ՀՕՖ-ը հրաձգարան ու տեխնոլոգիական դասարան է հիմնել Տավուշի Մովսես գյուղի հանրակրթական դպրոցում
Հիմնանորոգված ու կահավորված հրաձգարանը զբաղեցնում է Մովսեսի դպրոցի նկուղի մի մասը, այն կնպաստի դպրոցի բարձր դասարանցիների՝ զինվորական հմտություններ ստանալու գործին։ Նորաստեղծ տեխնոլոգիական դասարանը նույնպես վերանորոգված է, ապահովված է նոր կահույքով ու անհրաժեշտ սարքավորումներով։ Մովսեսի դպրոցն ունի 112 աշակերտ։
Աշխատանքները կատարվել են ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա բազմաբաղադրիչ ծրագրի (ԱՀՏՄ) շրջանակներում։ 2013-ին մեկնարկած ծրագիրը մեծուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը, այդ թվում և երեխաների ապագայի համար այսօր ներդրումներ անելով: Ծրագրի հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է:
«Այսուհետ մովսեսցի աշակերտները հնարավորություն կունենան զբաղվելու կարուձևով ու փայտի փորագրությամբ, ինչպես նաև զինատեսակներին տիրապետելու պրակտիկ հմտություններ ու գիտելիքներ ձեռք կբերեն։ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը նպաստում է ուսման պայմանների բերալավմանն ու դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշում է ՀՕՖ-ի կրթական և գիտական ծրագրերի ղեկավար, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն էդուարդ Կարապետյանը։
Բացման արարողության ավարտին ԱՏՀՄ ծրագրի բարերարներ տեր և տիկին Մարդիգյաններին դպրոցի տնօրինության կողմից հանձնվել է Մովսեսի դպրոցի հիմնադիր Սարգիս Տեր-Բադալյանցի անվան մեդալ:
5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչների շրջանակներում արդեն ավելի քան 30 ուսումնական հաստատություններում ու մանկապարտեզներում մասնակի կամ ամբողջական վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: