Հայերեն   English   Русский  

​«Բարձրացի՚ր և բարձրացրո՚ւ». գորիսյան հետաքրքիր բիզնեսի հաջողության բանաձևը


  
դիտումներ: 6365

Ուրախալի է, երբ տեսնում ես, որ տնտեսությունը, արտադրությունը, հատկապես գիտատար ու տեխնոլոգիական արտադրությունները ստեղծվում են նաև մարզերում: Ու հատկապես այնպիսի տարածքներում, որոնք, այսպես ասած, պետության առաջնահերթություններով սահմանազատված տարածքներից դուրս են:

Այդպիսի մի արտադրություն էլ ստեղծվել ու այսօր հաջողությամբ գործում է Գորիսում: Խոսքը «ՕգմենթԱր» ընկերության մասին է, որը զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ ու վաճառքով, վեբ ծրագրավորմամբ և կրթական ծրագրեր իրականացնելով:

Հատկապես կարևոր է եռաչափ տպիչների արտադրությունը: Այս ընկերությունը, որ հիմնադրվել էր անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ընկերներ Արթուր Խոջաբաղյանի և Հրայր Առուստամյանի կողմից, այսօր արդեն կարելի է ասել՝ կայացած արտադրություն ունի: Որովհետև, եթե մոտ մի տարի առաջ ուներ ընդամենը 3 աշխատակից՝ հիմնադիրները ներառյալ, ապա այսօր աշխատում է 12 հոգի: Ավելին` «ՕգմենթԱր»-ը, Գորիսից բացի, նաև Շինուհայր համայնքում է արտադրամաս հիմնել, որտեղ հիմնականում դեռահասներն են աշխատում, զուգահեռ էլ սովորում: Բայց Շինուհայրի արտադրամասը նույնպես արդեն կայացել է: Ընկերությունն այսօր կարող է 2 օրում 5 եռաչափ տպիչ արտադրել ու վաճառել՝ պատվերի դեպքում, իհարկե: Բայց ամենակարևորը մարզերում, հատկապես՝ հեռավոր բնակավայրերում նման կարգի աշխատատեղեր ստեղծելն է:

Հետաքրքիր է նաև, թե ինչպես սկսվեց «ՕգմենթԱր»-ի պատմությունը:

Սկզբում հիմնադիրները` Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը, աշխատում էին «Ինստիգեյթ» ընկերության Գորիսի մասնաճյուղում: Երեք տարի աշխատելուց հետո հասունացել էր պահը, որ ընկերներն ու գործընկերները որոշեին` սկսում են սեփական գործը` սեփական սթարթափը: Ու սկսեցին: Քանի որ մինչ այդ «Ինստիգեյթը» մի քանի օրինակ եռաչափ տպիչներ էր արտադրել ու այդ արտադրությունը տեղափոխել Գորիս, առաջարկում են եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող առանձին ընկերություն ստեղծել: «Ինստիգեյթն» էլ ողջունում է այդ նախաձեռնությունն ու փորձում ամեն կերպ օգնել և օժանդակել երիտասարդ ձեռներեցներին: Առաջին 2-3 ամիսներին «Ինստիգեյթը» նույնիսկ առանց բաժնետիրական հավակնությունների, օգնում էր նոր ձևավորված «ՕգմենթԱր» սթարթափին աշխատավարձերի և նախագծերի հարցում: «Ինստիգեյթի» տեսակն ու մտածողությունն է այդպիսին. առաջ գնալ` օգնելով ուրիշներին ու հետո միասին ավելի առաջ գնալ...

Այդպես «Ինստիգեյթի» «խողովակով» նորաստեղծ «ՕգմենթԱր»-ը ստանում է նախնական 10 տպիչների պատվեր, որոնք պետք էին նոր ստեղծվող 10 «Արմաթ» լաբորատորիաներում տեղադրվելու համար, ու այդ հենքի վրա սկսում իր աշխատանքները: Այդ պատվերի համար «ՕգմենթԱր»-ը կանխավճար է ստանում, այդ միջոցով էլ պատվիրված 10 տպիչների մասերն է գնում ու սկսում դրանք պատրաստել: Ասել է թե՝ ընկերությունը ստեղծվել է զրոյական նյութական կապիտալով, միայն սեփական գիտելիքների, փորձի կապիտալն ունենալով:

«Սկզբում ոչ մի գումար էլ չենք ունեցել, ու առաջին մի քանի ամիսներին հենց «Ինստիգեյթն» էր օգնում, աշխատավարձ էր տալիս, որ մենք կարողանանք մեզ պահել: Սկսելու համար ամենադժվարը որոշում կայացնելու պահն էր, քանի որ մինչ այդ աշխատում էինք ընկերությունում ու կայուն աշխատավարձ ունեինք: Փաստորեն, պետք է դուրս գայինք մի ասպարեզ, որտեղ պետք է կարողանայինք ինքներս մեզ պահել: Փառք Աստծո, դա մեզ հաջողվեց, մի տարվա մեջ կարողացանք կայանալ ու արդեն կարողանում ենք պահել մեզ, ավելին` շատանում ենք»,- «Անկախին» ժպտալով պատմեց ընկերության համահիմնադիր, տնօրեն Արթուր Խոջաբաղյանը:

Արթուր Խոջաբաղյան

Սկզբում ամենադժվար պահը հենց հավատալն էր, որ երիտասարդ ձեռներեցների նախաձեռնությունը կհաջողվի: Ու հավատացին. կպան գործին և սկսեցին աշխատել` իմանալով, որ իրենց ձեռնարկը նաև շատ կարևոր նախադեպ է դառնալու Գորիսի համար, Հայաստանի համար՝ նույնպես, հետագայում էլ ավելի լայն տիրույթ է ընդգրկելու:

«Այն ժամանակ էլ կար այդ ծրագիրը, երբ հստակ երևում էր, որ «Արմաթ» լաբորատորիաները պետք է մեծանան: Իսկ դա նշանակում էր, որ լաբորատորիաներին անհրաժեշտ մասեր, դետալներ, սարքեր ու գործիքներ են պետք գալու, իսկ դա, իր հերթին նշանակում էր, որ այդ լաբորատորիաներին մատակարարներ են անհրաժեշտ լինելու: Որովհետև այդ լաբորատորիաների գաղափարախոսությունը հենց այն է, որ իրենց բաղադրիչները, սարքերն ու դետալները Հայաստանում պատրաստված լինեն, այն ամենը, ինչ հնարավոր է արտադրել Հայաստանում, պետք է հայկական լինի: Ու դա մեզ ազդանշան տվեց, որ ապագայում ինչ-որ առումով կայուն շուկա կլինի: Բայց դա, բնականաբար, ռիսկային էր, քանի որ, երբ գործը սկսում ես, միայն մեկ տեղից` մեկ շուկայից կախված լինելը վտանգներ է պարունակում: Եվ այն առաջին պատվերների փունջը, որ ունեցանք, հիմա մեզ խթանում է, որ անցնենք առաջ, այսինքն` հնարավորինս նվազեցնենք կախվածությունը միայն «Արմաթ» լաբորատորիաների ստեղծած շուկայից, դիվերսիֆիկացնենք մեր վաճառքի շուկան, աստիճանաբար տարածվենք, սկզբում՝ տեղական շուկայում, այնուհետև դուրս գանք նաև միջազգային ասպարեզ: Մեր հիմնական նպատակը հաջորդ տարվա համար հենց ավելի լայնորեն տեղական շուկա մտնելն է: Ուղղակի տեղական շուկայում ճանաչման հարցը խնդիր է. մարդիկ շատ չգիտեն, թե եռաչափ տպիչներն ինչի համար են պիտանի, որտեղ են պետք գալիս, ինչպես կարելի է դրանք կիրառել առօրյայում կամ բիզնեսում և այլն: Եվ դա տարածումը դժվարացնում է»,- նշում է ընկերության տնօրենն ու շարունակում ներկայացնել մի քանի օրինակ, թե առօրյա կենցաղում կամ փոքր` լոկալ արտադրություններում ինչպես կարող են դրանք արդյունավետ կիրառվել:

Այսպես, նման տպիչները հրաշալի նվեր են երեխաների համար, քանի որ այն ծնողները, որոնք իրենց երեխաների համար լեգոներ են գնում, կարող են գնել պրինտեր, շարժիչներ, երեխաներն ինքնուրույն մտնեն լավ կայքեր, ռոբոտների մասերի գծագրերը ներբեռնեն ու իրենց տպիչի միջոցով տպեն, հետո էլ հավաքեն: Այսինքն` երեխան դառնում է կոնստրուկտոր, իսկ հետագայում արդեն, կամաց-կամաց սովորելով, երեխան ինքը կսկսի իրեն անհրաժեշտ գծագրերը գծել: Շտամպների արտադրության մեջ, օրինակ, եռաչափ տպիչները մեծ կիրառություն ունեն, քանի որ երբ ինժեներները շաբլոնները գծում են, եթե լինի եռաչափ տպիչ՝ կարող են անմիջապես նախագծած դետալների օրինակները տպել այդ տպիչներով ու տեսնել, թե ինչ թերություններ կան, ամեն ինչ կարգի՞ն է: Այսինքն՝ որպեսզի մինչև շաբլոնը վերջնական թողարկելը, հասկանան` իրենց ուզած դետա՞լն են ստանալու, թե՞ ոչ, ու դրանից հետո նոր սկսեն մեծ քանակությամբ դետալներն արտադրել: Կամ սպեցիֆիկ` դժվար գտնվող դետալների արտադրություն կազմակերպելիս կարելի է օգտագործել եռաչափ տպիչներ: Մի խոսքով` կիրառության բնագավառները շատ են ու տարբեր:

Հետաքրքիր էր նաև, թե ինչ հատկություններ կամ «գաղտնիքներ» օգնեցին, որպեսզի երիտասարդ ձեռներեցները սկսեն ու մեկ տարվա ընթացքում քառապատկեն իրենց արտադրությունը, երբ շուրջբոլորը միայն դժգոհություններ են, թե Հայաստանում ոչինչ չի ստացվում:

«Բիզնես սկսելու, իսկ հետո էլ հաջողություններ ունենալու համար գործարարը պետք է առաջինը «հոտառություն» ունենա, որպեսզի հասկանա ու կանխատեսի պրոցեսները: Երկրորդ` պետք է բիզնեսի մեջ ազնիվ լինել, որովհետև խաբելով չես կարող երկար «ապրել»: Մյուս կարևոր հատկանիշն անընդհատ աճելու, զարգանալու հատկությունն է: Օրինակ` շատերը բիզնես են դնում, ինչ-որ հաստատուն եկամուտ են ստանում, ու մի քանի տարի այդպես համակերպված ապրում են, չեն մտածում լրացուցիչ ներդրումներ անելու, իրենց բիզնեսն ընդլայնելու, զարգացնելու մասին: Բիզնեսմենը պետք է անընդհատ կրթվի, իր վրա անընդհատ աշխատի: Մի տարի առաջ ու հիմա՝ ահագին տարբերություններ կան: Անընդհատ կարդում ես, նայում ես, նոր բաներ ես սովորում, զարգանում ես, խորանում ես քո բնագավառում: Առանց դրա զարգացում չկա: Բիզնեսում կարևոր են նաև կապերը. մարդ պետք է կարողանա իր կապերն օգտագործել: Եթե կա հնարավորություն, որ կոնկրետ կապը կարող է ինչ-որ կերպ օժանդակել բիզնեսի զարգացմանը՝ մարդը չպետք է ամաչի, այլ պետք է գնա ու այդ կապն օգտագործի: Հաջորդ խիստ կարևոր հանգամանքը լավ թիմ ունենալն է: Այս ամենը ես մենակ չեմ արել, ու մենք մեր գործի հիմքում հենց այդ գործոնն ենք դրել, որ մենք ուժեղ, բանիմաց, կարող թիմ ենք, որը կարող է լուծել իր առջև դրված խնդիրներն ու հասնել հաջողության: Այս ամենը մեր փորձի, մեր անձնական օրինակով եմ ասում»,- նշում է Խոջաբաղյանը:

ՕգմենթԱր

Առաջիկա մեկ տարում ընկերությունը մտադիր է ունենալ մրցունակ արտադրանք, որը մասնավորապես ակտիվ կվաճառվի Հայաստանում, իսկ մինչև 5 տարին փորձելու են այդ արտադրանքը տարածել այլ շուկաներում: Բայց ամենից կարևորը «ՕգմենթԱր»-ում համարում են այն, որ ամեն ինչ պետք է իրականացնեն հենց Գորիսում: Հետաքրքիր է նաև այն, որ այս, կարելի է ասել, նորաստեղծ ընկերությունն արդեն ինքն է փորձում ուրիշներին օգնել:

«Մենք մեր գործունեության ընթացքում փորձում ենք բոլորին հնարավորինս աջակցել. ում ինչով կարող ենք: Եթե ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ բան սովորել՝ մենք մի քիչ նեղված ենք նստում աշխատասենյակներում, որպեսզի տվյալ մարդը կարողանա գալ ու մեզ հետ նստել, սովորել: Քանի որ մեզ էլ են այդպես հնարավորություն տվել, օգնել, մենք էլ որոշել ենք նույն կերպ շարունակել մեր աշխատանքները` ուրիշին օգնելով: «Բարձրացիր և բարձրացրու» սկզբունքով ու հասկացողությամբ ենք փորձում աշխատել, փորձում ենք աջակցել յուրաքանչյուրին, ում կարող ենք»,- նշում է Արթուր Խոջաբաղյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: