Հայերեն   English   Русский  

​«Մեր ձեռքը զարկերակից չենք հեռացնելու». Գոշ լճի փրկության համար պայքարող ակտիվիստ


  
դիտումներ: 3797

«Պլանավորում ենք պարբերաբար Գոշ լիճ գնալ: Կարծում եմ՝ սպասում են մինչև հասարակական աղմուկը դադարի, որ իրենց գործը շարունակեն: Ուստի մեր ձեռքը զարկերակից չենք հեռացնելու, անընդհատ լինելու ենք այնտեղ ու չենք թողնելու՝ ինչ-որ բան փոխվի»,- ասում է բնապահպան, «Էկոգյուղ» ՀԿ-ի նախագահ Եվա Հարությունյանը՝ մեկնաբանելով Գոշ լճի շուրջ ստեղծված վիճակը:

Նա վստահ է, որ լճի տարածքում ծանր տեխնիկայով աշխատանքներ իրականացրած ընկերության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները վկայում են, որ արվել է մի բան, որը չպիտի արվեր: «Հիմա ամեն մեկը փորձում է ինչ-որ մեկի վրա գցել պատասխանատվությունը, մինչև հասարակության ուշադրությունը շեղվի այդ խնդրից ու շարունակեն իրենց գործը»,- ասում է նա:

Հարությունյանն անցած հանգստյան օրերին է եղել Գոշ լճի տարածքում ու անձամբ տեսել, թե ինչ հետևանքներ է ունեցել «Վենդոռ» ընկերության գործունեությունը: Պատմում է, որ համանուն գյուղից դեպի լիճ տանող ճանապարհը գրեթե երկու անգամ լայնացված է: «Ճամփեզրի ծառերը լրիվ վնասված են, մի մասը կտրված, մի մասը՝ տրորված ու կողքի գցած: Այդպես մոտ կես կիլոմետր: Լճի մոտ էլ կտրված ծառեր կան»,- ասում է նա:

Հարությունյանը նշում է, որ լճից տիղմը դուրս է բերվել ու կուտակվել ափին: Տիղմի մեջ նկատելի են թարմ կտրված ծառեր: «Ընկերությունը հայտարարել էր, որ աղբահավաք է արել և տիղմն է դուրս բերել լճից, սակայն տարածքում տեսանք բազմաթիվ պլաստիկ շշեր, տարաներ և այլ իրեր, այսինքն՝ աղբահավաք այնտեղ չի արվել»,- ասում է նա:

Գոշ լիճ

Բնապահպանն ասում է, որ փոխվել է նաև լճի հայելին. «Տարածքը, որ գիտեինք որպես լիճ, այս պահին ամբողջությամբ փոխված է: Չգիտեմ, եթե կարողանան կողքի տիղմը մաքրել և հնարավորինս բնական տեսք տալ, կդառնա Գոշի նման ինչ-որ բա՞ն, թե լրիվ այլ բան»:

Հարությունյանը նշում է, որ լճի տարածքում իրականացված աշխատանքներից տուժել է նաև էկոհամակարգը. «Գոշի լճում միշտ լսվում էր գորտերի ձայնը, ձկնիկներ էին լողում, ափերին խեցգետիններ կային, այս անգամ ոչ մի կենդանի շունչ չէր զգացվում, ոչ մի ձայն չկար: Իհարկե, մասնագիտական հետազոտություն է պետք հստակության համար, բայց այն, ինչ տեսանք, անկենդան վիճակ էր»:

Գոշ լճի տարածքում իրականացվող աշխատանքների մասին լուրերը տարածվեցին օրեր առաջ: Հանրային աղմուկին ի պատասխան՝ բնապահպանության նախարարությունը պարզաբանմամբ հանդես եկավ, որով տեղեկացնում էր, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որոնք դադարեցվել են, կատարվում են ուսումնասիրություններ:

2015 թ. «Վենդոռ» ընկերությանը 60 տարի ժամանակով վարձակալության է տրվել հողամաս «Դիլիջան» ազգային պարկի Գոշ տեղամասում: Վարձակալությամբ տրամադրվել է 3.18 հեկտար տարածք, որից 1.4 հեկտարը լճի հայելային մակերեսն է: Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանը «Հետքին» տեղեկացրել է, որ ընկերությունը լճի տարածքում աշխատանքներ իրականացնելուց առաջ իրենց տեղյակ չի պահել այդ մասին: «Իրենք մեզ հայտնեցին, որ դա օրինական աշխատանք է, բայց մենք խնդրեցինք առայժմ կասեցնել, մինչև հասկանանք, թե ինչ է կատարվում»,- ասել էր Վասիլյանը։

Գոշ լիճ

«Վենդոռ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Մելքոնյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասել է, որ լիճը սելավաջրերից են մաքրում։ «Լճում հողի շերտի մակարդակը բարձրացել է։ Տեղ կա՝ ջուրը 20-25 սանտիմետր է մնացել, ու արդեն բուսականություն է աճում։ Ճահճացման պրոցես է սկսվել։ Հիմա էքսկավատորով լճի հատակը խորացնում ենք, որպեսզի ջուրը չհասցնի տաքանալ, էդ պրոցեսը կանգնի»,- ասել է նա՝ հավելելով, որ ծրագրել են լճի հարևանությամբ փայտից քոթեջներ կառուցել էկոտուրիզմ զարգացնելու նպատակով:

«Հեռու Գոշից» նախաձեռնության բողոքի ցույցերից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կիրականացվի՝ պարզելու, թե ինչու համապատասխան պահակային ծառայությունների աշխատակիցները ժամանակին չեն նկատել այդ գործողությունը: «Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»,- հայտարարել է Մինասյանը:

«Տավուշի մարզի Գոշ լճում որևէ շինություն չի կառուցվելու»,- վստահեցրել է նախարարը՝ հավելելով, որ ըստ պայմանագրի՝ ցանկացած տիպի նախաձեռնություն, ծրագիր պետք է անցնի էկոլոգիական փորձաքննություն:

«Դատելով տեսածից՝ կարելի է ենթադրել, որ Պարզ լճի նման մի բան են ուզում սարքել: Եթե ընդամենը 10-15 կմ հեռավորության վրա Պարզ լիճը կա, ինչո՞ւ այստեղ մի նոր, օրիգինալ բան չանել: Իրենք խոսում են էկոտուրիզմի մասին, բայց հենց առաջին երկու օրը մտել են ու խախտել էկոտուրիզմի բոլոր սկզբունքները»,- ասում է Հարությունյանը՝ անդրադառնալով «Վենդոռի» գործունեությանը: Նա վստահ է՝ տարածքում հիմնական շինություն, ասֆալտապատում ու ծառահատումներ չպետք է արվեն:

«Գոշ լճի ամենամեծ առավելությունն այն է, որ վայրի ու կուսական վայր է, մարդ այդտեղ հանգիստ կարող է առանձնանալ: Հետևաբար այդտեղ հիմնական շինություններ պետք չեն: Գուցե վրանների համար ինչ-որ տարածք մշակվի, կոյուղի, խմելու ջուր լինի, բայց ո՛չ ծառեր կտրեն, ո՛չ որևէ շինություն կառուցեն»,- ասում է նա:

Հարությունյանը կարևորում է նաև Գոշ համայնքի ներգրավվածությունը. «Էկոտուրիզմի ամենակարևոր սկզբունքներից է, որ հենց տեղական համայնքն օգուտ ստանա, իսկ այս դեպքում գյուղացիներն անգամ կարգին տեղեկություն չունեն, թե ինչ է այդտեղ նախատեսվում կառուցել»:

Լուսանկարները՝ Եվա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: