Բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանում բիզնես սկսելը դժվար է. Ալին Մասրլյան
Հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը ընտանիքով Հալեպից Հայաստան է տեղափոխվել 1998 թվականին: 1999-ից հիմնել է քաղցրավենիքի և համեմունքների մասնագիտացված «Հալեպ» խանութների ցանցը: Նրա խոսքով` իրենց հաջողության գաղտնիքն այն էր, որ այդ տարիներին Հայաստանում արևելյան սննդի մասնագիտացված խանութներ չկային: Համեմունքներ և քաղցրավենիք Հայաստան բերելը նոր մշակույթ էր: Այն նոր և թարմ շունչ բերեց հայաստանյան շուկա: Սկզբում սնունդը ներմուծում էին միայն Սիրիայից, բայց քանի որ 4.5 տարի է՝ Սիրիայում պատերազմ է, Բեյրութից են ներմուծում:
Այսօր բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանում, ըստ գործարարի, բիզնես սկսելն այնքան էլ հեշտ չէ, նման տնտեսության պայմաններում սկսնակ գործարարների առաջ ծառացած խնդիրները շատ են: Երկար տարիներ գործունեություն ծավալած խոշոր ձեռնարկություններ են փակվում: Հիմա դժվար ժամանակներ են:
«1.5 տարի առաջ ցանցի ընդլայնման նպատակով փորձեցինք Գյումրիում խանութ բացել, սակայն մեր գործունեությունը երկար կյանք չունեցավ. պատճառը մարդկանց սոցիալական վիճակն էր: 1999-ին էլ, երբ սկսեցինք մեր գործունեությունը, կային տնտեսական դժվարություններ, բայց դրանք տարբերվում էին այսօրվա տնտեսական խնդիրներից: Հիմա շատ է առաջարկն արտադրողներից և ներմուծողներից, պահանջարկն է քչացել սոցիալական վիճակի պատճառով: Ապրիլյան պատերազմից և հունիսի դեպքերից հետո հաճախորդների կտրուկ պակաս զգացվեց: Օրենքի մասով էլ խնդիրներ ունենք, երկիրն օրենսդրորեն անընդհատ փոփոխությունների մեջ է, չի կողմնորոշվում՝ ԵՏՄ-ի՞ օրենքները վերցնել, թե՞ Եվրոպայինը: Այդ պրպտումները հոգնեցնող են»,- ասում է Ալին Մասրլյանը:
Գործարարը ցավով նշում է, որ պատերազմի պատճառով բոլոր հարազատները ցրվեցին աշխարհով մեկ: Միայն ամուսնու քույրն է մնացել Հալեպում: Եղբայրն այն շատերից մեկն էր, ով եկավ Հայաստան և փորձեց հայրենիքում մանկական հագուստի արտադրություն սկսել: Բայց քանի որ Հայաստանում հագուստի արտադրության մասով միկրոշուկա էր՝ հաջողություն չունեցավ: Հիմա ընտանիքը թողել է Հայաստանում և մեկնել Եգիպտոս աշխատելու:
Լավ գործարար և լավ կին լինելու տեսանկյունից, Ալին Մասրլյանի խոսքով, իհարկե, կան բարդություններ, բայց կան նաև առավելություններ. կարևորը հավատալն է սեփական հնարավորություններին: «Երբ սկսեցի բիզնես գործունեությունս, երեխաներս դեռ շատ փոքր էին: Բայց տարիների ընթացքում ունեցած հաջողությունները վկայությունն են այն բանի, որ կարելի է և՛ լավ կին լինել, և՛ լավ մայր, և՛ լավ գործարար»:
Քաղաքական գործչի դերում, սակայն, գործարարն իրեն ամենևին չի տեսնում: «Քաղաքականությունը տանում է դեպի անձնական շահ, ինչն ինձ զայրացնում է: Այն, ինչ հետապնդում է ոչ թե հասարակական շահ, այլ անձնական, ինձ համար խորթ է»,- ասում է Ալին Մասրլյանը: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը, կարծում է՝ շատ լավ կլինի, որ կանանց թիվն ավելանա քաղաքական կուսակցությունների շարքերում, կինը խաղաղության սիմվոլ է, նա շատ բան կարող է փոխել:
Լիլիթ Խաչատրյան