Հայերեն   English   Русский  

​Մենք մարդկանց անցյալը տեսնելու խնդիր ունենք, մենք չենք հենվում անցյալի վրա. Սոֆյա Հովսեփյան


  
դիտումներ: 3115

Առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու չնայած դեռ քարոզարշավը չի սկսվել, նախընտրական քննարկումներն արդեն մեկնարկել են: Մարդկանց, գլխավոր՝ «ում ընտրել» հարցից բացի, հուզում է նաև՝ ինչպես արդար ընտրություններ ապահովել, ընդհանրապես, գնալ ընտրություններին, թե ոչ: Եվ ահա «Անկախն» առաջիկա համարներում հարցազրույցներ կունենա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ՝ փորձելով ներկայացնել այս հարցերի պատասխանները:

Շարքը սկսում ենք «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանի հետ հարցազրույցով:

- Սոֆյա, սկսենք շատերին հուզող հարցից. մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ: Ո՞րն է ճիշտ:

- Դեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընդդիմադիր դաշտը մի թյուր կողմնորոշում մտցրեց մարդկանց մեջ՝ բոյկոտել ընտրությունները, չմասնակցել: Արդյունքում մարդիկ երկակի խնդրի առաջ կանգնեցին՝ մտածելով՝ ճիշտ էր արդյոք իրենց քայլը: Այնուամենայնիվ, գոյություն ունի քաղաքացիական պարտք ասվածը, որը պետք է յուրաքանչյուր անհատ կատարի: Ում կընտրի՝ իր գործն է: Սակայն ընտրություններին մասնակցելը մի քանի վտանգներից է զերծ պահում: Նախ՝ մարդը վստահ է լինում, որ իր անվան դիմաց ինքն է ստորագրել և ինքն է քվեարկել: Նաև իր կամքն է արտահայտում՝ որոշելով, թե ում օգտին քվեարկի: Երրորդ՝ տալիս է լավագույն հնարավորությունը այն մարդուն, որին ինքը քիչ թե շատ համարում է ավելի վստահելի, մինչդեռ ընտրությանը չմասնակցելու դեպքում ընտրվելու առավել մեծ շանսեր է տալիս այն մարդուն, որին չէր ուզենա տեսնել ընտրված:

Ես համարում եմ, որ ճիշտ բանաձևը մասնակցությունն է:

- Իսկ մոտեցո՞ւմը, որ ներկա համակարգի պայմաններում արդար ընտրություններ հնարավոր չեն, և մասնակցությամբ քաղաքացին լեգիտիմացնում է կեղծված ընտրությունները:

- Որքանով է դա այդպես՝ յուրաքանչյուրս ենք որոշում: Նույն սկզբունքով մարդիկ ասում են՝ մեկ է, նրանք են անցնելու, և գնում են այդ քաղաքական ուժն ընտրելու: Եթե բոլորը չընտրեն, ապա նրանք չեն անցնի: Այդքան լցոնել չեն կարող, 10 ձայն և 1000 ձայն լցոնելը տարբեր բաներ են: Եվ եթե կա վերահսկողություն, կեղծիքները հնարավոր չեն: Անցած տարի ինքս դիտորդություն եմ արել ընտրությունների ժամանակ և հասկացել, որ եթե ազնիվ, ուշադիր ու անաչառ դիտորդներ կան, ապա ընտրությունների ժամանակ անհնար է կեղծիք անելը: Իհարկե, ընտրություններից առաջ իրենց սև գործն անում են:

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ փաստացի կեղծիքի արձանագրումը քրեական պատասխանատվության տարրեր է պարունակում, և յուրաքանչյուր հանձնաժողովի անդամ վախենում է քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

- Ժողովրդավարական ընտրությունների համար նախ ժողովրդավարական մտածողություն պետք է լինի: Ընտրությունների օրը չի լինում արդարությունը, այն լինում է մեր առօրյայում: Եթե արդար չենք ապրում, բայց խոսում ենք արդար ընտրություններից, ժողովրդավարության մասին խոսելն աբսուրդ է: Եթե մարդիկ սպասում են ընտրության, որ 5 հազար դրամներով իրենց գրպանը լցնեն մինչև պարտք փակելը, ապա այստեղ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող: Պետք է ավելի շատ մտածողության փոփոխություն լինի: Եթե մարդիկ ուզում են գնալ արդար ընտրության, ապա պետք է բոյկոտեն այդ գումարների բաժանումը մինչև ընտրությունը: Այո, առաջարկելու են, բայց եթե չվերցնենք, չեն առաջարկի:

Մարդիկ չեն գիտակցում, որ եթե անառակը իր մարմինն է վաճառում և գիտի ինչի համար, ապա իրենք իրենց ամբողջությամբ են վաճառում, նաև իրենց ես-ը, գիտակցությունը, ամեն ինչը: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք ձայն վաճառելու հետևանքները:

Եթե պետք է քննադատենք այն իշխանությանը կամ մարդուն, որին բերել ենք, բայց հաջորդ անգամ նորից մեր ձայնը վաճառենք նույն մարդուն կան նմանատիպ մեկին, ապա այստեղ ժողովրդավարության մասին խոսելն անգամ աբսուրդ է:

- Իսկ Հայաստանում այդ նախապայմանները կա՞ն, որ առաջիկայում քիչ թե շատ արդար ընտրություններ ակնկալենք:

- Նախորդ ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ նախապայմանները դրվում են: Բայց այն, ինչ կատարվում է, ցույց է տալիս, որ ամենամեծ բանը ժողովրդից է կախված:

Գործող կուսակցությունը և հարակից կուսակցություններն արդեն սկսել են գործել, դեռ չկա բուն քարոզարշավը, բայց արդեն կան մարդկանց գնելու միտումները: Հեռավոր գյուղերում արդեն սկսվել է գյուղապետների միջոցով անձնական տվյալների հավաքումը: Եթե անձը թույլ է տալիս, որ դա արվի, որքան էլ ընդդիմության դաշտը մաքուր լինի և թեկնածուն կատարյալ, պիտանի լինի ԱԺ-ի կամ նույն համայնքի համար, միևնույն է, իր շանսերը կփոքրանան: Պետք է շեշտը դնենք մարդկանց գիտակցության, խղճի ու բարոյականության վրա:

Ժողովուրդը պետք է պահանջի: Ամեն մեկը պետք է գիտակցի, թե որքանով է ինքը բարոյական: Եթե իրեն համարում է բարոյական, բայց իր հանդեպ անբարոյականություն է թույլ տալիս, ուրեմն ներեցեք, ինքն իրեն դեռ չի ճանաչում:

- Յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին ինչպե՞ս կարող է նպաստել արդար ընտրություններ անցկացնելուն:

- Յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին պետք է թույլ չտա իրեն կաշառել, երկրորդ՝ թույլ չտա, որ իր ճանաչած մարդկանց կաշառեն, այսինքն՝ երբ տեսնի, աչք չփակի ու գնա: Պետք է գիտակցի մի բան, որ իր անտարբերությունը հանգեցնում է երկրի վիճակի հետընթացի:

2016-ին տեղի ունեցածը ցույց տվեց տարիների ընթացքում տեղի ունեցածի հետևանքը: Դա պետք է լիներ, որ հասկանայինք, թե որքան խորն է արմատներ գցել այս կեղծիքը, արժանապատվության ու արժեհամակարգի անկումը, որքան է ընկել մարդու արժեքը մեր երկրում, որ ուղղակի կարող է մեկ օրում 100 երիտասարդի կյանք նվիրել, տարածքներ նվիրել ու ոչինչ չգիտակցել, և այսօր նույն կուսակցությունն ու իր մետաստազները նորից դիմեն կաշառքի: Սարսափելին այն չէ, որ նրանք դա անում են, սարսափելին այն է, որ բնակչությունը գնում է դրան՝ նորից վաճառելով իր ծոցից դուրս եկածին:

Մարդիկ խնդրի էության մեջ չեն խորանում: Գիտեն՝ ընտրություններ է, ինչ-որ շմայսներ ու սեյրան սարոյաններ կգնան կնստեն, էշ-էշ կխոսեն, մենք էլ կծիծաղենք, բայց չեն գիտակցում, թե ծիծաղի հետևում ինչ կա: Չեն գիտակցում, որ ինքնակոչ գեներալը մի ամբողջ համայնք իր բռի մեջ է պահում, մարդկանց թույլ չեն տալիս անգամ իրավունք բառն արտաբերել, ուր մնաց, թե իրավունքներ պաշտպանեն: Այսինքն՝ այնպիսի վիճակի ենք հասել, որ արժեք հասկացության գիտակցության խնդիր ունենք:

- Առաջիկա ընտրությունները նոր օրենսգրքով են անցկացվելու, որի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը որոշակի կոնսենսուսի են եկել: Ձեր կարծիքով՝ նոր ընտրական օրենսգիրքը կարո՞ղ է նպաստել արդար ընտրությունների անցկացմանը:

- Գիտեք, շատ չեմ խորացել, բայց ինչքան ուսումնասիրել եմ, կարող եմ ասել՝ կարող է լավ բան բերել: Բայց այն քայլերը, որ այսօր տեսնում եմ մարզերում շփման ժամանակ, մարդկանց առնելու, կաշառելու փորձերը հուշում են, որ միայն օրենսդրություն կամ սահմանադրություն փոխելով՝ բան չի փոխվի:

Եթե կա իրական ընդդիմադիր դաշտ, ապա շատ անելիք ունի: Եվ դա պետք է անի ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ պետք է աներ մինչ այդ՝ ազդելով մարդկանց գիտակցության վրա, արժեքներ ձևավորելով:

Մի քանի օր առաջ Շիրակի մարզում էի՝ իմ ծննդավայրում: Հասկացա, որ թեկնածուների թվում չկա այն մեկը, որի օգտին կուզենամ քվեարկել: Ու հիմա մտածում եմ՝ մի՞թե մի ամբողջ մարզում թեկնածություն չի դնելու մի այնպիսի մարդ, որին ընտրեմ ու պատիվ զգամ: Սխալ է չարիքի ու չարյաց փոքրագույնի միջև ընտրելը: Չկա չարյաց փոքրագույն: Չարիքը չարիք է, և փոքրը մի օր կդառնա մեծ:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ենք հասել չարիքի ու չարյաց փոքրագույնի միջև ընտրության: Ինչո՞ւ է քաղաքական դաշտն ամայացել, ինչո՞ւ չկան համապատասխան մարդիկ, որոնց քաղաքացին կուզենար ընտրել:

- Հաճախ են մեզ հարց տալիս՝ ինչու չեք առաջադրվում: Անկեղծ ասած՝ խուսափում եմ ու միաժամանակ մեղավոր եմ զգում: Եթե բոլորս խուսափում ենք, էլ ինչո՞ւ ենք մարդկանց մեղադրում չարիքի ու չարյաց փոքրագույնի միջև ընտրություն կատարելու համար: Ասեմ, թե շատերն ինչու չեն առաջադրվում. գործընթացը բավականին լուրջ աշխատանք է պահանջում՝ ռեսուրսներ, ժամանակ, ջանքեր:

Մարդիկ էլ հաճախ չեն տեսնում ընտրության լավագույն այլընտրանքին, քանի որ նրանց ստրկացրել են, քանի որ այն մտայնությունն է տիրում, թե գումար չունի, որ անցավ, ի՞նչ պիտի անի: Էդմոն Մարուքյանն էլ գումար չուներ, Թևան Պողոսյանն էլ գումար չուներ, քի՞չ հարցեր բարձրացրին, քի՞չ մարդկանց կողքին կանգնեցին: Այնպես որ՝ գումարի խնդիր չէ, այլ սրտացավության խնդիր է սա:

Մարդիկ ընտրում են պատգամավորների, բայց բոլոր-բոլոր խնդիրները քաղաքացիական հասարակությունն է բարձրացնում: Եթե քաղհասարակությունը պետք է բոլոր խնդիրները բարձրաձայնի, էլ ինչի՞ համար են պատգամավորները, որ հակառակը՝ ստեղծեն օրենքնե՞ր, որոնց դեմ ստիպված լինենք պայքարել, կոճակ սեղմելու համա՞ր, որ մարդուն շնչելու այլընտրանք չթողնեն:

Այսինքն՝ պատահական չէ, որ իշխանությունն Ազգային ժողովը լցրել է անգրագետներով: Որովհետև նրանք չեն մտածում ու խնդրի էությունը չեն էլ հասկանում: Այսինքն, եթե այսօր ունենք պատգամավոր, որը հասարակ քաղաքացու աշխատավարձից բանակին օգնելու համար 1000 դրամներ է հավաքում, և երբ պահանջում ենք, որ հավասարության խնդիր չդրվի, այլ կամավորության սկզբունքն ապահովվի, մեկը կանգնում ու ասում է՝ այդ փողերը չեն ուտվի, Աստված կպատժի: Ի՞նչ պատժելու մասին է խոսքը, Աստված մեզ արդեն պատժել է ձեզ նմանի գոյությամբ, դրանից մեծ պատիժ Աստված չէր կարող մեզ տալ:

- Արժանավոր թեկնածուի բացակայությունը խնդիր է, առկայությունն էլ երաշխիք չէ, որ նա կընտրվի: Փակ շրջան է ստեղծվում: Ո՞րն է ելքը:

- Կարծում եմ, որ վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ բավականին աշխատանք է տարվել մարդկանց գիտակցության փոփոխության առումով: Նույնը կարվի և այս անգամ:

Պետք է առաջնորդվենք մարդու անցյալի փորձով, ոչ թե հենվենք ապագայի խոստումների վրա: Օրինակ, եթե այսօր Մանվել Գրիգորյանը խոստանա ինչ-որ բան՝ կծիծաղեմ, որովհետև այսքան տարվա ընթացքում ոչինչ չի արել: Կամ եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու համար խոստանա ինչ-որ բան՝ ծիծաղս էլ չի գա. եթե քո գործելու ժամանակ ոչինչ չարեցիր, էլ ի՞նչ ևս մեկ շանս: Կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ որոշել է անառակ որդու վերադարձը խաղալ: Գալիս ես, որ ի՞նչ անես, քեզ տրված ընթացքում ոչինչ չարեցիր, ավելին, ոչնչացրիր ամեն ինչ:

Մենք խնդիր ունենք մարդկանց անցյալը տեսնելու, մենք չենք հենվում անցյալի վրա:

Այսօր շատ կուսակցություններում երիտասարդներ են հայտնվել, որոնցից շատերին վստահում եմ: Մարդիկ են, որոնք առանց շահ հետապնդելու, առանց պարտականության ու պատասխանատվության տարիներ շարունակ աշխատել են ժողովրդի բարեկեցության համար՝ երբևէ որևէ պետական պաշտոն զբաղեցնելու մտադրություն չունենալով: Այդ մարդիկ այնքան են ապրել հասարակության խնդիրներով, որ այսօր որոշել են առաջադրվել:

Դա՛ պետք է հետաքրքրի Ժողովրդին՝ մարդկանց անցյալի փորձը, ոչ թե ապագայի խոստումները: Չպետք է ասել՝ կապրենք կտեսնենք, դրա հիմքում էլ անցյալը պետք է լինի:

Նաև նշեմ, որ հասել ենք մի պահի, երբ հասարակությունը պետք է գիտակցի, որ ամեն ինչ իր ձեռքում է: Ես հասարակությանն եմ մեղադրում, որ այսօր ունենք նման իշխանություններ: Եթե ուզում ենք ամեն ինչ փոխել դեպի դրականը, ապա առաջին հերթին պետք է փոխենք հասարակության գիտակցությունը, և հասարակությունը պետք է սկսի իր իրավունքին տեր կանգնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: