Հայերեն   English   Русский  

Ընտրություններին գրանցված դիտորդների թիվը 3000-ից անցել է. Թրանսփարենսի Ինթերնեյշնլ


  
դիտումներ: 1849

Այս պահն գրանցված դիտորդների թիվը անցել է 3000-ից, որից 2000-ի համար մենք արդեն անցկացրել ենք դիտորդական դասընթացներ և շարունակում ենք անցկացնել:

Իսկ այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են դիտորդ դառնալ, պետք է այցելեն «Քաղաքացի դիտորդ» կայքը, գրանցվեն, այնուհետև մենք կապ կհաստատենք նրանց հետ և կհրավիրենք դասընթացների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ «Քաղաքացի դիտորդ»կայքում կա նաև մի առանձին բաժին, որտեղ կարող են գրանցվել այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Արմեն Գրիգորյանը կոչ արեց ընտրություններին մասնակցել չցանկացող քաղաքացիներին գրանցվել, որպեսզի իրենք կարողանան վերահսկողություն սահմանել և բացառել ընտրակեղծիքները:

«Ընտրությունների օրը ևս մեծ աշխատանք է կատարվելու, մենք ունենալու ենք կենտրոն, որը օրվա ընթացքում երեքից չորս անգամ կազմակերպելու է հանդիպումներ նաև լրատվամիջոցների հետ` ներկայացնելով ընտրությունների ընթացքը և կատարված ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ընտրություններին Սփյուռքի ներգրավվածությանը` Արմեն Գրիգորյանը նշեց, որ գնալով ավելի է ակտիվանում Սփյուռքի մասնակցությունը ընտրություններին:

«Այս պահին մենք Սփյուռքից ունենք մոտ 250 քաղաքացիներ, որոնց մեծ մասը Վրաստանից են: ԵՄ երկրներից` Նիդեռլանդների դեսպանատունը ևս հետաքրքրված է համագործակցելու ընտրական վերահսկողության շրջանակներում, նրանք կֆինանսավորեն Վրաստանից 150 քաղաքացիների ժամանումը Հայաստան, ովքեր դիտորդական առաքելություն կիրականացնեն: Ունենք քաղաքացիներ աշխարհի տարբեր երկրներից: Միակ խնդիրն այն է, որ դեռ հստակ չէ ընտրությունների օրը, ինչը մեզ համար հավելյալ բարդություններ է ստեղծում: Մենք սփյուռքի մեր քաղաքացիներին չենք կարողանում հստակ օր ասել, որպեսզի նրանք կարողանան ավիատոմսեր գնել: Հուսով ենք, որ հնարավորին շուտ այդ հարցը կլուծվի»,- ասաց Արմեն Գրիգորյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: