Հայերեն   English   Русский  

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը Tert.am լրատվական կայքին


  
դիտումներ: 1027

Օրերս Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև տարվող բանակցությունները իրավական շրջանակային նոր փաստաթղթի շուրջ ավարտվել են: Այս առնչությամբ Tert.am-ի հետ ծավալուն զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ում վրա դրված էին հայկական կողմի գլխավոր բանակցողի պարտականությունները, մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում համաձայնագիրն ու ինչ օգուտներ այն կարող է տալ Հայաստանին: Խոսելով հանգամանքից, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ նոր իրավական փաստաթուղթը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած Հայաստանի պարտավորություններին:

Միաժամանակ, Կարեն Նազարյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը չի շրջանցել հետաքրքրությունը, որը ցուցաբերում էին իր ավանդական գործընկերները: Խոսքը, ըստ նրա, ոչ միայն ռուսական կողմի մասին է: «Եղել են խորհրդակցություններ, և ոչ միայն ռուսական կողմի, այլ նաև գործընթացով հետաքրքրված մյուս երկրների հետ՝ հնարավորինս ներկայացնելով բանակցային գործընթացի նպատակը և ընթացքը: Բայց իրավական պարտավորություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը երրորդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է ՀՀ և ԵՄ-ի միջև»,- ասել է նա:

Հարց. Պարո՛ն Նազարյան, եթե թույլ կտաք, ուզում եմ հարցազրույցը սկսել քաղաքական-հասարակական շրջանակներում հնչեցվող հարցադրումից, թե Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային իրավական համաձայնագրի քննարկումն ինչո՞ւ այսքան երկար տևեց, երբ դրա մի մասը՝ քաղաքական բաղադրիչը, արդեն իսկ բանակցվել էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

Կարեն Նազարյան. Փորձեմ մի փոքր բացել փակագծերը ժամկետների հետ կապված, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի բանակցային ողջ գործընթացի դինամիկան: Առհասարակ, ԵՄ-ի հետ այս ուղղությամբ գործընթացը մեկնարկել էր 2014թ.-ի դեկտեմբերին մտքերի փոխանակման ձևաչափով, որի նպատակն էր ի մի բերել ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի շրջանակը, ուղենշել այն խնդիրները, որոնք պետք է ներառվեին ապագա փաստաթղթում: Գործընթացը տևեց մոտավորապես 4 ամիս, որից հետո ԵՄ անդամ-երկրներում տեղի ունեցան ընտրական գործընթացներ, ԵՄ կառույցներում նոր պաշտոնատարներ նշանակվեցին, ձևավորվեց Եվրոպական խորհուրդը, խորհրդարանը, հանձնաժողովը, դրա ենթակա մարմինները։ Արդյունքում, 2015թ.-ի հոկտեմբերի կեսերին ԵՄ խորհրդի կողմից եվրոպական կողմից տրվեց մանդատ՝ Հայաստանի հետ բանակցությունները սկսելու համար, իսկ դեկտեմբեր սկզբին պաշտոնապես ազդարարվեց բանակցությունների մեկնարկը՝ ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից:

Բուն բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ տևեց 1 տարի 4 ամիս, և կարծում եմ, որ կողմերին հաջողվեց բավական կարճ ժամանակահատվածում բարեխիղճ աշխատանք կատարել: Նախորդ շրջանի համեմատ այս բանակցությունները բավական պահանջկոտ էին՝ մասնագիտական, փորձագիտական առումներով, և մեր խնդիրն էր ի մի բերել ապագայում ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթղթի շրջանակի իրավական հանձնառությունների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող պարտավորվածությունների հետ: Կարծում եմ՝ դա հաջողվել է. անցած ամսվա վերջում, Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին:

Հարց. Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխն ամբողջապես պահպանվե՞լ է իրավական շրջանակային նոր համաձայնագրում, թե՞ կրճատումներ կան:

Կարեն Նազարյան. Պատասխանեմ հետևյալ կերպ. նոր համաձայնագրի բանակցությունները խարսխվում էին Հայաստանի և Եվրամիության միջև վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, հարաբերությունների ընթացքի, դրանց խորության և առաջնայնությունների վրա: Անշուշտ, մենք նաև հենվել ենք նախկինում արձանագրած առաջընթացի, ձեռք բերած պայմանավորվածությունների վրա, որոնք բխում էին նախկին բանակցային գործընթացից կամ նախկինում երկուստեք ստանձնած հանձնառություններից: Ի դեպ, դրանց մի մասը ձևակերպված էին Արևելյան գործընկերության փաստաթղթերում, հռչակագրերում: Ասել, որ բանակցությունների հիմքում միայն նախկինում բանակցված փաստաթուղթն էր, ամբողջական պատկեր չի լինի: Այս նոր համաձայնագիրն արտացոլում է նաև կողմերի մոտեցումները, դիրքորոշումները՝ միջազգային, տարածաշրջանային զարգացումներից ելնելով: Սա համապարփակ փաստաթուղթ է, արտահայտում է Հայաստան-Եվրամիություն 25-ամյա հարաբերությունների ծավալը, ուղենշում է դրանց հետագա զարգացման հեռանկարները:

Հարց. Հասկանալի է, որ «Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր» անունը կրող այս նոր փաստաթուղթն ավելի ցածր մակարդակ կունենա, քան Ասոցացման համաձայնագիրն էր: Ամեն դեպքում, որպես գլխավոր բանակցող, կարո՞ղ եք ասել, թե որն է լինելու Հայաստանի օգուտն այս համաձայնագրից: Մինչ այս համաձայնագիրն էլ ՀՀ-ԵՄ միջև արդյունավետ համագործակցություն կար: Ի՞նչն է փոխվելու, հավելյալ օգուտնե՞ր ենք ունենալու:

Կարեն Նազարյան. Չէի ցանկանա համեմատել այս համաձայնագիրը նախկինում բանակցված տեքստի այն պարզ պատճառով, որ մեր նպատակն էր ձևավորել իրավական մի նոր հենք, որը կարտահայտեր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունը և էությունը: Դա մեզ, վստահորեն կարող եմ ասել, հաջողվեց: Բովանդակային առումով փաստաթուղթը համապարփակ է, խոսքը ընդլայնված գործընկերության մասին է. կառուցվածքային առումով, այո, նման է նախկինում բանակցված փաստաթղթին՝ ունի նախաբան, «Ընդհանուր սկզբունքներ» բաժին, առանձին մեծ գլուխ է հատկացված քաղաքական երկխոսությանը, բարեփոխումներին, արտաքին քաղաքականության ոլորտին, առանձին գլխով ամրագրված են արդարադատության և ազատությունների մասին մեր մոտեցումները, խնդիրները։ Մենք շատ ենք կարևորում փաստաթղթի տնտեսական գլխում ներառված խնդիրները, առանձնահատուկ տեղ է հատկացված ոլորտային համագործակցության ուղղություններին, որում ներառված են մոտ երեք տասնյակ ուղղություններ (տրանսպորտ, էներգետիկա, տեղեկատվական հասարակություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, սոցիալական քաղաքականություն, առողջապահության, տարածքային զարգացում, կրթություն և այլն):

Փաստաթուղթը, բացի իմ կողմից թվարկված գլուխներից, ներառում է նաև «Առևտուր և առևտրին վերաբերող հարցեր» բաժինը, որը եկել է փոխարինելու նախկինում բանակցված Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Ի տարբերություն նախկինում բանակցված փաստաթղթի, կարող ենք նշել, որ փոփոխվել է հիմնականում այս բաժինը՝ ներառելով Առևտրի հարցերին վերաբերող կարևորագույն բաղադրիչը, որտեղ հստակ նշված են այս բնագավառում երկուստեք ձեռնարկվելիք քայլերը:

Այս նոր համաձայնագրի իրականացման միջոցով մենք նպատակ ունենք մեր կենցաղում կիրառելի դարձնել ԵՄ չափանիշները, մոտարկել մեր օրենսդրությունը եվրոպականի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է անել: Այսինքն՝ ընդլայնել համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա, ապահովել Հայաստանի ընդգրկուն մասնակցությունը ԵՄ ծրագրերում՝ խորացնելով քաղաքական ու տնտեսական երկխոսությունը մի շարք կարևորագույն բնագավառներում:

Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը հենվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամենաբարձր մակարդակով հայտնել ենք մեր պատրաստակամությունը առաջ մղելու ԵՄ հետ մեր փոխգործակցությունը մի շարք ոլորտներում: Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել՝ ունենալով իրավական հիմք, երկուստեք պարտավորություններ, հանձնառություններ՝ միտված ապագա քայլերին: Փաստաթուղթը կոչված է նաև նախանշելու ապագա տարիների ընթացքում մեր համագործակցության հիմնական ուղղությունները, սա յուրահատուկ մի ուղենիշ է հետագա զարգացումների համար:

Հարց. Պարզ է, որ, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, տնտեսական մասով չենք կարող խորը համագործակցություն ունենալ Եվրամիության հետ: Ո՞րն է տնտեսական համագործակցության այն սահմանը, որը ամրագրվել է համաձայնագրով և արդյո՞ք այն չի հակասում ԵԱՏՄ-ում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին:

Կարեն Նազարյան. Նախորդ հարցին պատասխանելիս ես խոսեցի նախկինում բանակցված փաստաթղթի և նոր համաձայնագրի միակ և հիմնական տարբերության մասին: Խոսքը ոչ թե սահմանափակ տնտեսական երկխոսության, այլ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի բացառման մասին է, որովհետև, լինելով ԵԱՏՄ անդամ,մենք չենք կարող ԵՄ-ի հետ համատեղել ազատ առևտրի գոտու դրույթները: Իսկ տնտեսական ու ոլորտային ուղղություններով, ընդհակառակը, համաձայնագիրը նախատեսում է առավել խորը և ընդլայնված համագործակցություն, որովհետև դրանք համատեղելի են ԵԱՏՄ-ում մեր կողմից ստանձնած պարտավորությունների հետ: Եթե ոմանց թվում էր, որ փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը ժամանակատար էր, ապա դա կապված էր մեր փորձագետների, ներգրավված մասնագետների կողմից ինտեգրացիոն այլ ֆորմատներում ստանձնած պարտավորությունների մասով համատեղելի տարրերն ի հայտ բերելու խնդրի հետ, ինչը արդյունքում ստացվեց:

Ասել, թե տնտեսական սահմանափակումներ կամ անհամատեղելիություն գոյություն ունի, կամ խոչընդոտ՝ ԵՄ հետ համագործակցելու, ճիշտ չէ։ Մենք շարունակում ենք միանալ ԵՄ մի շարք ծրագրերին ու հաջողությամբ համագործակցում օրինակ «COSME» ծրագրին, որը ՓՄՁ-ների զարգացմանն է միտված, «Հորիզոն 2020»-ին, որը գիտական համակարգի զարգացմանն է միտված, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, սկսվել են Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունները, որը հնարավորություն կտա միանալ 36 պետությունների ավիացիոն շուկաներին և այլն: Ի դեպ, վերջինս կարևորվում է Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող երկրի: Եվրամիության կողմից արդեն տրվել է մանդատ՝ Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, և հույս ունենք, որ այս տարի այն ևս հաջողությամբ կավարտենք:

Հարց. Սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը չնախաստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, եղան մեկնաբանություններ, որ Ռուսաստանի ճնշման ներքո էր, որ Հայաստանը հրաժարվեց 3,5 տարվա բանակցություններից: Այսօր էլ մտահոգություններ են հնչում, որ ՌԴ-ն նորից կարող է խոչընդոտել փաստաթղթի նախաստորագրմանը: Հիմա, երբ Հայաստանը ԵԱՏՄ-ում է, արդյո՞ք իր գործընկերների կողմից, ՌԴ կողմից ունի համաձայնություն՝ Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելու հարցում:

Կարեն Նազարյան. Նախ անդրադառնամ Ձեր հարցադրման առաջին մասին: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի որոշումը՝ միանալ ԵԱՏՄ-ին, առաջին հերթին ուներ և ունի տնտեսական կարևորագույն բաղադրիչ: Մեր խնդիրն է եղել ընդլայնել Հայաստանի արտահանման շուկան, որն այսօր իրողություն է: Ես խորհուրդ կտայի հեռու մնալ «ճնշում» բառի կիրառությունից, որովհետև այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնեց Մաքսային միությանը անդամակցելու մտադրության մասին, միաժամանակ հայտարարեց նաև ԵՄ հետ բանակցված Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու իր պատրաստակամության մասին: ԵՄ կողմից, սակայն, հայտարարվեց, որ այդ գործընթացներն անհամատեղելի են, այնինչ այն ժամանակ Մաքսային միության, իսկ հետո նաև ԵԱՏՄ-ում ստանձնած մեր պարտավորությունների հետ անհամատեղելի էր միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին դրույթը: Մենք պատրաստ էինք ստորագրել քաղաքական մասը, սակայն Եվրամիությունը անհնար համարեց տարանջատել համաձայնագրի քաղաքական մասը ԽՀԱԱԳ դրույթից: Քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է վերաձևակերպել մեր մոտեցումները, վերաբանակցել իրավական նոր փաստաթղթի շուրջ, որն այլևս կատարված իրողություն է. բանակցություններն այս ուղղությամբ ավարտված են:

Այս ընթացքում մենք չենք շրջանցել այն հետաքրքրությունը, որը ցուցաբերել են մեր ավանդական գործընկերները: Խոսքը ոչ միայն ռուսական կողմի մասին է: Մենք ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելիս երբեք այդ գործընթացը չենք պայմանավորել 3-րդ կողմի հետ ունեցած հարաբերություններով: Եղել են խորհրդակցություններ գործընթացով հետաքրքրված բոլոր գործընկերների հետ՝ հնարավորինս ներկայացնելով նպատակը, բանակցությունների ընթացքը: Բայց իրավական պարտավորվածություն՝ համաձայնեցնելու փաստաթուղթը 3-րդ կողմի հետ, որպես այդպիսին գոյություն չունի, որովհետև սա երկկողմ, միջպետական գործընթաց է:

Առհասարակ, փոխկապակցված այս աշխարհում կամ, ավելի ճշգրիտ, մերօրյա միջազգային հարաբերություններում խոսել տարանջատված գործընթացների մասին որոշ դեպքերում անիրատեսական է: Նույնիսկ խոշոր պետություններն իրենց արտաքին քաղաքականությունը ծրագրելիս, իրականացնելիս հաշվի են նստում իրենց գործընկերների, 3-րդ, 4-րդ երկրների հետ իրենց ունեցած ռազմավարական հարաբերությունների ընթացքի ու որակի հետ: Հայաստանն էլ այս առումով բացառություն լինել չի կարող: Եղել է հետաքրքրություն, խորհրդակցել ենք, քննարկել, և ոչ ավելին:

Հարց. Եվ ռուսական կողմի համար այս համաձայնագիրը խնդրահարույց չէ՞:

Կարեն Նազարյան. Չկա առհասարակ որևէ գործընկեր երկիր, որը համարի, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը խնդրահարույց է իր համար կամ իր տեսանկյունից: Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գիտեք, բազմավեկտոր է. մեր նպատակն է իրականացնել և պահպանել արդյունավետ երկխոսություն և հավասարակշռություն մեր կարևորագույն գործընկերների հետ:

Հարց. Հայաստանի և Եվրամիության միջև բանակցված նոր համաձայնագիրը դիտարկվում է հայտարարված «և-և»-ի քաղաքականության շրջանակներո՞ւմ:

Կարեն Նազարյան. Այո: Այս մասին ՀՀ Նախագահը բազմաթիվ անգամ խոսել է: Մենք ելնում ենք նրանից, որ ԵՄ-ի հետ Հայաստանը համագործակցություն պետք է ծավալի, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, «և-և»-ի սկզբունքով, և ոչ թե հակառակը:

Հարց. Կա՞ն արդյոք խոչընդոտներ կամ գործոններ, որոնք կարող են խանգարել համաձայնագրի նախաստորագրմանը, ստորագրմանը:

Կարեն Նազարյան. Տեղին նշեցիք նախաստորագրում բառը: Բանակցությունների ավարտի մասին հայտարարելուց հետո մեզ սպասվում են մի քանի քայլեր՝ նախաստորագրում, իրավական քննություն, ապա՝ ստորագրում. վերջինս տեղի կունենա հավանաբար այս տարվա աշնանը: Բանակցային գործընթացն ավարտված է, և որևէ խոչընդոտ, որ փաստաթուղթը կարող է չնախաստորագրվել կամ չստորագրվել, ես չեմ տեսնում: Կան բոլոր նախադրյալները, որ սահուն իրականացվեն այդ քայլերը:

Հարց. Նախնական տվյալներ կան, որ նախաստորագրումը մայիսին կկայանա:

Կարեն Նազարյան. Մենք Եվրամիության հետ փորձում ենք հստակեցնել նախաստորագրման ժամկետները: Դա կախված է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքային ժամանակացույցից: Հիմա քննարկվում են դրա հետ կապված ժամկետները:

Հարց. Հայաստանը ցանկություն ունի՞ մայիսից շուտ նախաստորագրել փաստաթուղթը:

Կարեն Նազարյան. Հարցն ավելի շատ կախված է ժամանակացույցից, ոչ թե մեր ցանկություններից: Մենք պատրաստ ենք:

Հարց. Կարծիքներ կան, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, մասնավորապես՝ համաձայնագրի ստորագրման գործընթացի վրա: Այս մասին խոսել է Հայաստանում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կ. Բեքարյանը՝ նշելով, որ եթե ԵՄ անդամ-երկրներից որևէ մեկը վերապահումներ ունենա ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ անցկացվելու վերաբերյալ, ապա կարող է ձգձգել վավերացման գործընթացը:

Կարեն Նազարյան. Չէի ցանկանա մեկնաբանել որևէ կարծիք, հատկապես, երբ մենք գտնվում ենք ներքաղաքական կարևոր հանգրվանում: Դա ԱԳՆ-ի խնդիրը չէ, մեզ վերապահված չէ ներքաղաքական զարգացումների համատեքստում մեկնաբանել այս կամ հայտարարությունը: Չէի ցանկանա, որ մենք հոռետես լինեինք, տարբեր գործընթացները կապեինք իրար. ի վերջո, խոսքը միջազգային միջպետական համաձայնագրի մասին է: Կապել համաձայնագրի հետագա ընթացքը ներքաղաքական զարգացումների հետ՝ խորհուրդ չէի տա որևէ մեկին՝ լինի դա դեսպան, թե քաղաքական գործիչ: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը: Եվրամիությունը 25 տարիների ընթացքում մեր կողքին է եղել, տրամադրել է տեխնիկական, ֆինանսական աջակցություն, որը գումարային առումով մոտ 1 միլիարդ եվրոյի է հասնում: Մենք շնորհակալ ենք այս անգնահատելի օժանդակության համար:

Հայաստանում 3 շաբաթ անց սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են Սահմանադրական բարեփոխումներից հետո: Դրանք նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել ընտրական համակարգը, ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը դրել է բաց, թափանցիկ, ավելի արդար, ավելի ժողովրդավար ընտրությունների անցկացման հիմք: Եվ հայտնի է, որ նոր Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման, լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար Եվրամիության կողմից տրամադրվել է հավելյալ աջակցություն: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի, հատկապես այս փուլում, երբ մենք ԵՄ գործընկերների հետ քննարկում ենք 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները:

Հարց. Հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերից մեկին անդրադառնանք՝ վիզաների ազատականացմանը: Իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք լուրերը, որ համաձայնագրով վիզաների ազատականացումը ձևակերպված է որպես երկարաժամկետ ծրագիր:

Կարեն Նազարյան. Համաձայնագրում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելը ձևակերպված չէ որպես երկարաժամկետ խնդիր, այլ հակառակը: Այն (ի նկատի ունեմ երկխոսությունը) որոշել ենք մեկնարկել ըստ սահմանված ժամկետի: Գիտեք, որ 2014թ.-ի հունվարից ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը, որոնց իրականացումից է կախված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը: Այս գործընթացի իրականացման արդյունքում է, որ մոտ ապագայում վիզաների ազատ ռեժիմ կհաստատվի ՀՀ-ԵՄ-ի միջև: Համաձայնագրով ձևակերպված է համատեղ հանձնառությունը, որը կողմերը ստանձնել էին Ռիգայի գագաթաժողովում: Խոսքը Եվրամիության հետ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկելու մասին է: Այսինքն՝ համաձայնագրով հստակեցված է, որ պետք է սկսել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Հույս ունենք, որ դրա մեկնարկը, այսինքն` համապատասխան գործողության ծրագիրը, կձևակերպենք, կսկսենք այս տարի:

Հարց. Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համաձայնագրում որևէ ձևակերպում կա՞:

Կարեն Նազարյան. Անշուշտ, փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մենք կարևորում ենք Եվրամիության կոնսոլիդացված մոտեցումը հակամարտության կարգավորման հարցում: Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը և հանդես է գալիս հարցի բացառապես քաղաքական կարգավորման օգտին, ինչը ձևակերպված է փաստաթղթի մեջ: Ցավոք, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, ստորագրումից հետո համաձայնագիրը կլինի հանրային սեփականություն և կծանոթանաք դրա մանրամասներին: Բայց կարող եմ ասել, որ արտառոց ոչինչ չկա, փաստաթուղթն արտացոլում է միջազգային իրավունքի հայտնի սկզբունքները, որոնք ընկած են հակամարտության կարգավորման հիմքում, ինչպես նաև Եվրամիության ու Հայաստանի մոտեցումներն այս հարցում:

Մեզ համար կարևոր էր նաև ականատես լինել վերջին շրջանում Եվրամիության հստակ դիրքորոշմանը: Դեռևս դեկտեմբերին Եվրոպական խորհրդի հաղորդակցության փաստաթղթում հղում էր կատարվում ապրիլյան ագրեսիային, ասվում էր, որ Թուրքիան բռնել է Ադրբեջանի կողմը, աջակցել նրան: Մենք կարևորում ենք, որ Եվրամիությունը և մեր մյուս գործընկերները հարցը մշտապես պահեն իրենց ուշադրության կենտրոնում: Հասցեական կամ թիրախային հայտարարությունները կարևոր են՝ սանձելու Ադրբեջանի հերթական ոտնձգությունները, արկածախնդրությունը տարածաշրջանում: Այս փաստաթղթում ԵՄ-ն հստակ արձանագրում է Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակելու մասին և նաև խոսում Ցեղասպանության մասին:

Հարց. Ինչպե՞ս կցանկանայիք եզրափակել մեր հարցազրույցը:

Կարեն Նազարյան. Որպես եզրափակում կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր անվերապահ հանձնառությունը երբևէ չի պատրաստվում պայմանավորել որևէ արտաքին գործոնով՝ լինի դա աշխարհաքաղական, տնտեսական, թե այլ բնույթի: Մենք չենք շեղվելու մեր նախանշած օրակարգից, շարունակելու ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդմանը և կայուն զարգացման մեր տեսլականին, փորձելու ենք հնարավորինս կյանքի կոչել ՀՀ-ԵՄ և մյուս գործընկերների հետ հարաբերություններում ստանձնած հանձնառությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: