Ստվերի դեմ պայքար, բժիշկների թեստավորում, պետպատվերի գումարների թափանցիկ բաշխում. Լևոն Ալթունյանն առողջապահության ոլորտի այս և մյուս անելիքների մասին
- Պարո՛ն Ալթունյան, նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ո՞ր խնդիրն եք առաջնային համարել և փորձել լուծել:
- Առաջին խնդիրը պետպատվերի գումարների բաշխման գործընթացում տրամաբանություն մտցնելն է, ադմինիստրատորների և բժիշկների համար այդ տրամաբանությունը հասկանալի և թափանցիկ դարձնելն է և ինչ-որ մեխանիզմ ներդնելը, որը կապահովի այդ գումարների մաքսիմալ արդյունավետ օգտագործման հնարավորությունը:
- Վերջերս անընդհատ հայտարարվում է, որ պետպատվերի բաշխվածության թափանցիկություն է ապահովվելու: Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով եք ապահովելու թափանցիկությունը:
- Թափանցիկությունը իդեալում պետք է հասցվի սոֆթի մակարդակի, երբ ընթացքում ծրագրի մեջ ներմուծվող հիվանդի անուն-ազգանունը և ախտորոշումն արդեն ցույց կտա տվյալ հիվանդանոցի, կլինիկայի ադմինիստրատորին, թե ինչքան գումար կարող է ակնկալել պետբյուջեից պետպատվերի շրջանակներում, և հակառակը՝ պետբյուջեի կառավարչին պետք է ցույց տա, թե ինչքան իր գումարից պակասեց, որովհետև այսինչ հիվանդանոցում կատարվեց այս ծառայությունը:
- Դա փոխկապակցվա՞ծ է էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրման հետ:
- Այո, բայց հաշվի առնելով, որ էլեկտրոնային առողջապահությունը մի քիչ ավելի ծավալուն է, մենք երևի երկու էտապով այդ ամենը կներդնենք:
- 2011-ից ի վեր քննարկվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հարցը: Դրույթն ընդգրկված է նաև կառավարության ընթացիկ ծրագրում: Այժմ գործընթացը ո՞ր փուլում է: Եվ ի՞նչ լուծում է տրվելու քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանման խնդրին, որ կարող է առաջանալ համակարգի ներդրմամբ:
- Երկու իրավիճակ համեմատենք. շրջանային պոլիկլինիկայի արխիվն անջատված է հաճախորդներից կիսաստոյկայով, դուռը միշտ բաց է, և անկետաները շարված են: Ցանկացած անկետա կարելի է վերցնել և կարդալ: Պոլիկլինիկա օրական այցելում է 150-1000 հոգի: Յուրաքանչյուր անձը, եթե տվյալ բաժնի աշխատակիցը` ռեգիստրատորը, տեղում չէ, կարող է այդ գործողությունը կատարել: Եվ մի այլ իրավիճակ է, երբ մտնում եք ինտերնետ, սկզբում հավաքում եք ձեր գաղտնաբառը, հետո ID համարը, ֆիքսվում է, թե ով է տվյալ ֆայլի օգտագործողը, և արդեն, եթե մուտք ունեք, նայում եք այն, ինչ նայում եք: Հիմա մենք փորձում ենք համեմատել եռաստիճան պաշտպանված սիստեմը (որը, այո, կարելի է ջարդել) ընդհանրապես չպաշտպանված սիստեմի հետ: Ես կարող եմ հայտարարել, որ քաղաքացիների տվյալները երեք անգամ ավելի լավ պաշտպանված կլինեն, քան այսօր:
Իսկ ներդրման առումով հիմա ամենօրյա քննարկումների, ժողովների իմպլեմենտացիայի փուլն է: Այդ փուլը կարող է տևել 3 ամսից մի տարի, որովհետև սոֆթը մեզ համար մի քիչ արտառոց բան է: Մեզ համար ասելով՝ նկատի ունեմ առողջապահության ոլորտի 36 հազար աշխատակիցներին, որոնցից 16 հազարը բժիշկներն են, 20 հազարը՝ միջին պերսոնալը: 36 հազարի համար սոֆթի հետ աշխատանքը արտառոց բան է: Մենք պետք է սովորենք ամեն ինչ` արագ հավաքել, օգտվել և գաղտնաբառ դնել, փոխել և էլեկտրոնային ստորագրություն օգտագործել: Ինչքան արագ սովորենք՝ այնքան արագ կներդրվի: Նպատակ է դրված, որ 2018-ից սկսենք աշխատանքը սոֆթում:
- Պարոն Ալթունյան, կոռուպցիայի մասին խոսելիս անպայման հիշատակվում է առողջապահության ոլորտը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվելու ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելու համար:
- Կոռուպցիայի դեմ պայքարը նոր աստիճանի բարձրացնելու նպատակով քայլեր ենք ձեռնարկելու, որ լեգալիզացնենք այն վճարները, որոնք կատարվում են հիվանդների ցանկությամբ: Դա խիստ անհրաժեշտ քայլ է: Գաղտնիք չէ, որ այն գումարներով, որ այսօր ի վիճակի է հատկացնել պետբյուջեն, հնարավոր չէ ապահովել ժամանակակից բժշկական մակարդակ: Եվ երբ օրինակ ենք վերցնում արտասահմանից՝ պետք է հիշատակել, որ արտասահմանում բժշկական ծառայությունների գները 10-100 անգամ բարձր են, քան այստեղ` Հայաստանում:
- Բայց եկամուտներն էլ են էապես տարբերվում:
- Այո, այդ պատճառով մենք խնդիր չենք դնում 10-100 անգամ բարձրացնել, մեզ պետք է առնվազն 2,5-3 անգամ բարձրացնել, ընդ որում, այդ գումարները բնակչությունը ծախսում է, բայց ստվերային: Մեր խնդիրն է այդ գումարները հանել սպիտակ դաշտ, ինչը թույլ կտա պաշտոնապես ցույց տալ բուժանձնակազմին, որ իրենք ունեն վայել եկամուտ և պարտավոր են զերծ մնալ ամեն տեսակի գայթակղություններից:
- Արդյոք աշխատավարձը, եկամուտը բարձրացնելը կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնի՞: Օրինակ՝ արդարադատության համակարգում այդ փորձն իրեն չարդարացրեց:
- Չեմ կարող ասել, թե արդարադատության համակարգում ինչպես է, բայց ես խորապես համոզված եմ, որ կոռուպցիոն ռիսկերի հիմնախնդիրը ցածր եկամուտն է: Երկրորդ` կարևոր է նաև պատժի անխուսափելիությունը խախտումը կատարելուց հետո: Այսօր պատժել մարդկանց, որոնց փաստացի եկամուտը 30-40 հազար դրամ է, ես չեմ համարում բարոյական: Եթե այդ եկամուտը հաջողվի բարձրացնել մինչև 300-400 հազար դրամ, ես առաջինը կկանգնեմ հակակոռուպցիոն պայքարի առաջին շարքերում:
- Պատժելիության մասին: Պարբերաբար հանրությունում դժգոհություններ են հնչում բժշկության որակից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում բժշկության որակից բողոքների նվազման համար: Գիտեմ, որ նախատեսվում է նաև բժշկական համակարգի հաշտարարի ներդրումը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
- Բժշկական համակարգի հաշտարարը կոչված կլինի համակարգել այդ դժգոհությունները, օբյեկտիվացնել ստատիստիկան, որովհետև այսօր բոլորս խոսում ենք, որ դժգոհ ենք բժշկությունից: Պետք է հիշել, որ բժշկության ոլորտում տարեկան կատարվում է, եթե 3 մլն է Հայաստանի բնակչությունը՝ մոտավորապես 6.5 մլն այցելություն: Այդ այցելություններից ո՞ր տոկոսն է դժգոհություն կազմում՝ չգիտենք: Բոլորս միշտ բարձրաձայն խոսում ենք նեգատիվի մասին, բայց չենք փորձում նեգատիվը համեմատել պոզիտիվի կամ սպասված ծառայություններ ստանալու հետ: Իմ կարծիքով, շատ կարևոր է հասկանալ, թե որ տոկոսն է դժգոհությունը` զրո տոկոսներո՞վ, թե տասնյակ տոկոսներով է չափվում, հետո համակարգել խնդիրները, հասկանալ, թե ով է հիմնական դժգոհությունն առաջացնում, գինեկոլոգ-մանկաբարձնե՞րը, առաջնային թերապևտնե՞րը, բուժքույրե՞րը, սանիտարկանե՞րը` ոչ մաքուր խալաթներով և փափուկ հողաթափերով, հետո նոր փորձել լուծել այդ խնդիրները:
- Հիմա ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
- Դեռ հասկանալու փուլում ենք: Մյուս կողմից` կանգնած ենք մեր մասնագիտական ուսման մակարդակը բարձրացնելու խնդրի առաջ: Այդ ուղու վրա տարբեր դեղատոմսեր են նայվում, այդ թվում՝ բժիշկների համար թեստավորման համակարգ մտցնելը: Գաղտնիք չէ, որ հայաստանյան բժիշկները Միացյալ Նահանգներում հայտնվելիս երկու-երեք տարի պարապում են, որ հանձնեն իրենց թեստերը: Հասկանալի չէ, թե ինչու է բարձրագույն ավարտած բժիշկն Ամերիկայում ծախսում այդքան ժամանակ: Մեծ գայթակղություն կա նույն թեստերը ներմուծել նաև Հայաստան:
- Գիտեք, հանրությունում կարծիք կա, որ բժշկական սխալը մինչև վերջ չի հետաքննվում, որ շարունակ քայլեր են ձեռնարկվում բժշկական սխալը կոծկելու, ոչ թե բացահայտելու և պատժելու ուղղությամբ: Դժգոհությունների մի մասն էլ դրանից է: Այս առումով քայլեր ձեռնարկվո՞ւմ են:
- Գիտեք, երբ հիվանդը չի առողջանում, հիվանդի և հիվանդատերերի համար դա միշտ սխալ է: Մյուս կողմից՝ բժշկական դասագրքերում և գրականությունում գրված է, որ այս կամ այն մեթոդի արդյունավետությունը 70, 80 կամ 90 տոկոս է, 100 տոկոս ոչ մի տեղ չկա: Միշտ տոկոս կա, որին տվյալ բուժման տեսակը չի օգնում: Հիվանդի և հիվանդատիրոջ համար դա 100 տոկոս է, և անհաջողությունը բժշկական սխալ է, մինչդեռ բժշկական գիտության համար դա նորմալ ստատիստիկա է: Հիմա նայած՝ ո՛ր տեսակետից և ո՛ր տոկոսների մասին ենք խոսում:
- Տարիներ շարունակ խոսվում է առողջապահության պարտադիր ապահովագրության մասին: Որքանո՞վ է հայաստանյան հասարակությունը պատրաստ դրան, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում համակարգի ներդրման ուղղությամբ:
- Ապահովագրության հարցը երկու բաղադրիչ ունի, մեկը՝ պայմանագրով տրվող ծառայություններ ստանալը` անվճար և բարձր մակարդակի, դրան մեր բնակչությունը պատրաստ է, երկրորդը` դրա համար վճարելը. դրան ոչ ոք պատրաստ չէ: Երբ բնակչությունը պատրաստ կլինի երկու մասին էլ՝ ապահովագրությունը կներդրվի: Սա մի քիչ նաև քաղաքականացված հարց է: Բնակչությունն իր ցանկությունը` բացասական կամ դրական, դրսևորել է նույն թոշակային նախագծի և նման նախագծերի առիթով: Դրա համար, երբ բնակչությունը խոսում է առողջության ապահովագրության մասին, ես ընկալում եմ, որ ուզում է անվճար ստանալ ամեն ինչ: Դա հնարավոր չէ և երբեք չի լինի, դա պետք է հասկանալ: Այն օրը, երբ բնակչությունը հասարակական կազմակերպությունների շուրթերով մեզ մեսիջ կհասցնի, թե մենք պատրաստ ենք ինչ-որ բան վճարել, նախարարությո՛ւն, պատմեք՝ ինչ կարող ենք ստանալ սրա դիմաց, մենք կփորձենք մաքսիմալն առաջարկել:
- Պարոն նախարար, նշեցիք պետական միջոցների անբավարարության մասին: Բայց 2017-ի առողջապահության ոլորտի բյուջեն մոտ 3 մլրդ-ով պակաս է այս տարվա համեմատ: Բյուջեի կրճատումն ինչպե՞ս կանդրադառնա համակարգի վրա:
- Մենք կփորձենք, որ հաճախորդը դա չզգա, ամեն ինչ կարվի դրա համար: Ընդհակառակը, կաշխատենք, որ ինչ-որ բան էլ իրենց համար ավելանա: Մեր նախագծերում մեր տնտեսումների հաշվին, ապարատի պահպանման, որոշ ծառայությունների հաշվին գումարների վերաբաշխման շնորհիվ այնպես կանենք, որ հաճախորդին հասանելի գումարը մի քիչ էլ ավելանա:
- Դա հնարավո՞ր է:
- Հնարավոր է, իհարկե:
- Իսկ կառավարության ընթացիկ ծրագիրն առողջապահության ոլորտում որքանո՞վ է արտահայտված 2017-ի բյուջեի ծրագրում: ԱԺ-ում քննարկումների ժամանակ մամուլում կարծիքներ հնչեցին, որ արտահայտված չէ, ինչն էլ կխոչընդոտի ծրագրի իրականացմանը:
- Իմ կարծիքով՝ լիարժեք արտահայտված է, և ծրագրում ոչ մի բան չի խանգարի մեզ մեր նպատակներին հասնելուն: Ընդհակառակը, ինչ նպատակ դրել ենք՝ ծրագրի մեջ արտացոլված է: