Հայերեն   English   Русский  

Ամասիայում բացվեցին Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբներ


  
դիտումներ: 2742

Փետրվարի 23-ին Ամասիայում տեղի ունեցավ Լեգո Լաբ, Իմփաքթ ու Սքայ ոչ ֆորմալ կրթության ակումբների բացումը, որը նախաձեռնել էր Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիա Տարածքային ծրագրի գրասենյակը:

Լեգո լաբորատորիա հիմնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը կատարել է շուրջ 12 հազար դոլարի ներդրում` ձեռք բերելով անհրաժեշտ գույք` սեղաններ, աթոռներ, համակարգիչներ ու լեգո-հավաքածուներ: Ռոբոտաշինության կրթական կենտրոն հաճախելու են 12-ից 18 տարեկան թվով 25 դպրոցական, ովքեր մասնակցելու են շաբաթական երկու անգամ կազմակերպվող դասընթացներին: Ակումբում երեխաներն աշխատելու են «Լեգո» ապրանքանիշի վերջին սերնդի EV3 սարքավորումներով։ Նախատեսվում է, որ ակումբը կունենա նաև եռաչափ տպիչ։ Ակումբի անդամ լինելով` երեխաները հնարավորություն կստանան տարվա ընթացքում մասնակցել տարբեր տեխնոլոգիական ցուցահանդեսների ու ամառային ճամբարների։

Լեգո Լաբի դասընթացավարը վճարվում է Վորլդ Վիժնի Ամասիայի գրասենյակի կողմից, սակայն Ամասիայի գյուղապետարանի հետ կնքված հուշագրի համաձայն` 2018 թվականից դասընթացավարի վճարումն իրականացվելու է համայնքապետարանի կողմից: Ակումբ կարող են հաճախել ոչ միայն Ամասիայում բնակվող երեխաները, այլ շրջակա համայնքների երեխաները։

Միջոցառմանը պաշտոնապես ազդարարվեց նաև Իմփաքթ ակումբի բացումը, որը գործում է Ամասիայում 2016 թվականից` իր շուրջը միավորելով թվով 20 երեխայի։ Ակումբն արդեն ճանաչելիություն ունի համայնքում, քանի որ հասցրել է հանդես գալ համայնքային ծառայության ծրագրով։ Ակումբի ամբողջ գույքը նույնպես ձեռք է բերվել Վորլդ Վիժնի Ամասիայի գրասենյակի միջոցներով։ Այստեղ երեխաները հնարավորություն են ստանում ուսանել Ակտիվ քաղաքացիություն, Սոցիալական ձեռներեցություն, Աշխատունակություն և Առաջնորդություն:

Վորլդ Վիժնի Սքայ ակումբը, որն իր գործունեությունը մեկնարկելու է ս.թ. մարտից, արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում։ Այս ակումբ հաճախելու են 18-28 տարեկան երիտասարդներ, ովքեր կարողանալու են զարգացնել իրենց տնտեսական հնարավորությունները և աշխատաշուկա մուտք գործել:

«Վորլդ Վիժն Հայաստանը կարևորում է, որ մեր երիտասարդները ունենան կրթության ոչ ֆորմալ ակումբներ հաճախելու հնարավորություն», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանը:

Վորլդ Վիժն Հայաստանի մասին

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։

Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում:

Վորլդ Վիժնը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում գրանցված շահառուներին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: