Հայերեն   English   Русский  

​Հայաստանյան եզակի բիզնես նախագիծ ընդդեմ երկրաշարժերի


  
դիտումներ: 3502

Բիզնեսի մասնագետները վստահեցնում են, որ լավագույն բիզնես գաղափարի նախադրյալն այն է, երբ կարողանում ես ախտորոշել որևէ խնդիր, փնտրել-գտնել դրա լուծումն ու դա վերածել ապրանքի կամ ծառայության: Այս առումով Հայաստանում, ավելի որոշակի` Գյումրիում մի եզակի բիզնես է գործում, որը հետաքրքիր է ոչ միայն միակը լինելու հանգամանքով: Խոսքը «Սեյսմիկ տեքնոլոջիս» ՓԲԸ-ի մասին է, որը մշակում, նախագծում և արտադրում է տարբեր նշանակության արդիական սեյսմիկ սարքեր:

սեյսմիկ սարքեր

Շատ խորհրդանշական է թվում հատկապես Գյումրիում երկրաշարժերի ուսումնասիրության նման սարքերի արտադրությունը:

«Մենք՝ այդ բիզնես սկսողներս, սեյսմիկ ծառայության աշխատակիցներ ենք` երկրաշարժ գրանցող սարքերի մասնագետ ենք ու ժամանակակից սարքերի կարիք ունեինք: Սովետական Միությունից ժառանգել էինք անալոգային սեյսմիկ կայաններ, որոնք թղթի վրա տվյալներ էին հաղորդում, բայց աշխարհն այս ասպարեզում բավականին առաջ էր «թռել»: Այսօր կան բազմաթիվ սարքեր, որոնք, սակայն, բավականին թանկ են, մեր պետությունը ձեռք չի բերում: Ու մենք որոշեցինք ինքներս մի բան մտածել, ստեղծել, որպեսզի այդ բացը կարողանանք լրացնել: Պահանջն էր Հայաստանի տարածքում ունենալ նորմալ, ժամանակակից սեյսմիկ կայաններ: Դրա համար մենք օգտագործեցինք տարիների ընթացքում մեր կուտակած գիտելիքներն ու փորձը: Ու առաջին անգամ Հայաստանում փորձեցինք երկրաշարժը թվայնացնել, օգտագործել անալոգա-թվային ցուցիչներ, տվիչներ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ: Հիմնական նպատակը դա էր, բայց եթե հետագայում ունենայինք հաջողություններ, կարողանայինք նաև վաճառել, արտահանել, զարգանալ՝ դա էլ արդեն հեռանկարն էր»,- «Անկախին» պատմեց «Սեյսմիկ տեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն Վանիկ Մկրտչյանը:

Այսպես 2012 թ. հիմնվեց ընկերությունը, որի արտադրած սարքերը երկրաշարժ են գրանցում Հայաստանի տարածքում սովորական ռեժիմային, մոնիթորինգային ծառայություն իրականացնելու համար: Սկզբում գործընկերները սկսում են սեյսմիկ կայանների նախագծումից ու պատրաստումից, բայց հետագայում անցնում են նաև այլ սարքերի նախագծման ու արտադրության: Հիմա կան տարբեր երկրաֆիզիկական դաշտեր, որոնք պետք է նաև ուսումնասիրել, և ընկերությունը սկսում է այդ ուղղությամբ ստեղծել ու արտադրել թվայնացված ռադոնաչափ: Դա չափում է գրունտում ռադոնի պարունակությունը և ինչ-որ ձևով կապում է հետագա երկրաշարժի հետ, դրա ակտիվացումը կամ թուլացումն է արձանագրում, չափում և այլն: Ուսումնասիրվում են նաև այլ երկրաֆիզիկական դաշտեր: Կան նաև մագնիսաչափական դաշտեր, որոնք նույնպես չափում են սեյսմիկ ծառայությունները, այդ աշխատանքների համար նախատեսված սարքերն ընկերությունը թվայնացրել ու բերել է ժամանակակից տեսքի:

«Բացի դրանից, մենք ունենք սեյսմիկ ընդունիչներ, որոնք գրանցում են երկրաշարժերը: Աշխարհում բազմաթիվ այդպիսի ընդունիչներ կան, բայց մերը տարբերվում է մնացածից, քանի որ ավելի մատչելի է, ավելի պարզ: Արտասահմանյան համանման սարքերից մեր սարքերը մոտ 3-5 անգամ ավելի էժան են ստացվում»,- նշում է Վանիկ Մկրտչյանն ու հավելում` եթե պահանջարկ լինի, 2-3 ամսում իրենք ի վիճակի են 10 նման սարքերի պատվերներ կատարել, ինչը բավականին խոսուն ցուցանիշ է այս բնագավառում ընդամենը 4-5 տարի գործունեություն սկսած այսպիսի փոքր թիմի համար: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանում այս պահին քանի նման սարքի պահանջարկ կարող է լինել, Վանիկ Մկրտչյանը նշում է` ամբողջ Հայաստանի ցանցն այսօրվա դրությամբ ունի Գառնիում տեղադրված 1 միավոր ամերիկյան արդիական համակարգ, 6 հատ անգլիական «Գուռալպ» համակարգեր, որոնք ՄԱԳԱՏԷ-ի կողմից ատոմակայանի հսկողության համար տրամադրված սարքեր են, իսկ մնացածը վաղուց հնացած են: Մինչդեռ Հայաստանի ու Արցախի ամբողջ տարածքը ծածկելու համար մոտ 25-30 նման սարքի անհրաժեշտություն կա: Ի դեպ, դրանք թանկ չեն, «Սեյսմիկ թեքնոլոջիսի» արտադրած սարքերն արժեն 2500 ԱՄՆ դոլար, այնինչ եվրոպական համանման սարքերի գինը սկսվում է 6000-7000 դոլարից:

Մի խոսքով` 4-5 գործընկերներով որոշել ու սկսել են սեփական գաղափարները կյանքի կոչել՝ առկա խնդիրը լուծելու համար:

Վանիկ Մկրտչյանը մեզ պատմեց նաև, որ իրենց գաղափարի իրագործման առաջին քայլին նպաստել է Գյումրու տեխնոպարկի հիմնումը: Տեխնոպարկին ներկայացրել են իրենց գաղափարը, ստացել որոշակի մեկնարկային գումար: Եվ այդ գումարով հնարավոր եղավ պատրաստել առաջին փորձանմուշը: Այդ աջակցության շնորհիվ էլ հիմնվեց Հայաստանում նմանը չունեցող այս ընկերությունը: Այս գաղափարը կյանքի կոչած 4-5 ընկերներից բացի, ներկայումս ընկերության ծրագրերի վրա ավելի շատ մարդիկ են աշխատում: Բայց, ինչպես նշում է ընկերության գործադիր տնօրենը, բոլորն աշխատում են էնտուզիազմով. մարդիկ են, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն և համագործակցում են ընկերության հետ, օգնում աշխատանքներում: Այս բիզնես-գաղափարի ամենակարևոր հանգամանքը գաղափարը ծրագրային տեսքի բերելն է: Աշխատանքի ծրագրային հենքն է ստեղծվում ընկերության կողմից:

Ի՞նչ է պետք, որ մարդն իր գաղափարը կարողանա կյանքի կոչել: Մկրտչյանը պատասխանում է, որ հարցն այն է, թե ինչ հեռանկար ունի նախաձեռնողը, ցանկանում է կարկանդակ թխել ու անմիջապես վաճառե՞լ, թե՞ պետք է մշակումներ իրականացնի, փորձարկումներ կատարի, հղկի իր ստեղծածը, բերի ապրանքային տեսքի, դարձնի այն մրցունակ և հրապուրիչ, ինչը ավելի ժամանակատար ու ծախսատար է, պահանջում է աշխատասիրություն և համբերություն, ճշգրտություն և այլ կարևոր որակներ ու հատկանիշներ: Պետք է նաև որոշակի գիտելիքներ ու փորձ ունենալ, մարքեթինգի, բիզնեսի վարման ու կառավարման հմտություններ, ուստի պետք է շատ ուսումնասիրել, կարդալ, ինքնազարգացմամբ զբաղվել:

Հաջողության հասնելու համար, նշում է մեր զրուցակիցը, շատ կարևոր է գաղափարի իրատեսական լինելը. «Պետք է հազար ու մի պարագա հաշվի առնես ու հիմնական թիրախը գտնես, թե ում է պետք, ինչքան է պետք, ընդհանրապես պե՞տք է, թե՞ ոչ, ինչպե՞ս է պետք և այլն: Այսինքն` մարքեթինգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք չենք անցել: Եթե մարդ, օրինակ, ուզում է բաժակ արտադրել, պետք է ընկնի ու ամբողջ աշխարհում փնտրի, թե ով է արտադրում, ինչքան ու ինչպես է արտադրում, ինչ գնով է առաջարկում իր արտադրանքը, ինչ ծախսեր են անհրաժեշտ, և այսպես շարունակ: Սրանք կարևոր հանգամանքներ են, որոնք յուրաքանչյուր գործ սկսելիս պետք է ուսումնասիրես: Իսկ եթե չունես նման պատկերացումներ, օդի մեջ ես սկսում, այդպես էլ մնում ես օդի մեջ»,- ասում է Վանիկ Մկրտչյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: