Հայերեն   English   Русский  

Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը` ԱՄՆ կանանց չեմպիոն


  
դիտումներ: 344

Սենթ Լուիսում ավարտվեց ԱՄՆ կանանց առաջնությունը:

2017 թվականի ԱՄՆ չեմպիոնուհի հռչակվեց Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը, ով հանրահայտ շախմատիստուհի Կրիստինա-Ադել Ֆոյսորի դուստրն է (Կրիստինա-Ադել Ֆոյսորը մահացել է երկու ամիս առաջ` 49 տարեկան հասակում): Սաբինա-Ֆրանչեսկա Ֆոյսորը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և մեկ միավորով առաջ անցավ 2016 թվականի չեմպիոնուհի Նազի Պայկիձեից: 6.5 միավոր վաստակած Իրինա Կռուշը եզրափակեց լավագույն եռյակը: Տաթև Աբրահամյանը 5.5 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը:

Տղամարդկանց առաջնությունում վերջին տուրից առաջ 3 շախմատիստ` Վարուժան Հակոբյանը, Ուեսլի Սոն և Ալեքսանդր Օնիշչուկը վաստակել էին 6.5-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: 3 շախմատիստներն էլ վերջին տուրում խաղում էին սև խաղաքարերով: Ուեսլի Սոյի մրցակիցն էր Դանիել Նարոդիցկին, Ալեքսանդր Օնիշչուկը ուժերն էր չափում Գատա Կամսկու հետ, իսկ Վարուժան Հակոբյանի մրցակիցն էր Հիկարու Նակամուրան:
Ուեսլի Սոն գործեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ոճով. նա 14 քայլում արագ ոչ-ոքի խաղաց, անկասկած հասկանալով, որ մրցակիցները դժվար թե կարողանան սև խաղաքարերով հաղթանակի հասնել: Սոյի կանխատեսումներն արդարացան.
Կամսկի – Օնիշչուկ պարտիան ավարտվեց հաշտությամբ 30-րդ քայլին:
Անկասկած, Վարուժան Հակոբյանը գտնվում էր շատ բարդ իրավիճակում. հաղթել Նակամուրային սև խաղաքարերով շատ բարդ խնդիր է յուրաքանչյուր շախմատիստի համար, հասնել ոչ-ոքի արդյունքի նույնպես հեշտ չէ: Չնայած այս հանգամանքին` Հակոբյանը կարողացավ միջնախաղում գործել ավելի լավ քան իր մրցակիցը և ստացավ թեթև առավելություն, սակայն Հակոբյանը շատ ժամանակ էր ծախսել ճիշտ լուծումներ գտնելու համար և հայտնվեց ցայտնոտում: Պարտիայի 26-րդ քայլում նա սխալվեց, և Նակամուրան ստացավ առավելություն, որն էլ կարողացավ իրացնել. 56-րդ քայլում Հակոբյանն անձնատուր եղավ:
Այսպիսով, 11 տուրից հետո Ուեսլի Սոն և Ալեքսանդր Օնիշչուկը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: ԱՄՆ 2017 թվականի չեմպիոնի անունը հայտնի կդառնա այսօր կայանալիք թայ-բրեյքում:
Վարուժան Հակոբյանը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հիկարու Նակամուրան, Վարուժան Հակոբյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, իսկ Ֆաբիանո Կարուանան եզրափակեց լավագույն հնգյակը:
Համաձայն մրցաշարի կանոնադրության թայ-բրեյք խաղարկվում է միայն չեմպիոնին որոշելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: