Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ
Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված սոսկալի կոտորածը 20-րդ դարի սկզբներին հայությանն իր հայրենքիում ոչնչացնելու թուրքական քաղաքականության շարունակությունն էր` այս անգամ որպես պատասխան ԼՂԻՄ մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման՝ մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ:
Օգտվելով ԽՍՀՄ ղեկավարության անտարբերությունից և փորձելով խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ Ադրբեջանը շարունակել է իր հայատյաց քաղաքականությունը` ցեղասպանության ալիքը ընդլայնելով նաև Ադրբեջանական ԽՍՀ այլ հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, 1988թ. նոյեմբերին` Կիրովաբադում և 1990թ. հունվարին` Բաքվում:
Քաղաքակիրթ աշխարհն այսօր էլ լռում է` համարժեք գնահատական չտալով այդ վայրագություններին: Ավելին, օգտվելով միջազգային հանրության պասիվ կեցվածքից` Ադրբեջանի բռնատիրական ղեկավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, որի ակներև հետևանքն են 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց ընթացքում իրականացրած միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառված խոշտանգումները:
Կողմերի միջև հավասարության նշան դնելու միջազգային հանրության որդեգրած վարքագիծն այս օրերին էլ ադրբեջանական կողմին զինադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքներ հրահրելու առիթ է տալիս:
Հարգելով Սումգայիթի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը, պահանջատեր լինելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը և դատապարտելով այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.
պնդում է, որ Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,
վերահաստատում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի վճռականությունը՝ վարելու հետևողական քաղաքականություն ադրբեջանահայության ցեղասպանությունը կազմակերպողներին և իրականացնողներին միջազգային իրավունքի նորմերին համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
կոչ է անում միջազգային հանրությանը և բոլոր երկրների խորհրդարանական կառույցներին դատապարտել Սումգայիթի հայ բնակչության զանգվածային ջարդերը՝ դրանց տալով պատշաճ իրավական գնահատական:
28փետրվարի, 2017թ.
ք.Ստեփանակերտ