Հայերեն   English   Русский  

OMCT-ն Ադրբեջանում իրավախախտումների դեմ քարոզարշավ է սկսել


  
դիտումներ: 502

Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT) դեկտեմբերի 20-ին սկսել է քարոզարշավ՝ միջազգային հանրությանը կոչ անելով միջամտել Ադրբեջանում տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, OMCT-ի հայտարարությունում նշված է դաժան խոշտանգումներին և անարդար դատավարություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին, ինչը գրանցվել է «Նարդարանի գործի» շրջանակներում. Բաքվի մոտակայքում գտնվող Նարդարան ավանի 18 ամբաստանյալ ենթարկվել են խոշտանգումների:

Կազմակերպությունը նշում է, որ այդ երիտասարդ հավատացյալները իշխանությունների կողմից մեղադրվում են լուրջ հանցագործությունների, այդ թվում՝ սպանության, ահաբեկչության, անկարգությունների, զենքի ապօրինի պահման, իշխանության բռնի գրավման, կրոնական ատելության հրահրման մեջ:

2015 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալման ժամանակ նրանց առաջնորդ Թալեհ Բագիրզադեն և բոլոր մյուս հավատացյալները դաժան ծեծի են ենթարկվել, իսկ ոմանք էլ սպանվել են: Ծեծը մի քանի օր շարունակվել է նաև ոստիկանության բաժանմունքներում, սակայն դատախազությունը հետաքննություն չի սկսել:

Ոստիկանությունը թույլ է տվել Բագիրզադեին հանդիպել իր փաստաբանի հետ միայն ավելի քան մեկ ամիս անց, իսկ վերջինս խոշտանգումների կիրառման վերաբերյալ անմիջապես բողոք է ներկայացրել: OMCT կազմակերպությունը ընդգծել է, որ ադրբեջանական դատարանը մի քանի անգամ հետաձգել է դատական նիստը, որպեսզի Բագիրզադեի վերքերը բուժվեն, և նա ստիպված է եղել իր բողոքը հետ կանչել խոշտանգումների կրկնման վտանգի պատճառով:

Ամբաստանյալների նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքի պատճառը Ադրբեջանում իշխող ռեժիմի, կաշառակերության և մարդու իրավունքների խախտման քննադատությունն է: Նման երևույթների դեմ երիտասարդների բողոքները իշխանությունները ձգտում են ներկայացնել որպես կրոնական արմատականություն:

Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել միջազգային կազմակերպություններին Ադրբեջանի ղեկավարին, գլխավոր դատախազին, ներքին գործերի նախարարին, արդարադատության նախարարին և արտաքին գործերի նախարարին հասցեագրված պետիցիա հղել՝ պահանջելով դադարեցնել ձերբակալված նարդարանցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և ապահովել արդար դատավարություն, բացահայտել և պատասխանատվության ենթարկել խոշտանգումներում մեղավոր անձանց, ազատ արձակել կալանավորված բոլոր իրավապաշտպաններին և անարդարացի ձերբակալվածներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: