրորդ կարևորագույն հանգամանքը` եթե նման դեպքեր լինեն, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր մասնակցությամբ արագ կհարթվեն: Եթե հանկարծ նման երևույթները լինեն զանգվածային բնույթի, ապա արտահերթ նիստի միջոցով օրենքի առավել խստացնող նորմերի ընդունումը կդառնա հրատապ: Այդ դեպքում հատկապես քաղաքական չորս ուժերը պատրաստ են կոնկրետ քայլեր իրականացնել:

- Գործողությունների հաջորդ փուլը ո՞րն է լինելու:

- Ներկայումս ընթացքի մեջ օրենսդրական ամբողջական վերանայման փուլն է: Սա, փաստորեն, նշանակում է, որ պարտադիր կուտակայինի դեմ ձևավորված շարժումն ավելի պետք է ակտիվանա, և կարծում եմ, որ շարժումը պետք է ունենա հստակ սկզբունքներ, թե ինչ համակարգ պետք է կառուցվի և այդ սկզբունքներին ինչպես պետք է համապատասխանի:
Այդ սկզբունքներով արդեն կառավարությունում ձևավորված համապատասխան աշխատանքային թիմը պետք է փորձի համակարգը փոփոխել դրան համապատասխան, որում, բնականաբար, ինչպես արդեն նշեցի, պարզապես չի կարող պարտադիր բաղադրիչը լինել:
Սա նշանակում է, որ շարժումը մտնում է նոր փուլ, այն է` պահանջատիրական փուլը, թե համակարգն ինչ պայմանների պետք է բավարարի կամ ինչ պետք է իր մեջ ներառի կամ չներառի:
Ասեմ նաև, որ մեր խմբակցությունն ակտիվ մասնակցելու է վերանայման գործընթացին, մենք արդեն ներկայացրել ենք մեր մասնագետ թեկնածուներին այդ խմբում ընդգրկվելու համար, որոնք նաև պետք է ապահովեն «Դեմ եմ!» շարժման պահանջների իրացումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: