Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցանկանում էր խափանել հայկական կայքերի աշխատանքը. Ս. Մարտիրոսյան


  
դիտումներ: 942

«Հայկական ուղղաթիռը խոցելուց անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին դրա մասին, ինչը նշանակում է, որ քաղաքական վերնախավը տեղյակ էր այդ գործողությունից: Հայկական կողմի հաղորդումները ուշացան, ինչի պատճառով միջազգային ԶԼՄ-ն սկզբնական շրջանում ներկայացնում էր դեպքը հիմնականում հղում տալով ադրբեջանական կողմին, քանի որ երկրորդ կարծիք դեռևս չկար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում հասարակությունում շատ-շատերը չհասկացան, թե ուղղաթիռի հետ ինչ է եղել և ինչ է կատարվում խփելուց հետո նույնպես հասկանալի չէ. «Միայն լրատվամիջոցները չէին, որ տարածեցին ինֆորմացիան ուղղաթիռի անձնակազմի երեք զեհերի մասին. պաշտոտապես հաստատվեց դա, սակայն մինչև այժմ դա պարզ չէ»:

Փորձագետը հայկական լրատվամիջոցների աշխատանքը դրական է համարում, չնայած ադրբեջանցիները փորձում էին խափանել կայքերի աշխատանքը՝ խոչընդոտելով ինֆորմացիայի տարածումը. «Այս անգամ ևս ինչպես օգոստոսի լարվածության ժամանակ, հայկական լրատվամիջոցների մեծ մասը լավ աշխատեց, ստուգված ինֆորմացիա ներկայացրեց. հիստերիա չսկսվեց, սոցցանցերում ևս խուճապ չկար: Սակայն հասկանալի չէ, թե ինչու հայկական լրատվական կայքերը տարածեցին ուղղաթիռը խփած զինվորի պարգևատրման տեսանյութը. սա Սաֆարովի դեպքը չէր, երբ ադրբեջանցին սպանել էր քնած մարդուն: Նման գործողություն կատարած զինվորին պարգևատրելը բնական էր: Ինչ են ուզում ասել լրատվամիջոցները տարածելով այդ նյութերը, հասկանալի չէ», - ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ երկու կողմն էլ շատ դեպքերում չեն գիտակցում, որ միջազգային հանրության շրջանակներում կարծիք ձևավորելու համար պետք է ռուսերեն կամ անգլերեն գրել: Իսկ շատ դեպքերում ռուսերեն տեքստերում էլ խնդիր կա, քանի որ ուրիշի աչքերով կարդալու դեպքում մարդ կարող է չհասկանալ այն, եթե ադրբեջանցի կամ հայ չէ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: