Հայերեն   English   Русский  

​ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐ


  
դիտումներ: 6843

Օրբելյանների զինանշանը

Օրբելյանների իշխանական տոհմը հսկայական դերակատարություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հարևան Վրաստանում:

Օրբելյանների տոհմը սերում է Մամիկոնյաններից: Հայոց մատենագրությունը թե՛ Մամիկոնյաններին, թե՛ Օրբելիներին նույնանման ծագում է վերագրում: Ամենայն հավանականությամբ վաղ միջնադարում տոհմը երկփեղկվել է, նրանց մի մասը, հաստատվելով Լոռիում, քաղկեդոնականություն է ընդունել՝ հայրենական իշխանակենտրոն Օրբեթ ամրոցի անունով կոչվելով Օրբելի:

Վաղ միջնադարում Օրբելիներն արագ ինտեգրվեցին վրաց ռազմաքաղաքական կյանքին՝ վրաց արքունիքում վարելով թագադիր ասպետի, սպարապետի պատասխանատու պաշտոնները:

XI-XII դարերում Օրբելիներն ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն ու ազդեցությունը Վրաստանում և Հյուսիսային Հայաստանում: Խնամիական կապեր հաստատելով Լոռվա Կյուրիկյան թագավորների հետ՝ Լոռվա թագավորության անկումից հետո նրանք տիրացան Կյուրիկյանների գրեթե ողջ տիրույթներին:

1177 թ. Օրբելիները, պաշտպանելով անօրինաբար գահազրկված վրաց Դեմետրե արքայազնի շահերը, հզոր ապստամբություն բարձրացրին վրաց Գեորգի Գ արքայի դեմ: Օրբելիները մոտ էին հաղթանակին, սակայն վճռական պահին նրանց լքեցին Սարգիս Զաքարյանի գլխավորած հայկական զորքերը: Եվ Գեորգին հաղթանակ տարավ, կալանեց ապստամբության առաջնորդ Իվանե Օրբելուն ու կուրացրեց նրան:

Իվանեի եղբոր՝ Լիպարիտի որդիները սկզբում խույս տվեցին Վրաստանից և հաստատվեցին Պարսկաստանում: Տարիներ անց նրանցից ավագը՝ Իվանեն, վերադարձավ Վրաստան և Թամար թագուհուց ստացավ Օրբեթը, սակայն առանց նախկին տոհմային իրավունքների: Իվանեի եղբայր Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, ամուսնացավ Սյունյաց իշխաններից Աբաս Ճահկեցու քրոջ դստեր՝ Խաթունի հետ և դառնալով Երնջկի բերդատերը՝ հաստատվեց Սյունիքում՝ սկիզբ դնելով Օրբելյանների Սյունյաց ճյուղին: Էլիկում Օրբելյանը զոհվեց 1184 թ.:

Զաքարյան պետության հզորացման շրջանում Էլիկումի որդի Լիպարիտ Օրբելյանին Իվանե Զաքարյանը կալվածքներ շնորհեց Գեղարքունիքում և Վայոց ձորում: Լիպարիտ Օրբելյանը աստիճանաբար ամրապնդեց Օրբելյան իշխանական տան հզորությունը Սյունիքում:

Զաքարյան պետության թուլացման հետ մեկտեղ Օրբելյանները, աստիճանաբար հզորանալով, փորձեցին դուրս գալ Զաքարյանների գերագահությունից: Նրանք իրենց նպատակներին հասնելու համար գնացին ամեն քայլի՝ օգտագործելով անգամ մոնղոլներին, որոնք Հայաստանը պառակտելու համար, բնականաբար, հագուրդ էին տալիս Օրբելյանների ձգտումներին:

Իսկ Զաքարյանների և Օրբելյանների միջև պայքարը հետզհետե ավելի ու ավելի էր սրվում: Մանավանդ Ավագ Զաքարյանի մահից հետո Օրբելյաններն իրենց ավելի ազատ զգացին՝ հալածելով Խոշաք իշխանուհուն: Վերջինս Օրբելյաններից պաշտպանվելու համար ստիպված էր ամուսնանալ վրաց արքայազնի հետ ու վրաց գահ բարձրանալով՝ պայքար ծավալել Օրբելյանների դեմ:

1251 թ. Սմբատ Օրբելյանը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում և Մանգու խանից իր տիրույթների համար ստացավ «ինջու» կարգավիճակ՝ անկախանալով Զաքարյաններից: Այս կարգավիճակը Օրբելյանների տիրույթները ոչ միայն հանում էր Զաքարյանների պետության քաղաքական ոլորտից, այլև ներքին լայն անկախություն էր շնորհում: Օրբելյաններն այսուհետ ենթակա էին անմիջապես Մեծ խանին, և նրանց տիրույթները մոնղոլ հարկահավաքները մտնելու իրավունք չունեին: Սա իրավունք տվեց Սմբատին կոչվելու նաև արքա, քանզի իրավական առումով մոնղոլական կայսրության սահմաններում Օրբելյանների տիրույթներն ավելի արտոնյալ կարգավիճակում էին, քան Զաքարյաններինը:

Ահա թե ինչպես է բնութագրում Ստեփանոս Օրբելյան պատմիչը իշխանաց իշխան Սմբատին. «…Ապա նրա (այսինքն՝ Էլիկումի) իշխանությանը տիրում է իր եղբայրը՝ ամենօրհնյալ և բոլորից գովելի Սմբատը, որը մեծահանճար էր, ուժեղ մտքով, աննման խելքով, խիստ հնարագետ, խոսքաշեն ու քաղցրախոս, լեզուների իմացությամբ հմուտ և ճարտար: Դատաստանական ատյաններում անպարտելի էր, որովհետև խոսում էր հինգ լեզվով՝ հայերեն, վրացերեն, ույղուրերեն, պարսկերեն և բուն մոնղոլերեն»:

Օրբելյանների զորությունն աճեց նաև Սմբատի որդու՝ Տերսայիճի իշխանապետության տարիներին: Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Սյունիքի, ինչպես նաև՝ Խաչենի վրա: Տերսայիճ Օրբելյանն ամուսնացել էր Խաչենի Հասան-Ջալալ Դոլա իշխանի դստեր՝ Մինախաթունի հետ ու ամրապնդել Խաչենի իշխանության հետ իր դաշինքը:

Տերսայիճը Սյունիքում հաստատեց նաև իր տոհմի հոգևոր իշխանությունը: Սյունյաց մետրոպոլ դարձավ նրա որդին՝ միջնադարի հայտնի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, վերլուծելով Տարսայիճի գործունեությունը, նշում է. «Տարսայիճը հարգված և սիրված էր աշխարհակալների և բոլոր մեծամեծների կողմից: Ահարկու էր բոլոր թշնամիների համար: Կատարել է լայնածավալ շինարարական աշխատանքներ, կառուցել եկեղեցիներ, նորոգել խարխլված վանքեր»:

Նա հայոց և վրաց միասնական պետության աթաբեկն էր:

Տարսայիճ Օրբելյանի կյանքը ընդհատվում է 1290 թ.: Նրա մահարձանի վրա գրված է. «Այս է հանգիստ արքայաշուք կողմնակալին, հզոր և մեծ գործակալին և քաջապահ մենամարտին»:

Տերսայիճի որդու՝ Էլիկումի օրոք Սյունյաց Օրբելյանների իշխանապետությունը պառակտվեց: Նրա գահերեցությամբ Սյունիքում առաջացան ևս երկու իշխանություններ, որոնց գլուխ կանգնած էին Ջալալ և Լիպարիտ Օրբելյանները: Սակայն Էլիկումի որդի Բուրթել Օրբելյանը կրկին կարողացավ միավորել Սյունիքն ու ավելի հզորացնել Օրբելյանների իշխանությունը: Բուրթելի հեղինակությունը մեծ էր մոնղոլական կայսրության մեջ: Նա մեծ խանի կողմից նշանակվեց Արևելյան իշխանության մայրաքաղաքների՝ Թավրիզի և Սուլթանիեի ամիրա-քաղաքագլուխ: Նա միաժամանակ հայոց և վրաց զորքերի սպարապետն էր:

Սակայն Բուրթել Օրբելյանից հետո Օրբելյանների իշխանությունը թուլացավ և պառակտվեց՝ նրա զավակների միջև ծագած գահակալական կռիվների պատճառով:

Օրբելյանների իշխանությանը զորեղ հարված հասցրեց Լենկթեմուրը: 1386 թ. Լենկթեմուրի զորքերը պաշարեցին և գրավեցին Օրբելյանների իշխանանիստ Որոտնաբերդը: Այդ արշավանքներից հետո Օրբելյանները կորցրեցին գրեթե ողջ տիրույթները Սյունիքում:

Սյունիքից Օրբելյան իշխանները հայացք ձգեցին դեպի նախնյաց տիրույթներ՝ Լոռի: Բեշքեն Օրբելյան իշխանն իր 6000 հպատակների հետ 1437 թ. հաստատվեց Լոռի բերդում: Բեշքեն Օրբելյանի դուստրն ամուսնացավ վրաց Ալեքսանդր թագավորի որդու հետ, ապա, տարիներ անց դարձավ վրաց թագուհի: Որդին՝ Ռոստոմ Օրբելյանը, դարձավ կարակոյունլուների առաջնորդ Իսկանդերի խորհրդականն ու մտերիմ զինակիցը: Օրբելյանները փորձեցին վերականգնել իրենց հզորությունն ու ազդեցությունը, սակայն այդ ծրագիրն ի դերև եղավ: Բեշքեն Օրբելյանը դարձավ իր խնամու՝ վրաց թագավորի դավադրության զոհ: Վրաց արքան, վախենալով Բեշքենի հզորությունից, սպանել տվեց նրան, իսկ որդին՝ Ռուստամը, զոհվեց Լենկթեմուրի թոռ Շահռուխի՝ դեպի արևելք՝ կարակոյունլուների դեմ կազմակերպած արշավանքների ժամանակ:

Օրբելյանները հայ մշակույթի հովանավորներ էին: Նրանք իրենց իշխանապետության սահմաններում համալսարաններ ու բարձրագույն դպրոցներ բացեցին, ամրոցներ, կամուրջներ, ապարանքներ ու եկեղեցիներ կառուցեցին: Իսկ Օրբելյանների մշակութային մեծագույն ձեռքբերումը, ինչ խոսք, Նորավանքի վանական համալիրն է, որտեղ գործել են անվանի ճարտարապետներ Սիրանեսն ու Մոմիկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: