Հայերեն   English   Русский  

Կառավարությունը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին


  
դիտումներ: 538

Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում գտնվող 2066.6 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 161 քառ. մետր մակերեսով վարչական շենքը նվիրաբերության կարգով կտրամադրվի այնտեղ բնակվող ընտանիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով նմանատիպ խնդիրներին, նշել է, որ պետք է այս դաշտն օրինականացնել և բնակարանները հատկացնել այնտեղ երկար ժամանակ բնակվող ընտանիքներին: «Այժմ այդ խնդիրն օդի մեջ կախված է, ոչ գույքն է մերը, ոչ դրա հետ կարող ենք որևէ բան անել: Չգիտեմ, բնակվող մարդը կոմունալ վճարումները կատարո՞ւմ է, թե ոչ, գույքահարկ վճարո՞ւմ է, թե չի վճարում: Պետք է մարքել այդ դաշտը: Նման հանձնարարական ձևակերպեք, խնդիրը լուծենք, բայց հստակ հայտանիշերով»,- ասել է վարչապետը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ընդգծել է, որ ՊՆ համակարգում ևս նման խնդիր կա: Նրա խոսքով, առկա է ծառայողական ֆոնդի 1200 բնակարան, որտեղ բնակվում են մարդիկ, ովքեր օրենքով ենթակա են բնակարանային փոխհատուցման, արդեն անցել են զինթոշակի: «Ոմանք էլ արդեն մահացել են և այդ բնակարններում ապրում են նրանց ընտանիքները: Այդ հարցում եղել են շատ սուբյեկտիվ որոշումներ: Բայց 1200 ընտանիք օդից կախված վիճակում է: Մենք էլ ենք այդ գործընթացն ավարտում ու առաջիկա շաբաթներին ներկայացնելու ենք նրանց սեփականաշնորհման գործընթացը»,- ասել է նախարարը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է «Երվերելակ» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասը մրցութային եղանակով ներկայացնել մասնավորեցման՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով` 94 009 740 դրամով: Ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը հայտնել, որ վարչությունը կառավարությանն է ներկայացրել պետական գույքի մասնավորեցման գործընթացի ու դրանից ակնկալվող միջոցների մասին տեղեկանք: «Տեղեկանքն ամբողջությամբ պատրաստ է և ներառում է նաև օրենսդրական դաշտի փոփոխությունների արդյունքում այն հնարավորությունները, որոնք կարող են ավելացնել պետական բյուջեի եկամուտները»,- ասել է Ա. Մարկոսյանը: Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է ներկայացված նյութերի քննարկման նպատակով հաջորդ շաբաթ կազմակերպել խորհրդակցություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: