Հայերեն   English   Русский  

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները պահանջում են իրենց 8 ամսվա աշխատավարձը


  
դիտումներ: 1205

«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, որոնք գտնվում են Հայաստանի ՆԳՆ իրավասության տակ, արդեն չորրորդ տարին է` պահանջում են վճարել աշխատավարձի պարտքը։ Այդ ընթացքում նրանք դիմել են տարբեր ատյաններ, որպեսզի արդարություն հաստատվի, բայց ոչ մի պատասխան չեն ստացել։

Նախկին աշխատակիցների խոսքով` կարի ֆաբրիկան պարտքեր է կուտակել այն բանից հետո, երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինել է Սամվել Բեկչյանը։

«Մենք տարբեր դռներ ենք թակում` մեր աշխատավարձը ստանալու համար։ Մենք հանդիպել ենք ՆԳՆ աշխատակիցների, պաշտոնյաների հետ և ոչ միայն։ Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ստանա աշխատավարձը։ Բոլորը հավաստիացնում են, որ մեր փողերը կտան։ Մենք նույնիսկ կոլեկտիվով դիմել ենք դատարան։ Վճռի համաձայն, մեզ աշխատավարձ կտան կարի ֆաբրիկային պատկանող ունեցվածքի վաճառքից հետո»,- ասացին աշխատակիցները։

Նրանց խոսքով` ոչ մի ունեցվածք չկա, այնտեղ ընդամենը մի քանի անպետք իրեր կան, որոնց համար սահմանվել է չափազանց բարձր գին։

«Ո՞վ կգնի այդ ամենը, երբ մարդիկ հացի փող չունեն։ Մեզ ասացին, որ ընկերությունը պարտք է հարկային ծառայությանը և պետք է վճարի 53 միլիոն դրամ ու դրանից հետո միայն՝ աշխատողների պարտքերը: Մենք կատարել ենք մեր աշխատանքը, աշխատողները բառացիորեն պոկել են իրենց աշխատավարձը, իսկ դերձակները և ադմինիստրացիան աշխատավարձ չեն ստացել»,-ասացին նրանք։

Աշխատողների խոսքով` աշխատավարձի պարտքերը գոյացել են այն ժամանակ, երբ ձեռնարկությունը պետական է եղել։ Երբ իրենք դիմել են ոստիկանություն, իրենց ասել են, որ կառույցը գտնվում է ողբալի վիճակում, փող չկա: Աշխատակիցներին զայրացրել է այն, որ նրանք մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ, բայց ոչ մեկը տեղից չի շարժվել և չի հարցրել, թե ինչու են այդ կանայք այդտեղ կանգնած և ինչ են ուզում։

Նշենք, որ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ը 1995թ-ից կարել է Հայաստանի ՆԳՆ և ոստիկանության աշխատողների համազգեստը։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել և լուծարվել 2013թ-ի հոկտեմբերին։ Սամվել Բեկչյանը ՊԵԿ քննչական բաժնում հարուցված գործի շրջանակում դիտարկվում է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 193 հոդվածով և 205 հոդվածի առաջին մասով՝ վտանգավոր հասարակական գործողությունների համար։

Լուսանկարը՝ Sputnik.am-ի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: