Հայերեն   English   Русский  

Քարվաճառում ավարտվում են «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները (տեսանյութ)


  
դիտումներ: 1086

Շահումյանի շրջանի Արսենավան տեղամասում ավարտին են մոտենում «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները. դրանց ընթացքին երեկ ծանոթացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Բակո Սահակյանին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կայանի հզորությանն ու կարևորությանը, նշել է, որ այն վերջին տարիներին կառուցվող ամենախոշոր հիդրոէլեկտրակայանն է, և որ ամենակարևորն է՝ այն կառուցվում է Շահումյանի շրջանում:

««Ջերմաջուր-1» ՀԷԿ-ի կառուցումն իրականացվեց օղակաձև բարձրավոլտ էլեկտրական գծերի կառուցման շնորհիվ: Այստեղ նախատեսվում է ևս մի քանի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում. դրանք նպաստելու են շրջանի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, ՀԷԿ-երի կառուցումն իրականացնող բոլոր ներդրողներն էլ մասնավոր անձինք են. կառավարությունն ընդամենն աջակցում է նրանց՝ ապահովելով աշխատանքն իրականացնելու համար բարենպաստ պայմաններ: Ներդրողներն Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից են: Ի դեպ, նշեմ, որ այս նախագծի առավելություններից մեկն էլ այն է, որ դրա շնորհիվ այստեղի ջրային, ճանապարհային ենթակառուցվածքները զարգանում են: Շնորհիվ կառուցող ընկերության՝ մեր պատմական տարածքները կարող ենք օգտագործել նաև զբոսաշրջության զարգացման նպատակով»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

ԼՂՀ վարչապետի խոսքով՝ Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար կան մեծ նախադրյալներ. «Մենք կարող ենք ՀԷԿ-եր կառուցել Լև, Թարթառ գետերի, Քաշաթաղի շրջանում Հոչանց գետի վրա: Կարելի է կառուցել նաև Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ Թարթառ գետի ջրամբարից ներքև: Դրանք փուլ առ փուլ կյանքի կկոչվեն: Գումարային հաշվով այս տարի մինչև 35 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր են շահագործման հանձնվելու, որոնք ավելին են, քան վերջին 10 տարվա մեջ կառուցվածները. դա արդեն իսկ ծրագրի արդյունավետության ապացույցն է»:

ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահ Գրիգոր Գաբայանն էլ նշել է, որ «Ջերմաջուր-1»-ը ժամանակակից հէկերի մեջ կարող է ունենալ առաջնակարգ դիրք:

«Այն Հայաստանում վերջին տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երից ամենամեծն է: Մենք մինչ այսօր չենք ունեցել 12.6 մեգավատ հզորությամբ կայան. այն առաջինն է: Այն նաև բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայան է՝ մոտ 500 մետր ջրի սահուն ճնշմամբ, հետևաբար, շատ բարդ է, և տեղադրվել են բարձրակարգ սարքավորումներ, որպեսզի խուսափենք խափանումներից»,- ասել է Գ. Գաբայանը և հավելել, որ արտադրողականությունը կազմում է տարեկան մինչև 60մլն ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիա:

Անդրադառնալով տուրբինների որակին՝ ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահը նշել է նաև, որ դրանք չեխական արտադրանք են՝ կառուցված չեխական և գերմանական սարքավորումներով, իսկ գեներատորները՝ գերմանական արտադրության:

«Տուրբիններն ամբողջությամբ աշխատում են ավտոմատ համակարգով: Այստեղ է նաև չեխական ընկերության ներկայացուցիչը, որն ուղղորդում է աշխատանքները: Հուսով ենք, որ մոտակա 20-25 օրվա մեջ արդեն առաջին տուրբինը կսկսի աշխատել և կտա մոտավորապես 3.7 մեգավատ հզորության էլեկտրաէներգիա: Մեր կողմից տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում «Ջերմաջուր 1»-ի կառուցողներին: Հուսով ենք՝ աշխատանքները հաջողությամբ կպսակվեն, և այն վայելելու հնարավորություն կընձեռվի ոչ միայն Արցախի այսօրվա բնակիչներին, այլև՝ նրանց թոռներին ու ծոռներին»,- ընդհանրացրել է խոսքը Գ. Գաբայանը:

«Ջերմաջուր-1» փոքր հիդրոէլեկտրակայանի բաժնետեր Սամվել Իսախանյանն էլ տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքներին մասնակցել է 80-ից ավելի մարդ, իսկ կայանը շահագործման հանձնելուց հետո աշխատողների թիվը կլինի շուրջ 20 հոգի՝ մոտ 90,000 դրամ միջին աշխատավարձով:

«Շուտով շահագործման կհանձնվի առաջին տուրբին-գեներատորը: Փետրվարին էլ ավարտին կհասցնենք երկրորդ փուլի շինարարական աշխատանքները, երրորդ փուլի ավարտն էլ նախատեսվում է իրականացնել մարտի 15-ին:

Արդեն անց է կացվել առաջին խողովակաշարը. ՀԷԿ-ից մինչև ջրամբար դրա հեռավորությունը 7 կմ է: Ավարտվել է նաև երկրորդ ջրամբարի շինարարությունը, իսկ դրա խողովակաշարի երկարությունն էլ 6 կմ է, երրորդինը՝ 4 կմ»,- պարզաբանել է Սամվել Իսախանյանը:

Բոլոր նմանատիպ կառույցներն անցնում են բնապահպանական փորձաքննություն, և ինչպես «Արցախպրես—ին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը, այդ ՀԷԿ-ը ևս բնապահպանական տեսանկյունից շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:

«Հաշվի են առնվել Շահումյանի այս տարածքի բնակլիմայական պայմանները, որպեսզի ոչ մի անտառածածկ տարածք չջրազրկվի, և նաև վնաս չհասցվի կենդանական աշխարհին:

«Ջերմաջուր-1» ՀԷԿ-ը ոչ միայն խթանում է տնտեսության զարգացումը, այլև էկոլոգիապես մաքուր էներգիա ստանալու լավագույն միջոց է»,- ընդգծել է Ա. Գաբրիելյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: