Հայերեն   English   Русский  

Նոր վարչապետի առաջին նախագծերը


  
դիտումներ: 905

Վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարումը բավական ուշագրավ սկսեց Հովիկ Աբրահամյանը. վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում նշեց, որ նոր կառավարության գերխնդիրը քաղաքացու բարեկեցության և արժանապատիվ կյանքի ապահովումն է. տնտեսության աճը, բյուջեի համալրումը կամ հարկերի հավաքումը, բոլորը պետք է ծառայեն մեկ խնդրի` ՀՀ քաղաքացու արժանապատիվ և բարեկեցիկ կյանքին:

Թե ինչ էր դա նշանակում, առաջին մեկնաբանությունները հրապարակ նետեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, թե դրան կարելի է հասնել և՚ փոքր ու միջին բիզնեսի արտոնությունների ու խրախուսման ռեժիմների սահմանման ուղիով, և՚ սոցիալական արդարության, տնտեսական արդարության:

Եվ վարչապետն անցավ գործի: Հենց առաջին նիստում քննարկվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը: «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» համաձայն` ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014 թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով:

Գործադրի որոշմամբ` համապատասխան փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին` վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող որոշման մեջ: Քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին: «Հարգելի՚ գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որ փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ: ... Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը, կառավարության կազմը ձևավորելուց հետո, մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»,- ասաց կառավարության ղեկավարը:

Շրջանառության հարկը նույնը չի մնա

Թե ինչ քայլ է լինելու դա, օրերս արդեն բացահայտեց նույն Վարդան Այվազյանը, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվարկեց այն քայլերը, որոնք պատրաստվում է իրագործել կառավարությունն առաջին հերթին: Առաջինը «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է, որով բավականին «հեղափոխական» փոփոխություններ են նախատեսվում, և որը նորակազմ կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել:

Այդ նախաձեռնությամբ, ըստ Այվազյանի, կառավարությունն առաջարկում է, որ մինչև 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ազատվեն հարկից, իսկ մինչև 53 մլն ունեցողների համար հարկային դրույքաչափը իջեցվի մինչև 1 տոկոս, թեև դեռ քննարկվում է մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար այս հարկատեսակի դրույքաչափը զրոյացնելու հարցը:

Իրոք` տարեկան 10 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը ենթադրում է, որ ամսական շրջանառությունը 1 մլն դրամից էլ քիչ է, ընդ որում այդ 1 մլն-ի փոքր տոկոսն է որպես եկամուտ մնում բիզնես վարողին: Եթե անգամ ընդունենք, որ շրջանառության 20 տոկոսի չափով եկամուտ է մնում, ապա տնտեսվարողի շահույթն ամսական 200 հազար դրամից պակաս է, այսինքն` սրանք իրոք օրվա հացի խնդիր լուծող տնտեսվարողներն են: Ուստի, բոլորն են կարծում, որ այս հատվածին պետք է աջակցել և զարգանալու հնարավորություն տալ: Սակայն հարց է առաջանում` այդ չգանձվող հարկերի բացն ինչպե՞ս պետք է ծածկվի:
Այս նախաձեռնությունը, եթե ճիշտ կիրառվի, իհարկե, նման խնդիր չի առաջանա, հատկապես Հայաստանում, որտեղ ստվերը մեծ է համարվում: Օրինակ` շատ լավ գործիք կարող է լինել այն տնտեսվարողներից, որոնք պետք է օգտվեն այս արտոնությունից, սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու պահանջը: Այս դեպքում այդ մանր բիզնեսների ներկայացուցիչները կարող են պահանջել խոշորներից, որ իրենց հետ գործարքները կատարեն փաստաթղթերով, ինչը ստվերի ռիսկը կկրճատի: Այսինքն` խոշորներից կսկսեն ավելի շատ հարկեր գանձվել հօգուտ պետբյուջեի: Կարծես հենց այդ էլ փորձելու է անել կառավարությունը:

Պարտադիր աուդիտն էլ արդեն պարտադիր չի լինի, գյուղում էլ կոոպերացիաներ կարող են ի հայտ գալ

Երկրորդ քայլը, որ ամենայն հավանականությամբ կձեռնարկի Հովիկ Աբրահամյանը և որի մասին դարձյալ առաջինը խոսեց Վարդան Այվազյանը, պարտադիր աուդիտի պահանջի վերացումն է բիզնեսի համար: Այս քաղաքականության ճարտարապետները կարծում են, որ պարտադիր աուդիտի պահանջի դեպքում տնտեսվարողն անիմաստ գումար է վճարում աուդիտորին: «Ենթադրենք` ես կոշիկ եմ արտադրում ու մի հատ 500 միլիոնանոց հաստոց ունեմ: Եթե պետական գնումներին չեմ մասնակցում, ինչո՞ւ պետք է ամեն տարի պարտադիր աուդիտ անցկացնեմ, որ աուդիտորը գա ու հաստատի, որ իմ ստանոկը 500 մլն արժի: Եթե պետական գնումներին եմ մասնակցում, ուրիշ հարց, բայց եթե չեմ մասնակցում, ինչո՞ւ աուդիտ անեմ, որ դեռ մի բան էլ աուդիտորը իմ ռիսկերը չկիսի ու պատասխան չտա իր կատարած աուդիտի համար, երբ ինձ, օրինակ, տուգանում են»,- նշեց Այվազյանը:

Երրորդ խոշոր նախագիծը, որ ամենայն հավանականությամբ, կիրականացնի նոր կառավարությունը, գյուղատնտեսության ոլորտում է: Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին, երբ այցելեց Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ, հայտարարեց. «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին` փաստ է»:

Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի մասին` վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ծրագրերի իրականացման հարցը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, և կառավարությունն ամեն ինչ անելու է, որ ֆինանսական ռեսուրսներ հայթայթի խնդիրներին լուծումներ տալու համար:

Ի դեպ, արդեն քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե վարչապետը դիմելու է բարձրաստիճան պետական գործիչներին, որպեսզի նրանք հրաժարվեն առաջիկայում իրենց աշխատավարձերի բարձրացումից:

Այս ամենն իրականացնելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է նաև մի կարևոր հանգամանք` Հայաստանի, այսպես ասած «խոշոր խաղացողների» ոտքը տրորելու քաղաքական կամք: Որովհետև ժողովրդի բարեկեցությունը ենթադրում է հարված որոշակի շրջանակների շահերին: Հովիկ Աբրահամյանը նրանց շահերին դիպչելու համարձակություն կունենա՞ կամ քաղաքական մեծամասնության կողմից անհրաժեշտ աջակցություն կգտնի՞: Վերջինի համար ՀՀԿ խմբակցության արդեն նոր ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հստակ պատասխանում է` այո՚, կգտնի:

Իսկ քաղաքական կամքի առումով ուշագրավ է հենց Հովիկ Աբրահամյանի պատասխանն այս հարցին: Կառավարության մայիսի 8-ի նիստը Հովիկ Աբրահամյանը սկսեց հիշեցումով, որ ըստ Սահմանադրության` նոր կառավարությունը 20 օրում պետք է ներկայացնի իր ծրագիրը: Նա հույս հայտնեց, որ այն պետք է լինի իրատեսական, և փոփոխությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Շեշտեց, որ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ծրագրի կատարման և արդյունքների համար: «Կառավարության այն անդամը, որը չի լինի պատասխանատու, նրա հետ մեր ճանապարհները կբաժանվեն, որքան էլ մենք իրար հետ երկար ճանապարհ անցած լինենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց. «Եթե մենք խոսում ենք օլիգարխիայի դեմ պայքարի մասին, և եթե նույն կառավարության այն անդամները, որոնք խոշոր բիզնեսի մեջ մասնակցություն ունեն, սկսեն իրենցից, նշանակում է` վստահություն էլ կձևավորվի ու ծրագիրն էլ կյանքի կկոչվի: Եթե դրանք լինեն զուտ խոսքեր, բնականաբար, վստահություն էլ չի լինի»:

Իսկ Հաղթանակի այգում մայիսի 9-ի տոնական միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Հավասար դաշտ է ստեղծվելու: Շատ, շատ մերձավորների ցավեցնելու ենք: Դա բոլորը պետք է հասկանան` իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու: Հավասար դաշտի ստեղծումը իմ սկզբունքն է լինելու, և սա թող մեսիջ լինի իմ բոլոր մերձավորներին»:

Տեսնենք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: