Ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է. Ֆինանսների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովելու համար պետք է զարգացնել կապիտալի շուկան: «Եթե ունենք կապիտալի զարգացած շուկա, տնտեսվարողներ, որոնք հայտնվում են կապիտալի շուկայում, դա նշանակում է, որ նրանք ավելի թափանցիկ են, ավելի մրցունակ են և ավելի լավ են կարողանում կարգավորել իրենց կանխիկ հոսքերը և այլն»,-ասաց նախարարը,- բայց կա նաև երկրորդ կարևորագույն հանգամանքը, ըստ որի, եթե քեզ մոտ պարտքի շուկան, որը կապիտալի շուկայի մի սեգմենտն է, խորը և լիկվիդ չէ, կարող է խոչընդոտ դառնալ կապիտալի շուկայի մնացած հատվածների զարգացման համար»:
Առաջին քայլը, որը կատարել է Ֆինանսների նախարարությունը, հետևյալն է. առաջնային աճուրդները, որոնք ներկայում կատարվում են ՀՀ կենտրոնական բանկի հարթակում, տեղափոխվելու են բորսա: «Սա մեր հանրության ներգրավվածությունն է պարտքի շուկայում, մենք այսօր ունենք գանձապետական պահառուի ինստիտուտը, որը պատուհան է, որտեղ յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է ներդրում կատարել, կարող է այցելել և գնել պետական պարտատոմս: Մենք հիմա այս քայլով հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մարդը ֆիզիկապես չգնա, այլ համակարգչի միջոցով կարողանա մուտք գործել և գնել խնայողական պարտատոմսեր և այլ պետական պարտատոմսեր»:
Անդրադառնալով ներքին պարտքի աճի վերաբերյալ դիտարկմանը` Արամյանն ասաց, որ ներքին պարտքն ամեն դեպքում աճելու է, քանի որ մենք հիմա ունենք և առաջիկա տարիներին էլ ունենալու ենք դեֆիցիտային բյուջե: «Ներքին պարտքն է ավելի լավը, թե արտաքին, այլ հավասար պայմաններում ներքին պարտքն ավելի լավ է, որովհետև դա քո ռեզիդենտների ձեռքում է կենտրոնացված, և մուլտիպլիկատի էֆեկտը շատ ավելի լավ է, քանի որ գումարները քո տնտեսությունից դուրս չեն հորդում»:
Նախարարի խոսքով` 2017 թվականին բյուջեի դեֆիցիտը 150 միլիարդ է: