Հայերեն   English   Русский  

Արցախի չճանաչված լինելու հանգամանքը գրավում է նոր մարդկանց. ԱՀ ՄԻՊ


  
դիտումներ: 671

Արցախի Հանրապետություն այցելած մարդիկ պետք է գիտակցեն, որ երբ հայտնվեն ինչ-որ ոչ ժողովրդավար երկիր, չի բացառվում, որ նրանք կարող են որևէ խնդիր ունենալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Այն մարդիկ, ովքեր մտադրություն ունեն այցելել Արցախի Հանրապետություն, պետք է գիտակցեն, որ այցելում են միջազգային ճանաչում չունեցող պետություն: Ես ուղիղ եմ սա ասում. սա է մեր իրականությունը և չենք կարող սրանից փախչել: Ես որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան, ինձ թույլ չեմ տա հրապարակավ հայտարարել, որ մենք պատրաստ ենք երաշխավորել, որ այդ մարդկանց հետ ուրիշ երկրների իշխանության ներքո որևէ խնդիր չի առաջանա: Ես դա չեմ կարող ասել»:

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ այս հանգամանք ոչ միայն թույլություն է, այլև փորձաքար, որովհետև միայն այս հանգամանքը գրավում է նոր մարդկանց դեպի Արցախ. «Ես չեմ ասում, որ չկան մարդիկ, որոնք որոշում են չայցելել Արցախ հետագայում խնդիրներից խուսափելու համար: Բայց եթե հինգ հոգի չի գալիս Արցախ այդ պատճառով, 6 հոգի էլ գալիս է միայն այդ պատճառով: Ես անձամբ այդպիսի մարդկանց ճանաչում եմ: Իմ աչքի առաջ են այն մարդիկ, որոնք առաջին անգամ այցելում էին փետրվարի 20-ին Սահմանադրության հանրաքվեի ժամանակ: Ես չեմ ուզում անուններ նշել, քանի որ մեր արևելյան հարևանը նրանց հետ անհատական աշխատանք է վարում, սակայն նրանք երբևէ հաջողության չեն հասնում, քանի որ Արցախ այցելությունը դրական կապվածություն է առաջացնում նրանց մոտ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: