Հայերեն   English   Русский  

​«Հայաստան կվերադառնամ, եթե ապրուստս հոգալու պայմաններ ստեղծվեն»


  
դիտումներ: 1557

Սիրիահայ Մուրադ Սանոսիանը կարոտում է հայրենիքը, ասում է, որ ցանկացած պահի պատրաստ է Հայաստան տեղափոխվել, եթե միայն հայրենիքն իրեն գրկաբաց ընդունի: Մեր հայրենակցի հետ զրույցը համայնքի կյանքի, առօրյա խնդիրների մասին է:

- Երբվանի՞ց եք Սիրիայում բնակվում:

- Ծնվել եմ հենց Սիրիայում, հաճախել եմ տեղի հայկական դպրոցը և ավարտել այն: Այժմ հորս հետ կոշիկի արտադրությամբ ենք զբաղվում, վաճառատուն ունենք: Դա է մեր հիմնական զբաղմունքը:

- Հայրենիք երբևէ այցելե՞լ էիք, ինչպիսի՞ն էին զգացմունքները, երբ առաջին անգամ ոտք դրեցիք հայկական հողին:

- Առաջին անգամ 2002-ին Հայաստան եկա: Զգացումներս աննկարագրելի էին, սրտանց ուրախ էի՝ զգալով իմ հայկական արմատների շունչը: Որոշեցի, որ տարին մեկ անգամ այսուհետ պիտի Հայաստան այցելեմ: Այդ տարվանից սկսած մինչև 2012 թ. ամեն տարի եկել եմ, կարոտս առել: Երեխայի նման տխրում էի, երբ մոտենում էր Սիրիա վերադառնալու պահը: Գրեթե միշտ հեռանում էի արցունքներով:

- Ձեզ ապահո՞վ էիք զգում հարազատ երկրում, թե՞…

- Շատ բաներ կցանկանայի, որ այլ կերպ լիներ: Որքան երևույթներ ինձ ուրախացնում, նույնքան բաներ էլ հիասթափեցնում էին: Օրինակ՝ հայ ժողովրդի մեջ այլ կերպ է ասոցացվում սփյուռքահայ բառը, որն ինձ ստիպում է իմ երկրի մեջ ինձ խորթ զգալ՝ եկվոր: Օրինակ՝ ժամանցային կենտրոններում, հյուրանոցներում ինձ հիասթափեցնում է, երբ քո հարազատ երկրում քեզ օգնելու փոխարեն փորձում են ավելի դրամ շորթել: Կա նման տեսակետ, որ եթե սփյուռքահայ է, ուրեմն պարտադիր պետք է ունևոր լինի: Ի վերջո, բոլորս էլ հայ ենք, չպետք է տարանջատել:

- Այժմ ինչքա՞ն է Դամասկոսում և Սիրիայում բնակվող հայերի թիվը, թե՞ տվյալներն օր օրի փոխվում են:

- Դամասկոսում հայերի թիվը 5 հազար է, իսկ Հալեպում՝ 6 հազար: Հայ համայնքը շատ լավ էր ապրում Սիրիայում, հանգիստ ու խաղաղ կյանքով: Հայոց ցեղասպանության տարիներին մազապուրծ եղած գաղթյալ հայերին արաբ հյուրընկալ ժողովուրդը սիրով ու ջերմությամբ ընդունեց: Հայերը հաստատվեցին Սիրիայում, հարազատ միջավայր ստեղծեցին, կերտեցին իրենց ապագան՝ չհուսալքվելով պատուհասած արհավիրքից: Սակայն չարաբաստիկ պատերազմի հետևանքով հայերի թիվը զգալիորեն նվազեց. 500-ը նահատակվեցին, իսկ շատերն էլ լքեցին կացարանները և ապաստանեցին տարբեր երկրներում: Այժմ կամաց- կամաց հայերը ներգաղթում են, տեր կանգնում իրենց ապրուստին:

- Հայաստանում հաստատվելու մասին երբևէ չե՞ք մտածել, ներգաղթյալ սիրիահայերից շատերն արդեն հասցրել են կայանալ իրենց երկրում, զբաղվածությունն ապահովել, նույնիսկ շատերը սեփական փոքրիկ բիզնեսն են սկսել:

- Իհարկե, կցանկանայի ընտանիքով տեղափոխվել: Ես Հայաստանի համար հոգի կտամ, բայց պետության ղեկավարները պետք է միջոցներ ստեղծեն, որ ներգաղթողները կամաց-կամաց հարմարվեն և իրենց ապահով զգան: Ես այստեղ միայն ֆիզիկապես եմ բնակվում, հոգով Հայաստանում եմ ու հուսով եմ, որ մի գեղեցիկ օր ստիպված չեմ լինի հյուրի կարգավիճակով հայրենիքս այցելել:

-Չե՞ք փորձել դիմել երկրի կառավարությանն աջակցության ակնկալիքով:

- Երբ Սիրիայի պատերազմը սկսվեց, մի քանի հայ ընտանիքներ դիմեցին Հայաստանի դեսպանատուն՝ խնդրելով իրենց հայրենիք տեղափոխել: Նույնիսկ այդ պարագայում օգնության ձեռք մեկնող չեղավ: Ես Հայաստանում պետք է կարողանամ գոյությունս ապահովել, աշխատանք գտնել:

Երբ 2012-ին եկա, վերջնականապես վճռեցի, որ Հայաստանում եմ ապրելու և սկսեցի աշխատանք փնտրել: Բամաթիվ գործատուների մոտ եղա, տարբեր հայտարարությունների հետքերով գնացի, բայց ոչինիչ չստացվեց: Պատճառաբանեցին, թե ռուսերեն չգիտեմ: Հուսալքվեցի, ընկճվեցի:

Հետո խորհուրդ տվեցին դիմել սփյուռքի նախարարություն: Այնտեղ դիմումի թերթիկ լրացրեցի, որից հետո աշխատակիցները հավատացրին, որ հարմար աշխատանք անպայման կգտնեն: Արդեն երկու տարի է, ինչ լուր չունեմ: Սպասելիքները չարդարացան:

- Սիրիայում ի՞նչ հայկական դպրոցներ կան:

- Այստեղ գործում է 3 հայկական դպրոց՝ Սահակյան դպրոցը, Թարգմանչաց ճեմարանը, Միացյալ վարժարանը, որոնցում դասավանդվում է մայրենի լեզուն: Շատ կարևոր է համայնքի համար, որ այս կրթական հաստատությունները կարողանան իրականացնել իրենց առջև դրված ամենամեծ առաքելությունը՝ հայապահպանության գործը:

Լ.Ն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: