Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում նախագահի հրամանագրով ներում ստացածների թվում քաղբանտարկյալներ գրեթե չկան


  
դիտումներ: 392

Ադրբեջանի նախագահ Իլահամ Ալիևը մարտի 16-ին ստորագրել է 423 դատապարտյալների ներման մասին հրամանագիր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Ըստ տեղեկության` նրանցից 412-ը բանտից ազատ են արձակվել: Ցմահ ազատազրկման դատապարտված երկու անձանց պատիժը փոխարինվել է ազատազրկման ժամկետներով: Մասնավորապես, Ադրբեջանի ներքին գործերի նախարարության Քրեական հետախուզման նախկին պետ Զաքիր Մամեդովի ցմահ ազատազրկումը, ով դատապարտվել էր «Հաջի Մամեդովի ավազակախումբը» գործով, փոխարինվել է 15 տարվա ազատազրկման: Եվս մեկ դատապարտյալ ազատվել է պատժի կրման հետաձգումից: Մնացյալն ազատվել են ազատազրկում չնախատեսող պատժից:

Ներում ստացածների թվում են նաև բլոգեր Աբդուլ Աբիլովը, ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Էլվին Աբդուլլազադեն, ընդդիմադիր «Ազադլըխ» թերթի խմբագիր Գանիմաթ Զահիդի բարեկամները` Ռուֆաթ և Ռովշան Զահիդովները: Պայմանական ազատազրկումից ազատվել է «Meydan TV»-ի ղեկավար Էմին Միլլիի աներձագը` Նազիմ Աղաբեկովը:

Ներում ստացածների թվում կան Իրանի, Պակիստանի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Նիգերիայի, Թուրքիայի և Ուկրաինայի 19 քաղաքացիներ:

Ադրբեջանական կայքը ընդգծում է, որ այսպիսով`Ադրբեջանում կալանավորված 120-167 քաղբանտարկյալների մեծ մասին ազատ արձակման հույսերն այդպես էլ չարդարացան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: