Հայերեն   English   Русский  

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային


  
դիտումներ: 487

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համատեղ ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները:

Բարձր գնահատելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում առկա ներուժը` դեսպան Յոհաննես Դաուման հայտնել է հոլանդական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել այն առավել արդյունավետ իրացնելու գործում: Միևնույն ժամանակ Հայաստանում ագրարային ոլորտի հետագա զարգացման հարցում դեսպանը հնարավոր է համարել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական միջոցների ներգրավումը:

Հանդիպմանը դեսպան Դաուման նախարար Իգնատի Առաքելյանին է ներկայացրել առաջարկություններ կարկուտի հետևանքների վերացման մեխանիզմների վերաբերյալ, որոնք նախարարը խոստացել է ուսումնասիրել:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցության առավել հեռանկարային ուղղություններին` կողմերը հատուկ անդրադարձ են կատարել կարտոֆիլագործության զարգացմանը` այդ համատեքստում հատկապես կարևորելով կարտոֆիլի պահեստավորման և վերամշակման նպատակով ներդրումների իրականացումն ու այս ուղղությամբ համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Քննարկվել են նաև Հայաստանոմ գյուղատնտեսական տեխնիկայի վերազինմանն առնչվող խնդիրներ: Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ գյուղտեխնիկայի արդիականացումը հիմք կստեղծի ագրարային բնագավառի հետագա զարգացման համար և թույլ կտա ոլորտը դարձնել ավելի շահութաբեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսական կենդանիների սնուցման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: