Հայերեն   English   Русский  

Տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում. Վարդան Արամյան


  
դիտումներ: 826

2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ օպերատիվ տվյալներով՝ հունվար-փետրվարին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6,2%-ով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով,հաղորդում է Պանորաման:

«Մենք ասել ենք, որ առնվազն 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճը մենք ապահովելու ենք: Իհարկե տարին դեռ առջևում է, մենք փորձելու ենք ջանքեր գործադրել, որ 3,2 տոկոսից ավելի բարձր ցուցանիշ ունենանք»,- ասաց Վարդան Արամյանը:

Նախարարի խոսքերով՝ այն ճյուղերը, որոնք կարևոր նշանակություն ունեն, մասնավորապես, արդյունաբերությունը, շարունակում է դրսևորել բավականին բարձր աճի տեմպեր: Ըստ վիճակագրության՝ հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 11.1% -ով:

Վարդան Արամյանը նշեց, որ 2016 թվականին առևտուրը բացասական է եղել, սակայն հոկտեմբերից իրավիճակը փոխվել է և տարին ամփոփվել է դրական առևտրի աճի ցուցանիշով, իսկ 2017թ-ի հունվար-փետրվարին գրանցվել է առևտրաշրջանառության ծավալների 9.6% աճ:

«Դա նշանակում է, որ պահանջարկի այն խոր անկումը, որ վերջին երկու տարիների ընթացքում տրանսֆերտների անկման միջոցով ունեցել ենք, կանգ է առել և մենք արդեն թևակոխում ենք վերելքի փուլ: Կարծես թե հանրության մոտ դրսևորվում է եկամուտների վերականգնում՝ սկսած նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Սա ուրախալի լուր է, լավ լուր է, դա նշանակում է, որ մենք ունենք դրական զարգացումներ»,- ասաց ֆինանսների նախարարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: