Հայերեն   English   Русский  

Հումանիզմ ակնկալվում է մեկ կողմից միայն. Լարիսա Ալավերդյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մասին


  
դիտումներ: 2731

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ուներ երկու կողմ՝ լավ և վատ: Լավն այն է, որ իմպերատիվ բնույթի հայտարարություն է արվել: Մինչև այս նման բան չէինք տեսել: Երբ հայկական կողմը ասում է ինչու չեք արձագանքում պատշաճ կերպով, միշտ պատասխանում էին, որ դա դիվանագիտական դաշտի հարց է: Պարզվում է , որ ամեն դեպքում համանախագահաներն ունեն այդ ունակությունը և խիստ կարգադրական, բավական կոշտ ոճի հաղորդագրություն են տարածել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին հայտարարություն էին դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որում նշել էին՝ Հայաստանի Զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը, ինչպես նաև կոչ արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ըստ տիկին Ալավերդյանի՝ վատն կողմն այն է, որ բերել ու կապում են ինչ-ինչ պայմանների հետ և հումանիզմ ակնկալվում է մեկ կողմից միայն. «Ինչո՞ւ հայ զինվորների կտրած գլուխների մասին նման հայտարարություն չեղավ: Արդյոք եղել է նման հայտարարություն: Հումանիզմից ելնելով հավասար ձևով թող անդրադարձ կատարեին, ի՞նչ է, Ադրբեջանից որևէ հումանիզմի դրսևորում չե՞ն ակնկալում»,-ասաց նա:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանի խոսքով՝ նման հայտարարություններն ուղղակի ոգևորում են ու նպաստում, որ Ադրբեջանը դիմի վայրագ գործողությունների: Սա անուղղակի մասնակցություն է, քողարկում:

Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ մեծ աշխատանք պետք է տարվի դիվանագիտական դաշտում ՀՀ կողմից: Հայկական կողմը պետք է խորքային դիվանագիտական աշխատանք կատարի: Պասիվ է նաև հանրությունը: Հայտնի է, որ միջազգային կառույցներին դեկտեմբերի 29-ի միջադեպի հետ կապված որևէ նամակ չի ուղղվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: