Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի զինծառայողը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել


  
դիտումներ: 755

Ադրբեջանում զինվորական ծառայության մեջ գտնվող Թահիր Օսմանլըն ոստիկանության Եվլախի շրջանային բաժանմունքում ենթարկվել է խոշտանգումների: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է «Սումգայիթի երիտասարդության իրավական կրթություն» հասարակական միության ղեկավար Էլչին Մամեդովը:

Ըստ նրա` Օսմանլըն զրպարտության է ենթարկվել վարձակալված բնակարանի իր հարևանի կողմից, ով բողոք է ներկայացրել Եվլախի ոստիկանություն: Սերժանտին տարել են անմիջապես զորամասից և ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկել: «Վարձակալված բնակարանում Օսմանլըի հետ բնակվող մեկ այլ զինծառայողի մոտից օգոստոսին անհետացել էր 1650 մանաթ: Վերիջնս Օսմանլըի դեմ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` մեղադրելով նրան գողության մեջ: Օսմանլըին դաժան ծեծի են ենթարկել երկու սպաներ` կապիտան և մայոր: Թահիրը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել. ջարդել են նրա կողոսկրերը»,- ասել է իրավապաշտպանը:

Չնայած սերժանտի բողոքին` ոստիականների նկատմամբ որևէ միջոցառում չի կիրառվել: Նրա ծնողները բողոքել են Եվլախի շրջանային դատախազություն, սակայն` ապարդյուն: Մամեդը հայտնել է, որ ոստիկանության ապօրինի գործողությունների և դատախազության` քրեական գործ հարուցելուց հրաժարվելու դեմ դատարան բողոք է ներկայացվելու:

Թեև իրավապաշտպանը Օսմանլըի մարմնի` բռնության հետքերն ապացուցող լուսանկար է ներկայացրել, սերժանտի հայրը Ներքին հետաքննությունների վարչության պետ Սահիբ Միրզոևի ստորագրությամբ Ներքին գործերի նախարարությունից նամակ է ստացել, որում նշված է, որ հետաքննությունը Թահիր Օսմանլըի նկատմամբ Եվլախի շրջանային ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի գործողությունների փաստեր չի հայտնաբերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: