Հայերեն   English   Русский  

Պատրա՞ստ են արդյոք պատկան մարմինները հնարավոր հեղեղումներին. հետաքրքիր բացահայտումներ


  
դիտումներ: 1389

Այս տարվա ձմեռն աննախադեպ էր, հետևանքները նույնպես կարող են աննախադեպ լինել, եթե հաշվի առնենք ձյան քանակը, սեզոնին ոչ բնորոշ ջերմաստիճանը և այն փաստը, որ արդեն գարուն է` եղանակային կտրուկ փոփոխությունների հավանականությամբ: Իսկ այս ամենի ամենաանցանկալի հետևանքը կարող են դառնալ գարնանային չարաբաստիկ հեղեղումները:

Պատրա՞ստ են արդյոք պատկան մարմինները բնության հնարավոր անակնկալներին: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ համապատասխան խնդիրներով զբաղվող պետական ու մասնավոր ընկերություններից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Անկախի» հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գոնե անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ հաշվի է առնված: Նա մեջբերեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի պարզաբանումները, որ աննախադեպ քանակի ձյունը դեռ չի նշանակում հեղեղ, քանի որ սովորաբար ջերմաստիճանն աստիճանաբար է բարձրանում, և հողն ու ջրատար համակարգերը հասցնում են կլանել ջուրը: Դիտարկմանը, թե ինչ կլինի, եթե եղանակը կտրուկ տաքանա, Արթուր Գրիգորյանը դարձյալ պատասխանեց՝ մեջբերելով Սուրենյանի կարծիքը. «Երևանում 1946 թվականի վարարումը եղել է անձրևի հետևանք, երբ մեկ ժամվա ընթացքում ողջ մայիս ամսվա տեղումների նորմայի կրկնապատիկի չափով անձրև է տեղացել»:

«Մտահոգիչ բան այս պահին չունենք, հատկապես որ եղանակի բարձրացումը կատարվում է աստիճանաբար»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Картинки по запросу անձրևատար համակարգԻսկ ինչպիսի՞ն է անձրևատար համակարգերի վիճակը, չէ՞ որ փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետը աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնարարեց աշխատանքներ տանել ջրահեռացման դիտահորերի տեխնիկական վիճակի ստուգման և դրանց անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ՝ նախապատրաստվելով ձնհալին:

Այս հարցի վերաբերյալ տեղեկություններ ստացանք «Վեոլիա Ջուր» ընկերությունից (hիշեցնենք, որ Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումն իրականացնում է «Վեոլիա Ջուրը»):

Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը նույնպես, մեր մտահոգություններին ի պատասխան, հայտարարեց, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ հսկողության տակ է: «Մենք տարին երեք անգամ` գարնանը, ամռանը և աշնանը, պարտադիր մաքրում ենք անձրևատար համակարգերի ճաղավանդակներն ու հորերը, որտեղ կուտակվում է ցեխ, փոշի ու կեղտ: Վերջին անգամ մաքրում իրականացվել է 2016-ի աշնանը, որից հետո կազմ ու պատրաստ դիմավորել ենք ձմեռը: Այս պահին կեղտ, փոշի, թափոն, որը կարող է խանգարել, չկա: Պարզապես, երբ «Սանիթեքի» մեքենաները փողոցները ձնից մաքրում են, այդ ամբողջ ձյունը բերում, կուտակում են հենց այդ հորերի վրա: Ուստի մենք հիմա շատ անելիք չունենք, նրանք պիտի այդ ձնակույտերն ու սառցակույտերը արագ մաքրեն, որպեսզի մենք աշխատելու ֆրոնտ ունենանք»:

Հարցին, թե արդյոք «Սանիթեքը» մաքրո՞ւմ է հորերի վրա կուտակված ձյունն ու սառցակույտերը, Մուրադ Սարգսյանը պատասխանեց, որ անհանգստանալու կարիք չկա, իրենք համագործակցում են, աշխատանքներն առաջ են գնում: «Էնպես ենք աշխատում, որ երբ սկսվի հալոցքը, ձյունը մաքրված լինի, մենք էլ ստուգած լինենք դիտահորերի վիճակը,- ասաց նա,- ամեն տարի էլ այս պատմությունը կրկնվում է, բայց մենք մեր չափը գիտենք: Պարզապես այս տարին աննախադեպ է, և հիմա «Սանիթեքի» մեր գործընկերները պետք է իրենց գործը անեն, որ մենք էլ մերը անենք»:

Картинки по запросу սանիթեքԿապ հաստատեցինք «Սանիթեքի» հետ` պարզելու, թե արդյոք զբաղվո՞ւմ են հորերի վրա կուտակված ձյան ու սառույցի մաքրման աշխատանքներով: «Սանիթեքից» մի քիչ զարմացան, որ առհասարակ նման խնդիր կա: «Մենք որևէ հարցում չենք ստացել, որ նման խնդիր կա, փողոցներում բոլոր դիտահորերը բաց են: Բակերում հնարավոր է՝ խնդիրներ լինեն: Բայց եթե իրենք որևէ տեղ աշխատանք են ցանկացել իրականացնել և առաջացել է խոչընդոտ՝ կարող են մեզ տեղյակ պահել, և հարկ եղած դեպքում մենք արտակարգ ռեժիմով կաշխատենք»,- ասաց տեղեկատվական թիմի ներկայացուցիչը:

Այն դիտարկման առնչությամբ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նշել է, թե իրենք համագործակցում են և տեղյակ են մեկը մյուսի գործառույթներից, զրուցակիցս ասաց, որ ձնհալի հետ կապված հատուկ աշխատանքային խումբ, որի մեջ նաև «Սանիթեքն» է ներգրավված, չկա:

Գարնանային հնարավոր հեղեղումների և պատկան մարմինների կողմից դրանց պատրաստ լինելու վերաբերյալ հոդվածի պատրաստման ընթացքում բնապահպան Կարինե Դանիելյանից տեղեկացանք, որ փետրվարի 28-ին տեղի է ունենալու ՀՀ բնապահպանության նախարարության հասարակական խորհրդի նիստ, որի օրակարգի առաջին հարցը վերաբերում է հենց այս խնդիրներին: Պարզվում է` նախարարությունում ևս անհանգստացած են խնդրով: Եվ չնայած լրատվամիջոցներին նիստը լուսաբանելու հրավեր չէր ուղարկվել, «Անկախը» խնդրեց մասնակցել, որի ընթացքում բավականին ուշագրավ քննարկումների ականատես եղանք:

Օրակարգում հարցը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Գետառ և Հրազդան սելավատարների և Երևանի սելավընդունիչների խնդիրները»: Նիստին մասնակցում էին բնապահպանական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներ:

Похожее изображениеՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, որ վարում էր նիստը, վերջիններիս հարց ուղղեց. «Համակարգը պատրա՞ստ է հնարավոր բոլոր սցենարներին: Մեր բնապահպան գործընկերները բարձրացնում են խնդիրներ, բայց էդպես էլ հստակ պատասխան չկա` մենք պատրա՞ստ ենք, թե ոչ»:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության ներկայացուցիչը, ներկայացնելով 2017 թվականին Հրազդան գետի գարնանային վարարումների կանխատեսումների վերաբերյալ տեղեկանք, նշեց, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում մի շարք գետերում, այդ թվում Հրազդան գետի մերձափնյա շրջաններում հնարավոր են ջրածածկումեր և ողողումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումեր հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետի բաժնի պետ Արմեն Դաշյանն էլ հավելեց, որ իրենք կարող են միայն ներկայացնել եղանակային կանխատեսումներ և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկներ համապատասխան կառույցներին, իսկ դրանցից հետո արդեն պետք է տվյալ կառույցները որոշակի միջոցառումներ իրականացնեն: Նախարարը Արմեն Դաշյանից հետաքրքրվեց, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացնեն, օրինակ, Երևանի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարությունը և պատկան մյուս կառույցները, որպեսզի հետո դեպքը տեղի չունենա և սկսեն մեղավորներ փնտրել:

Картинки по запросу Ջրվեժ և Ողջաբերդ գետերի հուների մաքրումԱրմեն Դաշյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանն այս տարվա համար նախատեսել է Գետառի հունի մաքրում, Երևանյան լիճը շրջանցող ստորգետնյա հունի մաքրում, Ջրվեժ և Ողջաբերդ գետերի հուների մաքրում, որոնք սպառնում են Էրեբունի վարչական շրջանին, որոշակի հատվածներում Հրազդան գետի հունի մաքրման և ափապաշտպան պատերի կառուցման աշխատանքներ և այլն: «Հուսով ենք, որ քաղաքապետարանը ժամանակին դրանք կիրականացնի»,- նշեց նա:

Արծվիկ Մինասյանը, սակայն, հիշեցրեց, որ այդ միջոցառումները նախատեսվել են դեռևս անցյալ տարի, ուստի հաշվի առնված չեն տեղումների այս առատությունը և հնարավոր բարձր ռիսկը: «Արդյոք չկա՞ն գործողություններ, որ մենք հիմա միջնորդենք ու քաղաքապետարանը նախաձեռնի` նվազեցնելու հնարավոր բարձր ռիսկը»:

Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն էլ հավելեց. «Խոսքն այն մասին է, թե այս առատ ձյան տեղումներն ու առատ ձյան կուտակումները որպես փաստ ունենալուց հետո գործողությունների համատեղ ծրագիր կա՞ ձեր և քաղաքապետարանի միջև, թե՞ ոչ»:

Արմեն Դաշյանն ասաց, որ նման ծրագիր չկա, իրենք հարցերը բարձրացնում են քաղաքապետարանում՝ միաժամանակ խոստովանելով, որ մաս-մաս իրականացված գործողությունները գլոբալ արդյունք չեն կարող տալ, որովհետև կան մեծ խնդիրներ, որոնք համապարփակ մոտեցում են պահանջում. «Ավան-Առինջի սելավատարը, Գետառի հունը, ամբողջը կառուցապատված է, փակված է, աղտոտված է: Օրինակ՝ Հրազդանի հունի որոշ հատված մաքրեցին, բայց դա խնդրի լուծում չի: Այստեղ քաղաքապետարանն էլ, ցավոք սրտի, ի զորու չէ»,- նկատեց Արմեն Դաշյանը:

Картинки по запросу Ջրվեժ և Ողջաբերդ գետերի հուների մաքրումՆախարարը մտահոգվեց. «Երկարաժամկետ, ռազմավարական խնդիրների լուծման համար, իհարկե, անհրաժեշտ է համատեղ ծրագրեր մշակել և իրականացնել, բայց այս պահին ավելի հրատապ է այս իրավիճակից դուրս գալու արդյունավետ եղանակներ գտնելը»: Նա դիմեց Կարինե Դանիելյանին, թե հրատապ իրականացման ի՞նչ առաջարկ ունեն բնապահպանները: «Այս պահին նախ շտապ պետք է մաքրել Գետառը,- ասաց Դանիելյանը` հիշեցնելով, որ ժամանակին, երբ իրենք ասում էին, թե չի կարելի Գետառը փակել, իրենց չլսեցին,- հիմա բավական չէ, որ Գետառը փակ է, նաև աղբով է լցված, նա այլևս ի վիճակի չէ ջուր կլանել: Սելավընդունիչներն էլ կիսով չափ կառուցապատված են, կիսով չափ` շինարարական աղբով լցված: Իսկ կլիմայի փոփոխությունն այսօր անկանխատեսելի է, կարող է միանգամից ջերմաստիճանը բարձրանալ: Հիմա վտանգը ոչ այնքան փողոցների ու ճանապարհների ձյունն է, որքան սարերինը, որը պետք է ներքև իջնի: Գոնե ժամանակավոր ինչ-որ լուծում պետք է դրա դեմ գտնել»:

Նախարարը հանձնարարեց նիստի արդյունքների վերաբերյալ գրություն ուղարկել Երևանի քաղաքապետարան` մատնանշելով բարձրացված խնդիրներն ու առաջարկելով լուծումներ, այնուհետև պատրաստել զեկուցագիր ՀՀ վարչապետին և առաջարկել, որպեսզի այս խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ կներգրավվեն նաև միջազգային և տեղական կառույցների փորձագետներ:

Փաստորեն, Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների հավաստիացումները, թե ամեն ինչ վերահսկվում է և անհանգստանալու կարիք չկա, այնքան էլ իրատեսական և հուսադրող չեն: Մնում է հույս դնել Գագիկ Սուրենյանի դրական եղանակային կանխատեսումների վրա:

Անի Գասպարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: